Արցախում կհիմնվի անտառային ծառատեսակների տնկարանային տնտեսություն և «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի

https://eco.am/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%be%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1/

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։
Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ
Հանդիպմանը մասնակցում էին նախարարի խորհրդական Հ. Մարտիրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա. Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ. Ցուգունյանը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Սաֆարյանը, «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ներսեսյանը, անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ Վ. Ահարոնյանը և «Ջրամատակարարում» ՓԲԸ-ի տնօրեն Գ.  Հայրապետյանը։
Հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանի և Արցախի գործընկերների հետ քննարկվել են միջգերատեսչական համագործակցության շրջանակի ընդլայնման ու խորացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։
Անդրադարձ է կատարվել  հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիներին, կենսագործունեության լիարժեք վերականգնմանը և շրջակա միջավայրի կառավարման համակարգի անխափան աշխատանքին վերաբերող հարցերի:
Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործուն աջակցությամբ Արցախում կհիմնվի 1 հա տնկարանային տնտեսություն, ինչպես նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի՝ շուրջ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար։
Քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության տեխնիկական հզորությունների օգտագործման միջոցով Արցախի Հանրապետության անտառների մոնիթորինգի հնարավոր կազմակերպումը։
Կողմերն անդրադարձել են  նաև ջրային ոլորտի և ջրային ռեսուրսների կենսական կարևորության խնդրին։
Առկա խնդիրների կարգավորման նպատակով մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով