Գրեթե ողջ աշխարհում, տարօրինակ պատճառներով մարդիկ որոշել են, որ կարևոր տոներն ու իրադարձությունները նշելու լավագույն միջոցը հանրային հրավառություն կազմակերպելն է։ Ինչ խոսք, տոնական օրերին հաճելի է հետևել, թե ինչպես է հրավառության հետևանքով գույնզգույն լուսավորվում մեր մայրաքաղաքի երկինքը, բայց քչերս ենք վերլուծել, թե մի քանի վայրկյան տևած գունավոր հաճույքի հետևանքները ինչ ազդեցություն են ունենում մեր առողջության և շրջակա միջավայրի վրա։
Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողների համար ուսումնասիրել ու ներկայացնում է հրավառության բացասական հետևանքները՝ շրջակա միջավայրի և հենց հասարակության առողջության վրա։
Տարեմուտին, երբ երևանյան երկինքը լուսավորվեց պայթող առատ ու ճոխ հրավառություններով, լույսը բացվելուն պես ստիպված եղանք գրանցել հետևանքները․
1․ Հիվանդանոցներում կային բազմաթիվ տուժածներ, որոնք հոսպիտալացվել էին հրավառության հետևանքով։ Տուժողների մեծ մասը անչափահասներ էին, որոնց զվարճանքն ավարտվել էր ձեռքի մատների կորստով, մի մասի համար էլ՝ թեթև մարմնական վնասվածքներով։ Էլ չենք խոսում հոգեբանական ու սթրեսային տրավմաների մասին։
2․Հրավառության բացասական հետևանքները զգացին նաև երևանյան օդում թռչող անմեղ թռչունները, որը նրանց վախճանի պատճառ դարձավ։
Ինչ նյութ է պարունակում հրավառությունը
Հրավառության գույները կախված են պինդ մետաղական աղերից և քիմիական պայթուցիկ նյութերից, որոնք ստեղծում են գույներ, երբ տաքացվում են ճիշտ ջերմաստիճանով:
Մետաղական տարբեր միացություններ տալիս են տարբեր գույներ։ Օրինակ, լիթիումի (Li) աղերը առաջացնում են վարդագույն, նատրիումի (Na) աղերը դարձնում են դեղին կամ նարնջագույն, պղնձի (Cu) և բարիումի (Ba) աղերը առաջացնում են կանաչ կամ կապույտ, իսկ կալցիումը (Ca) կամ ստրոնցիումը (Sr) տալիս են կարմիր:
Չնայած հրավառության ծանր մետաղները ենթարկվում են ժամանակավոր ֆիզիկական փոփոխության, հրավառության մետաղների աղերը և պայթուցիկները ենթարկվում են քիմիական փոփոխությունների՝ զուգակցվելով թթվածնի հետ (այրում): Այս քիմիական ռեակցիան արտազատում է ծուխ և գազեր, ինչպիսիք են ածխածնի երկօքսիդը և ազոտը։ Սրանք հիմնական ջերմոցային գազերից են, որոնք պատասխանատու են կլիմայի փոփոխության համար։
Օգտագործված պայթուցիկ լիցքը, որը հրավառություն է արձակում, պարունակում է պերքլորատներ, որոնք ետ են թափվում դեպի մակերես՝ աղտոտելով ջուրն ու օդը։
Ինչ է տեղի ունենում պայթյունի ժամանակ
Պայթյունի ժամանակ այս մետաղական աղերը չեն այրվում։ Դրանք դեռ մետաղի ատոմներ են, և դրանցից շատերը հայտնվում են որպես աերոզոլներ, որոնք թունավորում են օդը, ջուրը և հողը: Հրավառությունը կարճ ժամանակում հանգեցնում է օդի լայնածավալ աղտոտման՝ օդում ժամերով և օրերով թողնելով մետաղական մասնիկներ, վտանգավոր տոքսիններ, վնասակար քիմիական նյութեր և ծուխ։ Որոշ տոքսիններ երբեք լիովին չեն քայքայվում թունավորելով այն ամենը, ինչի հետ շփվում ենք:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հրավառությունից հետո 1 ժամվա ընթացքում օդում ստրոնցիումի մակարդակն ավելացել է 120 անգամ, մագնեզիումը՝ 22 անգամ, բարիումը 12 անգամ, կալիումը՝ 11 անգամ, իսկ պղինձը (Cu)՝ 6 անգամ ավելի, քան նախկինում առկա քանակությունը։
Շրջակա միջավայրի աղտոտումը
Այդ արտանետումների շրջակա միջավայրի վրա ազդեցությունները չեն սահմանափակվում միայն օդով, քանի որ ծանր մետաղները անձրևների հետևանքով արտահոսում են օդից, կուտակվում և աղտոտում են տեղական ջրբաժանները: Առանց այդ էլ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած երաշտի շնորհիվ մաքուր և անվտանգ խմելու ջուրը դառնում է ավելի սակավ և թանկ։ Չնայած դրան, շատ քաղաքային հրավառություններ անցկացվում են ջրերի վրա կամ դրանց հարևանությամբ, որպեսզի նվազեցնեն հրդեհի հավանականությունը: Սա, իհարկե, մեծացնում է հրավառության հետևանքով ջրում աղտոտիչների առատությունը:
Աղտոտման ազդեցությունը առողջության վրա
Հրավառության ամենաակնառու արդյունքը օդի աղտոտվածությունն է։ Շրջակա միջավայր արտանետվող մետաղական միացությունները կարող են քաղցկեղածին կամ թունավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար: Միևնույն ժամանակ, ծուխն առաջացնում է մասնիկներ, որոնք կարող են ազդել օդի որակի վրա և դժվարացնել ասթմայով կամ այլ շնչառական և սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց շնչառությունը:
Երբ կլանվում են, ծանր մետաղները կարող են առաջացնել կարճաժամկետ և երկարաժամկետ ռեակցիաների հսկայական բազմազանություն՝ սկսած փսխումից, փորլուծությունից կամ ասթմայի նոպաներից մինչև երիկամների հիվանդություն, կարդիոտոքսիկ ազդեցություն և քաղցկեղի մի շարք տեսակներ:
Օդի որակի ինդեքսի արժեքները տատանվում են 0-ից 500-ի սահմաններում, իսկ 401-ից բարձր ցանկացած բան դասակարգվում է որպես «ծանր», որը կարող է լրջորեն ազդել առողջ մարդկանց վրա՝ առկա շնչառական հիվանդություններով, ինչպիսիք են՝ հազը, շնչափողը, շնչառությունը, ասթմայի նոպաները և նույնիսկ սրտի կաթվածները: Ամենամեծ վտանգի տակ գտնվում են սրտի կամ թոքերի հիվանդություններով տառապող տարեցները և երեխաները:
Հրավառության ձայները՝ խուճապի ու լսողության կորստի արդյունք
Ավանդական հրավառություններին ուղեկցող ուժեղ ձայները, որոնք կարող են 150 դեցիբելից ավելի աղմուկ ստեղծել և վնասել մարդու լսողությունը։ Այն մտահոգիչ է միայն այն դեպքում, երբ հրավառությունը տևում է 15 րոպեից ավելի։ Անկախ դրա երկարությունից՝ հրավառության ձայները կարող են խուճապ առաջացնել հասարակության շրջանում՝ հատկապես պատերազմ վերապրած բնակչությանը։ Ներառյալ ՝ խոցելի բնակչության, ինչպես նաև վայրի բնության և ընտանի կենդանիների մոտ։
Ինչ վերաբերում է կենդանիներին, ապա գիտնականները պարզել են, որ հրավառությունը կապված է անհանգստության, ապակողմնորոշման, սթրեսի և վախի հետ: Ձայները անհանգստություն են առաջացնում կենդանիների մոտ և ապակողմնորոշում նրանց, ինչի հետևանքով, օրինակ՝ եղջերուները փախչում են դեպի ճանապարհներ, իսկ թռչունները՝ թռչում դեպի պատուհանները: Իսկ բնադրող թռչունները և այլ փոքր կաթնասուն մայրերը լքում են իրենց բները՝ ձագուկներին թողնելով անպաշտպան։
Ի գիտություն
Այնուամենայնիվ, հաշվի առնելով բոլոր փաստերը, ժամանակն է պատկան մարմիններին հուշել, որ հրավառությանը կարող է փոխարինվել, օրինակ՝ լազերային լույսի շոուն, որը թեև մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են սպառում, բայց դրանք աղտոտվածություն չեն առաջացնում։ Թեպետ, այստեղ էլ կա լուծում՝ արևային էներգիայի օգտագործումը, որը չի վնասում թե՛ շրջակա միջավայրը, թե՛ կենդանական աշխարհը, և թե հասարակության առողջությունը։






Թողնել մեկնաբանություն