Կասկադում ապօրինաբար՝ առանց հանրային սննդի կազմակերպման և իրականացման լիցենզիա ունենալու գործում է ռեստորան

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%bd%d5%af%d5%a1%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%ba%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a1%d6%80%d5%9d-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab/

Արդեն 3-րդ ամիսն է, ինչ Երևան քաղաքի սրտում ապօրինաբար՝ առանց հանրային սննդի կազմակերպման և իրականացման լիցենզիա ունենալու գործում է T philosophy ռեստորանը, իսկ պատասխանատու մարմինները՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և Երևանի քաղաքապետարանը մատնված են անգործության։

Թամանյան 2 հասցեում գտնվող T philosophy (նախկին Թեմուրնոց) ռեստորանը վերաբացվել և գործում է 2021թ․-ի հուլիսի 7-ից և մինչ այսօր տնտեսական գործունեություն է ծավալում առանց անհրաժեշտ թույլտվություն ստանալու։ Այս ընթացքում միակ բանը, որ ձեռնարկվել է վերոնշյալ պատասխանատու կառույցների կողմից 2 անգամ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմելն է։

Երևանի քաղաքապետի 31 օգոստոսի 1998 թ. N 617 որոշման համաձայն՝ սահմանվել է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ, որի պայմանները T philosophy ռեստորանի ղեկավարությունը չի ապահովել, ուստի Ավետ Պողոսյանի կողմից չի տրվել համապատասխան լիցենզիան, ինչին նպաստել են նաև նույն շենքի այլ սեփականատերերի և բնակիչների ահազանգերն իրենց իրավունքների ոտնահարման մասին։

Առաջին հերթին ռեստորանը չունի տարածքի օրինականությունը հաստատող փաստաթղթեր, քանի որ դրա օրինականությունն այժմ քննվում է ՀՀ վարչական դատարանում։ Ռեստորանի տարածքն ապահովված չէ նաև հրդեհային անվտագության նորմերով, ինչն արձանագրվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից։ Այսինքն, իրականացվում է տնտեսական գործունեություն մի տարածքում, որն ըստ փաստաթղթերի օրինական չէ և պահպանված չեն հրդեհային անվտանգության նորմերը։

Ուշագրավ է, որ ռեստորանի սեփականատերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստր Նարինե Սարգսյանն ու նրա ամուսինն են՝ Հայկ Սուվարյանը։ Դեռևս 2019թ․-ին վերջիններս քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ստացել են Թամանյան փող․ 2 շենքի 67 տարածքը և 35 բնակարանը վերակառուցելու և վերամիավորելու շինարարական թույլտվությունը, այնուհետև՝ 2020թ․-ին նույն բնակելի շենքի այլ բնակիչների բողոքների արդյունքում պարզվել է, որ թույլտվությունը տրվել է մի շարք խախտումներով և Հայկ Մարությանն անվավեր է ճանաչել սեփական թույլտվությունը, ինչից հետո դեպքերը տեղափոխվել են դատական դաշտ և դեռ շարունակվում են։

Այս ընթացքում ռեստորանն արդեն 3 ամիս է, ինչ ապօրինաբար գործունեություն է ծավալում, իսկ Թամանյան 2 շենքի մյուս սեփականատերերի և բնակիչների իրավունքները շարունակում են մնալ ոտնահարված։ Պատասխանատու մարմինները լռում են այս գործի առնչությամբ և որևէ պաշտոնական պարզաբանում չի տրվել հարցի շուրջ։

Շենքի սեփականատերերի և բնակիչների մոտ առկա են կասկածներ, որ սեփականատերերի ազդեցիկ հարազատները, ֆինանսական կամ այլ ռեսուրսները նպաստում են խնդրի նրանց օգտին հանգուցալուծմանը։

Այս մասին ահազանգում են նաև լրագրողնեը: Ստորև ներկայացնում ենք Էկոնյուզ բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանի գրառումը այս մասին.

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։