ԱԺ-ում քննարկել է «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը

https://eco.am/%d5%a1%d5%aa-%d5%b8%d6%82%d5%b4-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%b4%d5%a1/

Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, երկրորդ ընթերցմամբ, քննարկել է «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:

Օրենքների նախագծերով առաջարկվում է գործող իրավական ակտերի մասով «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքներում ամրագրել լիազորող նորմեր:  Ներկայումս ոլորտը կարգավորող Կառավարության մի շարք որոշումներ գործում են, սակայն չունեն լիազորող նորմեր, իսկ որոշներն էլ պատրաստվում են մշակվել, սակայն լիազորող նորմերը բացակայում են:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը, պարզաբանել է, որ թերակատարված կետերից մեկ այսօր հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկված ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն էր: Ասել է նախարարն ու ներկայացրել կատարված և չկատարված աշխատանքները:

2022 թվականին ընդունվել է Ջրային օրենսգրքի եւ հարակից օրենքների փաթեթը, 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգի պարտադիր պահանջ: Համակարգի արդյունավետ ներդրման նպատակով ձկնաբույծների հետ տարվում են աշխատանքներ` համատեղ ձեւավորված աշխատանքային խմբի շրջանակում: Սահմանվել է բնօգտագործման վճարի դրույքաչափ` հիդրոէներգետիկ նպատակով մակերեւութային ջրերի օգտագործման յուրաքանչյուր խորանարդ  մետրի համար 0,1 դրամ, որը պետական բյուջե շուրջ 620 մլն դրամ տարեկան լրացուցիչ մուտք կապահովի: Վերանայվել են ջրօգտագործման թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքերի դրույքաչափերը, ինչը պետական բյուջե շուրջ 13,6 մլն  դրամ տարեկան լրացուցիչ մուտք կապահովի: 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է նաեւ ՀԷԿ-երի համար տվյալների առցանց փոխանցմամբ էկոլոգիական թողքի հաշվառման պարտադիր պահանջ եւ այլն:

Սեւանա լճի աղտոտվածության վերաբերյալ նախարարը հայտնել է, որ 2022 թվականին մաքրվել է լճի 46,60 հեկտար ափամերձ տարածք, այս տարի նախատեսվում է մաքրել 300 հեկտար:

2022 թվականին ոռոգման նպատակով Սեւանա լճից բաց է թողնվել 165 մլն խորանարդ մետր` օրենքով սահմանված տարեկան 170 մլն խմ ջրաքանակից քիչ: 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 227,6 մլն խմ: Աշխատանքներ են տարվում` բարձրացնելու լճի ջրի մակարդակը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով