Հրդեհի հետևանքով օդի աղտոտման դեպքի հետ կապված հանրությունը չստացավ մի շարք հարցերի պատասխան․«Հայկական բնապահպանական ճակատ»

https://eco.am/%d5%b0%d6%80%d5%a4%d5%a5%d5%b0%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1%d5%b6%d6%84%d5%b8%d5%be-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%ab-%d5%b0/

9 օր շարունակ այրվում էր Նուբարաշենի աղբավյարը, որն ըստ մասնագետների ահազանգերի, օդ արտանետեց վնասկար ու թունավոր նյութեր։ Այդ թունավոր օրերի ընթացքում մարդկանց բողոքն ակնհայտ էր, բազմաթիվ տեսանյութերում, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հայտարարություններում բարձրաձայնվում էր աղբավայրի միտումնավոր ու հաճախակի այրման, բարձիթողի վիճակի, Երևանի օդի խիստ վատթար որակի լինելու մասին՝ անկախ աղբավայրի հրդեհից։

Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է «Հայկական բնապահպանական ճակատ» կազմակերպությանը հայտարարությունը, որում մասնավորապես կետերով առանձնացվում են օդի աղտոտվածության հետ կապված այն հարցերը, որի պատասխանները երևանաբնակների համար այդպես էլ օդում մնացին։

«9 օրերի ընթացքում ականատեսը եղանք պետական մարմինների կողմից բնակչության պաշտպանության գործառույթի ամոթալի ձախողմանը։ Փրկարար ծառայությունը, ի տգիտություն իրենց կամ ի աչքկապոցի մեզ, հաղորդեց, որ մթնոլորտի աղտոտման հետազոտությունները ցույց են տալիս «որ թթվածնի պարունակությունը նորմայի սահմաններում է», մինչդեռ պարտավոր էին հաղորդել ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ պարունակության մասին, թթվածինը աղտոտիչ չէ։

Բնապահպանությամբ զբաղվող նախարարությունը բավարարվել է կցկտուր հաղորդագրությամբ թունավոր նյութերի ՀՆԱՐԱՎՈՐ առկայության մասին՝ առանց մանրամասնելու իրական առկայությունը և ծավալները։

Աննախադեպ ծավալներով աղտոտման այս դեպքի հետ կապված հանրությունը չստացավ հետևյալ հարցերի պատասխանը․

1․ ի՞նչ հանգամանքներում է առաջացել հրդեհը, արդյո՞ք հարուցվել է քրեական գործ և ինչ նախաքննական տվյալներ են արդեն իսկ առկա (հիշեցնենք, աղբավայրի վերին շերտերի միտումնավոր այրումը կոմունալ ծառայությունների աշխատողների կողմից ընդունված պրակտիկա է)

2․ ի՞նչ քանակությամբ տոքսիկ նյութեր են արտազատվել մթնոլորտ և ինչ հետևություններ պետք է անի Երևանի քաղաքապետարանը և այլ մարմիններ աղբավայրի վտանգավորությունը վերանայելու և Երևանի բնակչությանը պաշտպանելու համար

3․ կա՞ աղբավայրի կառավարման պլան, ի՞նչ թերացումներ են տեղի ունեցել դրա հետ կապված

4․ի՞նչպես են պետական մարմինները գնահատում սեփական անպատասխանատվությունը և անգործությունը բնակչությանը իրազեկելու և պաշտպանելու հարցում։ Վերջիվերջո, սա առողջապահական արտակարգ դրություն էր նաև, կարող էր հայտարարվել կարանտին, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն աշխատանքի և այլ նպատակներով տնից դուրս գալ կամ առնվազն հնարավորություն ունենային բացօթյա տարածքներում չգտնվելու։

Բնակչությունը պետք է իր սեփական գնահատականը տա գործող քաղաքային իշխանություններին առաջիկա ընտրություններում։

Իսկ փրկարար ծառայություն իրականացնող հրշեջներին և մյուս ծառայողներին հայտնում ենք շնորհակալություն բազմաթիվ ճեղքերով ու անպատասխանատու ղեկավարներով լեցուն պետական ապարատում հանրօգուտ իրենց աշխատանքը կատարելու և մարդկանց ծառայելու համար»,- ասված է «Հայկական բնապահպանական ճակատ»-ի հայտարարության մեջ։

Ի դեպ, Երևանի ողջ տարածքից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում օրական շուրջ 1300-1800 տոննա կենցաղային աղբ: Տարեկան միջինը՝ 600 հազ. տոննա:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով