«Օրգանական Հայաստան» Գյուղատնտեսական ասոցիացիա ՀԿ-ն իր ֆեյսբուքյան հարթակում մեկնարկել է «Ասենք Ո՛Չ կեղծ Օրգանական արտադրանքին» ակցիան:Սույն գրառման մեջ ասվում է հետևյալը.
«Օրգանական Հայաստան Ասոցիացիան սկսում է իրազեկումը եւ պայքարը կեղծիքների դեմ` #կեղծօրգանական, #կեղծբիո, #կեղծէկո հեշտեգերով
Վստահ ենք, որ շատ եք հանդիպել «ՕՐԳԱՆԱԿԱՆ», «ԷԿՈ», «ԲԻՈ», «ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ», «ՕՐԳԱՆԻԿ» և այլ նման բառերով մակնշված արտադրանք։ Ավաղ, շատ հաճախ նմանատիպ մակնշումը չի համապատասխանում իրականությանը և ԿԵՂԾ է։
Ինչպե՞ս պայքարել
Եթե տեսնեք կեղծ մակնշում, ապա մեկնաբանություններում գրեք, թե որ բրենդն է ու ինչ արտադրանքով է հանդես գալիս շուկայում ու խաբում սպառողներին։ Հնարավորության դեպքում խնդրում ենք նկարեք եւ նկարը տեղադրեք մեկնաբանության մեջ կամ tag արեք @OrganicArmenia էջը։
Այսուհետ ամեն անգամ, երբ գտնենք նոր կեղծիք՝ անմիջապես տեղադրելու եւ տարածելու ենք, որպեսզի պաշտպանենք սպառոներին կեղծ օրգանական մակնշում կիրառող անբարեխիղճ տնտեսվարողներից։
Հիշեք, որ համաձայն ՀՀ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ՝ ԷԿՈ, ԲԻՈ, ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ, ՕՐԳԱՆԻԿ և այլ համանման բառերը հոմանիշներ են մեզ քաջ հայտնի «ՕՐԳԱՆԱԿԱՆ» բառին։ Դրանց կիրառումը հաստատված է, թե միջազգային և թե Հայաստանի Հանրապետության օրենքներով, և վերաբերվում է գյուղատնտեսական և սննդի օրգանական մեթոդով արտադրությանը։
ՀՀ -ում պաշտոնական տերմինը «ՕՐԳԱՆԱԿԱՆ»-ն է։
Ինչպե՞ս տարբերել կեղծիքը իրականից՝
1․ Օրգանական արտադրանքը պարտադիր պետք է լինի ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ համապատասխան մարմնի կողմից։ Սպառողը իրավասու է պահանջել սերտիֆիկատի առկայությունը յուրաքանչյուր վաճառքի կետում։ Դրա բացակայությունը արդեն իսկ առիթ է ահազանգելու։
2.Կախված, թե որ շուկայի համար է սերտիֆիկացված արտադրանքը, այն պետք է կրի Օրգանական նշան: Եթե հայկական արտադրության օրգանական արտադրանք եք ման գալիս, ապա ճանաչեք մեր Ազգային Նշանը (նշանները տես նկարներում)։
3.Օրգանական արտադրանքը պարտադիր պետք է ունենա հղում սերտիֆիկացնող մարմնի վրա։ Դա կարող է լինել սերտիֆիկացնող մարմնի անվանումը և կոնտակտային տվյալները կամ սերտիֆիկացնող մարմնի կոդը (Տես նկարներում)։ Սպառողը միշտ իրավասու է սերտիֆիկացնող մարմնից տեղեկատվություն պահանջել իր կողմից սերտիֆիկացված արտադրանքի վերաբերյալ։ Բոլոր օրգանական սերտիֆիկացնող մարմինները տեղադրում են այդ տեղեկատվությունը հանրային՝ իրենց կայք էջերում։
Հարգելի սպառողներ, տարբերակեք իրական սերտիֆիկացված արտադրանքը կեղծիքից։
ՕՐԳԱՆԱԿԱՆ նշանակում է արտադրանք, որը համապատսխանում է մի շարք արտադրական նորմատիվերի, որոնցից են՝
սինթետիկ պարարտանյութերի բացառությունը և դրանց փոխարինում բնական պարարտանյութերով
կայուն պեստիցիդների բացառությունը
սինթետիկ կոնսերվատների բացառումը
արտադրանքի հետագծելիությունը ընհուպ մինչև արտադրական հողակտոր և այլ։
Բոլոր կիրառած նյութերը և արտադրական մեթոդները չպետք է վնասեն շրջակա միջավայրին և մարդու առողջությանը։
Եկեք պայքարենք միասին եւ ապրենք ազնիվ եւ առողջ։»
Թողնել մեկնաբանություն