Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել է, որ օգոստոսի 10-ից Հայաստանը գտնվում է նորմայից բարձր հզոր ջերմային ալիքի տակ։ Իսկ օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը ամռան տապի բացասական գործոններն են:
«Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է մարդու օրգանիզմի ջերմակարգավորման համակարգի ծանրաբեռնվածությունը, հաստատուն ջերմաստիճան ապահովելու համար ինտենսիվ են աշխատում հատկապես սիրտ-անոթային և շնչառական համակարգերը, որի հետևանքով ի հայտ են գալիս ախտաբանական ախտանշաններ և մարդու կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներ»,- ասում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի թերապևտ Աշխեն Գյոզալյանը և թվարկում կյանքին վտանգ սպառնացող իրավիճակները․
1․ Արևայրուք։
2․ Ջերմային հյուծում, որը շոկի տեսակ է, զարգանում է առատ քրտնարտադրության հետևանքով մարմնի ջրազկումից, որը բերում է շրջանառող արյան ծավալի նվազմանը։
3․Արևահարություն, զարգանում է արևի ճառագայթների անմիջական և երկարատև ազդեցության հետևանքով: Ախտանշաններն են՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, դեմքի կարմրություն, մաշկը չորություն, գլխացավ, գլխապտույտ, ականջներում աղմուկ, սրտխառնոց, փսխում, քթային արյունահոսություն, գիտակցության խանգարում և կորուստ:
Բժիշկը շեշտում է, որ պետք է առավել ուշադիր լինեն՝
1․ սիրտ-անոթային, երիկամային, շնչառական համակարգի խրոնիկական հիվանդություններ ունեցողները,
2․ հղիները,
3․ մեծահասակները,
4․ մանկահասակ երեխաները:
Ներկայացնում ենք բժշկի խորհուրդները․
1․Օրական խմել 2-3 լիտր հեղուկ՝ ջուր, թան, թեյ, առանց շաքարի բնական հյութեր, զերծ մնալ կոֆեին պարունակող հեղուկներից, ինչպես նաև գարեջրից:
2․ Խուսափել սուր համեմված սննդից, յուղոտ, կծու կերակուրներից, նախապատվությունը տալ թեթեւ, դյուրամաս սննդին, օգտագործել մրգեր եւ բանջարեղեն:
3․ Խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից՝ ժամը 12.00-17.00 ժամանակահատվածում:
4․ Ցանկալի է կրել գլխարկ, արեւային ակնոց, ունենալ հովհար, հագնել բաց երանգի ազատ հագուստ:
5․ Պետք է խուսափել այդ ժամանակահատվածում բացօթյա տարածքներում ֆիզիկական ծանր աշխատանքներից:
6․ Պետք է հաճախակի օդափոխել սենյակները, խուսափել միջանցիկ քամիներից, չչարաշահել օդափոխիչի սառը օդը, որի ուժեղ հոսքը չպետք է ուղղված լինի մարդու վրա:
«Հետեւելով այս խորհուրդներին՝ կարելի է դիմանալ շոգ եղանակին և բժշկի դիմելու անհրաժեշտություն չի առաջանա»,-ամփոփում է Աշխեն Գյոզալյանը:





Թողնել մեկնաբանություն