Չնայած այն հանգամանքին, որ հավկիթն ունի մի շարք առողջարար հատկություններ, բայց հաճախ ենք լսում այն արտահայտությունը, թե ամեն օր չի կարելի ձու ուտել։
Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի դիտարկմամբ, ձուն սպիտակուցային սնունդ է, այն մի շարք վիտամիններ և հանքանյութեր է պարունակում և այս իդեալական պատկերը փչացնում է խոլեստերինի բարձր պարունակությունը՝ մոտ 570 մգ/100 գ(2 ձու)։
«Հենց այս փաստն է, որ մարդկանց մոտ հարցեր է առաջացնում։ Նախկինում նույնիսկ խորհուրդ էր տրվում «բարձր խոլեստերին» ունեցող բոլոր հիվանդներին սահմանափակել ձու պարունակող մթերքները և տրամադրում էին մի ամբողջ ցանկ: Առաջարկվում էր սահմանափակել խոլեստերինի ընդունումը մինչև 300 մգ/օրական:
Բայց տարիներ անցան, 2015 թվականին, այս բոլոր ցուցումները անհետացան, քանի որ հետազոտությունները կապ չեն գտել ձվի օգտագործման և սրտի կորոնար հիվանդության կամ ինսուլտի ռիսկի միջև։ Սննդային խոլեստերինը զգալիորեն ավելի քիչ է նպաստում սիրտ֊անոթային հիվանդությունների զարգացմանը, քան հագեցած և տրանս ճարպերը»,– պարզաբանում է բժիշկ-դիետոլոգը:
Ըստ նրա, բալանսավորված սննդակարգի հիմնական սկզբունքը բազմազանությունն է։ Եթե սննդակարգում օրինակ գերակշռում է ձուն, ապա մյուս սպիտակուցներով հարուստ մթերքները դուրս են մնում:
Սպիտակուցային սնունդ է համարվում՝
1․ միս
2․ թռչնամիս
3․ձուկ և ծովամթերք
4․ լոբազգիներ
5․ընկուզեղեն և սերմեր
Նրանցից յուրաքանչյուրն ունի իր արժեքը և պետք է ընդգրկվի սննդակարգում։ «Յուրաքանչյուր ոք, ով ձու է ուտում նախաճաշին, ճաշին և ընթրիքին, հեշտությամբ կարող է մնալ առանց հավի և ձկան»,- վստահեցնում է բժիշկ-սնդաբանը և հավելում․ «Հետևաբար, խնդիրը այն չէ, թե քանի ձու եք ուտում, այլ այն, թե որ մթերքներն են դուրս մնում սննդակարգից»։






Թողնել մեկնաբանություն