Կարմրագլուխ սուզաբադ․ «Տարվա թռչուն 2023» արշավի ամենահմուտ սուզորդ թեկնածուն

https://eco.am/%d5%af%d5%a1%d6%80%d5%b4%d6%80%d5%a1%d5%a3%d5%ac%d5%b8%d6%82%d5%ad-%d5%bd%d5%b8%d6%82%d5%a6%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a4%e2%80%a4-%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a9%d5%bc%d5%b9%d5%b8%d6%82%d5%b6-2/

Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել էր, որ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մինչև դեկտեմբերի 10-ը անցկացնում է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի կդառնա 2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչունը:

Այսօր մեր ընթերցողին կներկայացնենք «Տարվա թռչուն» 2023 արշավի 6 թեկնածուներից Կարմրագլուխ սուզաբադին (Aythya ferina):

Այն բադերի ընտանիքին պատկանող միջին չափսի թռչուն է: Բնադրում է Եվրոպայում, Ասիայում, ինչպես նաև Աֆրիկայի հյուսիսային հատվածներում, ձմեռում է՝ արևմտյան Եվրոպայում, Ճապոնիայում, Աֆրիկայում և Ասիայի տրոպիկական գոտիներում:

Մարմնի երկարությունը՝ 42-49 սմ է, թևերի բացվածքը՝ 72-82 սմ, կենդանի զանգվածը՝ 700-1300 գ։ Կտուցի միջին մասը բաց մոխրագույն շերտով է։ Արուի վիզը, գլուխը դարչնավուն-կարմիր են, մեջքը՝ բաց մոխրագույն, կուրծքը և ներքնապոչը՝ սև։ Էգը մոխրագույն-դարչնագույն է, կտուցի հիմքի բիծը և լայն ակնօղակը՝ բաց գույնի։ Հմուտ սուզորդ է, մինչև 30 վ կարող է կեր փնտրել ջրի խոր շերտերում։

Նստակյաց է, քիչ տարածված։ Աշնանը և գարնանը հաճախ հանդիպում է մեծ երամներով (15-ից մինչև 2-3 հզ. թռչուն)։ Բնակվում է լճերում, գետերում, մեծ ճահճուտներում։

Սնվում է ջրային բույսերով, միջատներով, խխունջներով, մանր ձկներով, երկկենցաղներով։ Հարսանեկան խաղերը՝ մարտի վերջից ապրիլին, մի քանի արուներ պտույտ են գալիս ջրի մեջ ամբողջությամբ սուզված էգի շուրջը։ Բույնը պատրաստում է էգը՝ հին եղեգի կույտի վրա, կարող են լինել նաև ջրի մակերեսին կիսալողացող բներ։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից հունիսի սկիզբը։ Դնում է 62 մմ տրամագծով, կանաչավուն-մոխրագույն 8-10 ձու։ Թխսակալում է էգը՝ 24-26 օր։ Ձագերը հայտնվում են հունիսին, 2-3-րդ օրը կարող են հաջողությամբ սուզվել, նաև ջրի մակերեսին բույսերի վրայից միջատներ կտցել։ Մարզային և սիրողական թռչուն է։ Լայն ճանաչում ունի ոչ միայն որսորդների շրջանում։

Նախորդ տարի՝ 2021 թվականին, Կարմրագլուխ սուզաբադը ավելացվել է IUCN կարմիր ցուցակում որպես խոցելի տեսակ (A2abcd+3bcd+4abcd): Նույն կազմակերպության ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ տեսակի պոպուլյացիան նվազող է: Միևնույն ժամանակ տեսակը դեռևս ներկայացված չէ ՀՀ Կարմիր գրքում:

«Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա:

Մինչ դեկտեմբերի 10-ը Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը իր սոցիալական ցանցերի էջերում և կայքում պարբերաբար տեղադրելու է մրցույթի թեկնածու թռչնատեսակների մասին հետաքրքիր և ուսուցողական նյութեր, որոնք թույլ կտան կատարել գիտակցված ընտրություն:

Քվեարկելու համար սեղմեք այստեղ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով