Այսօրվանից երեկոյան ժամերին քամիները զգալիորեն կթուլանան․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

https://eco.am/%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%a5%d6%80%d5%a5%d5%af%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d6%84%d5%a1%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80/

Տարվա այս ժամանակահատվածում հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին բավականին ակտիվ են լեռնահովտային քամիները, որոնց շնորհիվ երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է` մեղմելով ցերեկային ժամերին առաջացած սաստիկ շոգը։

Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, վերջին 5 օրերին, հատկապես Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, այդ թվում նաև Երևանում այս քամիները բավականին ինտենսիվ են, մինչև` 20մ/վ  արագությամբ։

Քամու մեծ արագությունը պայմանավորված է նրանով, որ հանրապետության տարածք ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը հիմնականում  տարածվում է հովտային և նախալեռնային գոտիների վրա, իսկ լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանի էական բարձրացում դեռևս չի նկատվում։  Այս երևույթի արդյունքում Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը 10-15 աստիճանով ցերեկը լինում է ավելի բարձր քան Սևան-Հրազդան հատվածում։ Ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման մեծ տարբերության պատճառով` օդային զանգվածը երեկոյան ժամերին Սևան-Հրազդան հատվածից տեղափոխվում է դեպի Արարատյան դաշտ` առաջացնելով ուժգին քամիներ։

Հուլիսի 15-ից սկսած արևադարձային տաք օդի ալիքի ազդեցությունը աստիճանաբար տարածվելու է նաև լեռնային գոտիների վրա` ինչի արդյունքում լեռնահովտային քամիները երեկոյան ժամերին զգալիորեն թուլանալու են։

Լեռնահովտային շրջանառության թուլացման պատճառով հուլիսի 16-20-ի երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը կլինի մոտ 7-9 աստիճանով ավելի բարձր, քան վերջին օրերին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել