ՀՀ Ազգային ժողովում կայացավ Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված համապատասխան ոլորտների ֆինանսական հատկացումների ու բյուջետային ծրագրերի քննարկումները:
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացման ենթակա ծրագրերի մասով նախատեսված ծախսերի ուղղությունները խորհրդարանում ներկայացրեց նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:
Այսպիսով՝ ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով՝ կազմում է 8 մլդ 840 մլն դրամ, ինչը համապատասխանում է 2021-23 թթ.-երի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատված չափաքանակին: Առանց դրամաշնորհային ծրագրերի՝ 2021 թվականին պետական բյուջեի նախագծով՝ հատկացումները կկազմեն 6 մլդ 776 մլն դրամ: Գերմանիայի զարգացման վարկերի բանկի դրամաշնորհային ծրագրի մասով՝ 2 մլդ 64 մլն դրամ:
Ինչ ծրագրեր եւ միջոցառումներ է նախատեսում ՇՄՆ-ն գալիք տարի.
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ղափլանյանի փոխանցմամբ՝ 2021թ-ին կիրականացվի 6 ծրագիր, որը ներառում է 25 միջոցառում:
Վերոնշյալ միջոցառումներից 3-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի, պետական հիմնարկների աշխատակազմերի պահպանման եւ շրջակա միջավայրի նախարարության տեխնիկական կարողությունների ընդլայնմանն ուղղված միջոցառումներն են, որի համար նախատեսված հատկացումները կազմում են՝ 1 մլդ 685 մլն դրամ:
10-ը միջոցառում ուղղված է շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների պահպանմանը, որի համար հատկացումը կազմում է 3 մլդ 574 մլն դրամ, որից բնության հատուկ պահպանվող տարածքների համար կտրամադրվի 1 մլդ 130 մլն դրամ:
Մեկ միջացառում ուղղված է «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի պահպանմանը՝ նախատեսված գումարը 302 մլն դրամ է: Միջոցառման մասով շրջակա միջավայրի նախարարությունը բյուջետային գլխավոր կարգադրիչն է:
Անտառների կառավարում ծրագրով իրականացվող 6 միջոցառման համար հատկացվել է 2 մլդ 177 մլն դրամ, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը:
Սեւանա լճի շրջածածկ անտառտնկարկների մաքրման եւ կենսապաշարների հաշվառման ծառայություններին ուղղված 2 միջոցառում է իրականացվելու՝ 215 մլն դրամով, եւ եւս մեկ միջոցառում, որը միջազգային պարտավորությանն ուղղված ծրագիր է՝ 7 մլն դրամ արժողությամբ:
Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրով՝ 3 միջոցառում է նախատեսվում, որի համար կհատկացվի, ինչպես արդեն նշել ենք, 2 մլդ 64 մլն դրամ, եւ եւս մեկ միջոցառում նախատեսված է բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով համայնքներին տրամադրվող սուբվենցիոն գումարների համար: Իրինա Ղափլանյանն ընդգծեց, որ նախատեսված հատկացումը կազմում էր 150 մլն դրամ, մինչդեռ շրջակա միջավայրի նախարարության հայտով սույն ծրագրով նախատեսված գումարը կազմում է 524 մլն դրամ: Փոխնախարարը պարզաբանեց, որ 374 մլն դրամով ավելացումը բխում է ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին օրենքի պահանջներից:






Թողնել մեկնաբանություն