ՀՀ Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկը» վաճառվում է մայրաքաղաքի փողոցներում

https://eco.am/%d5%b0%d5%b0-%d5%af%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d6%80-%d5%a3%d6%80%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6%d6%81%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a4%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b6-%d5%b1%d5%b6%d5%ae%d5%a1/

Մայրաքաղաքի փողոցներում կրկին վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝  Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու հիշեցնում, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։

Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։

Շտերնբերգիա Ֆիշերի բույսը

CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում:

Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խոտածածկ, անտառային լանջերին, շիբլյակում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերևների հետ միասին:

Բազմամյա սոխուկավոր բույս 10-15 սմ բարձր.: Սոխուկները կլոր 2,5-3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները գոտիանման, տափակ, փայլուն, մուգ-կանաչ, բութ գագաթով, հիմքում` հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկ.: Ծաղիկները վառ-դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկ. կոթունով: Տուփիկը 10-15 մմ տրամագծով, երկարավուն-էլիպսաձև: Սերմը սերմնաթիկնոցով:

 

Ինչ կարգավիճակ ունի

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով