Ամռան տապի բացասական հետևանքները․ինչպե՞ս դիմանալ շոգին․ բժշկի խորհուրդներ

https://eco.am/%d5%a1%d5%b4%d5%bc%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a1%d5%ba%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%e2%80%a4%d5%ab%d5%b6/

Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել է, որ օգոստոսի 10-ից Հայաստանը գտնվում է նորմայից բարձր հզոր ջերմային ալիքի տակ։ Իսկ օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը ամռան տապի  բացասական  գործոններն են:

«Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց  բարձրանում է  մարդու օրգանիզմի ջերմակարգավորման համակարգի ծանրաբեռնվածությունը,  հաստատուն ջերմաստիճան ապահովելու համար ինտենսիվ  են աշխատում  հատկապես սիրտ-անոթային և շնչառական համակարգերը, որի հետևանքով ի հայտ են գալիս  ախտաբանական ախտանշաններ և մարդու կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներ»,- ասում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի թերապևտ Աշխեն Գյոզալյանը և թվարկում կյանքին վտանգ սպառնացող իրավիճակները․

1․ Արևայրուք։

2․ Ջերմային հյուծում, որը շոկի տեսակ է, զարգանում է առատ քրտնարտադրության հետևանքով մարմնի ջրազկումից, որը բերում է շրջանառող արյան ծավալի նվազմանը։

3Արևահարություն, զարգանում է արևի ճառագայթների անմիջական և երկարատև ազդեցության հետևանքով: Ախտանշաններն են՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, դեմքի կարմրություն, մաշկը չորություն, գլխացավ, գլխապտույտ, ականջներում աղմուկ, սրտխառնոց, փսխում, քթային արյունահոսություն, գիտակցության խանգարում և կորուստ:

Բժիշկը շեշտում է, որ պետք է առավել ուշադիր լինեն՝

1․ սիրտ-անոթային, երիկամային, շնչառական համակարգի խրոնիկական հիվանդություններ ունեցողները,

2․ հղիները,

3․ մեծահասակները,

4․ մանկահասակ երեխաները:

Ներկայացնում ենք բժշկի խորհուրդները

1․Օրական խմել 2-3 լիտր հեղուկ՝ ջուր, թան, թեյ, առանց շաքարի բնական հյութեր, զերծ մնալ կոֆեին պարունակող հեղուկներից, ինչպես նաև գարեջրից:

2․ Խուսափել սուր համեմված սննդից, յուղոտ, կծու կերակուրներից, նախապատվությունը տալ թեթեւ, դյուրամաս սննդին, օգտագործել մրգեր եւ բանջարեղեն:

3․ Խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից՝ ժամը 12.00-17.00 ժամանակահատվածում:

4․ Ցանկալի է կրել գլխարկ, արեւային ակնոց, ունենալ հովհար, հագնել բաց երանգի ազատ հագուստ:

5․ Պետք է խուսափել այդ ժամանակահատվածում բացօթյա տարածքներում ֆիզիկական ծանր աշխատանքներից:

6․ Պետք է հաճախակի օդափոխել սենյակները, խուսափել միջանցիկ քամիներից, չչարաշահել օդափոխիչի սառը օդը, որի ուժեղ հոսքը չպետք է ուղղված լինի մարդու վրա:

«Հետեւելով այս խորհուրդներին՝ կարելի է դիմանալ շոգ եղանակին և բժշկի դիմելու անհրաժեշտություն չի առաջանա»,-ամփոփում է Աշխեն Գյոզալյանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել