Ապրիլի 1-ին նշվում է Թռչունների միջազգային օրը, որը զուգադիպում է ձմեռումից նրանց վերադարձի հետ: 1902 թվականի մարտի 19-ին ընդունվել է «գյուղատնտեսության մեջ օգտակար թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան», որն ստորագրել են տասից ավելի պետություններ: Այն ուժի մեջ մտել 1905 թվականի դեկտեմբերի 12-ին: 1950 թվականոի հեկտեմբերի 18-ին Փարիզում ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան», որը փոխարինել է նախորդ փաստաթղթին:
Իսկ բուն թռչունների օրը կապում են 1894 թվականին ամերիկյան Օյլ-Սիթի փոքր քաղաքի ուսուցիչ Չարլզ Բեբկոկի կողմից կազմակերպված մանկական տոնի հետ: Շուտով Թռչունների օրը՝ որպես ժողովրդական տոն, սկսել են լայնորեն նշել երկրի բոլոր նահանգներում:
Թեպետ, կոնվենցիան ստորագրվել է թռչուններին պահպանելու համար, բայց մինչ օրս, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, թռչունների բազմաթիվ տեսակներ կանգնած են անհետացման եզրին։ Թռչնաբանները նախազգուշացնում են՝ թռչունների անհետացումը կբերի էկոլոգիական աղետի, իսկ դրա հետևանքները կարող են անկանխատեսելի լինել մարդու համար: Նրանց կարծիքով՝ թռչունների ոչնչացումը անդառնալի վնաս կհասցնի կենսաբանական բազմազանությանը:
Իսկ թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ թե որսորդները, այլ մարդկային գործունեության բավականին «խաղաղ» տեսակները`
1․ երկնաքերերը,
2․ հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար
3․ նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների:
4․ աշխարհում շատ թռչուններ սատկում են մաստակից։ Թռչյունը մաստակը համարում է կեր, կտցահարելիս այն փաթաթվում է կտուցի վրա, հետևաբար չի կարողանում բացել կտուցն ու սատկում է։
Բնակչության թվի ավելացումը և բնական պաշարների հանդեպ պահանջների աճը հանգեցրել են բազմաթիվ բնադրավայրերի ավերման: Ճահիճների չորացումը և գյուղատնտեսական հողատարածքների ընդլայնումը, շինանյութեր ստանալու, կառուցապատման, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների հիմնման նպատակով ծառահատումները, անապատային աղքատիկ հողերով արոտավայրերում ընտանի կենդանիների գերարածեցումը, ինչպես նաև մարդկանց գործունեության ու շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով առաջացած գլոբալ տաքացումը խիստ բացասական ազդեցություն են թողել թռչնաշխարհի վրա:
Թռչունների որոշ տեսակներ նվազել են, գրանցվել են Կարմիր գրքերում և պաշտպանության կարիք ունեն: Սակայն, մեծ և բազմազան է թռչունների նշանակությունը՝ մարդու կյանքում և բնության մեջ: Նրանք մասնակցում են բույսերի փոշոտմանը, ոչնչացնում գյուղատնտեսական վնասատուներին: Որոշ թռչուններ, ընդհակառակը, վնասում են այգիներն ու ցանքերը, տարածում վարակիչ հիվանդություններ:






Թողնել մեկնաբանություն