Ինչ տնկանյութով մասնակցել համապետական ծառատունկին

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%bf%d5%b6%d5%af%d5%a1%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b8%d5%be-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%af%d6%81%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af/

Արդեն տեղեկացրել ենք, որ վաղը՝ մայիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է համապետական ծառատունկ։ Մինչ մասնակցելը, ինչպես տեղեկացնում են ՇՄ նախարարությունից, հարկավոր է իմանալ մի քանի կարևոր հանգամանք, այդ թվում տնկանյութի ճիշտ ընտրությունը։

Տնկանյութի տարբեր տեսակներ

Ծառեր տնկելու և նոր անտառներ հիմնելու համար կարևոր է որակյալ տնկանյութի օգտագործումը։ Անտառապատման աշխատանքների համար օգտագործվում են տարբեր տնկանյութեր, որոնք հիմնականում կարելի է բաժանել մի քանի խմբերի՝ սերմնաբուսակներ, տնկիներ, կտրոններ։

ՍԵՐՄՆԱԲՈՒՍԱԿՆԵՐԸ սերմից աճեցված մեկից երկու տարեկան բույսեր են և բնորոշվում են հետևյալ բնութագրիչներով․

1․  ունենան ուղիղ բներ՝ ամբողջությամբ փայտացած ընձյուղների գագաթներով և ձևավորված բողբոջներով,

2․ չափսերը տարբեր տեսակների մոտ պետք է համապատասխանեն ընդունված ստանդարտներին (բնի տրամագիծն արմատավզիկի մոտ առնվազն 2.5-6 մմ, վերգետնյա մասի բարձրությունն առնվազն 10-30 սմ),

3․ օժտված լինեն լավ զարգացած փնջաձև արմատային համակարգով՝ վերգետնյա մասին համապատասխան արմատների քանակով,

4․ արմատային համակարգի երկարությունը պետք է լինի առնվազն 20 սմ։

ՏՆԿԻ է կոչվում սերմերից կամ կտրոններից տնկարանի դպրոցական բաժնում աճեցրած ծառի երիտասարդ բուսակը։ Տնկիները բնորոշվում են հետևյալ բնութագրիչներով․

1․ ունենան ուղիղ բներ՝ ամբողջությամբ փայտացած ընձյուղների գագթներով և ձևավորված բողբոջներով,

2․ չափսերը պետք է համապատասխանեն ընդունված ստանդարտներին (բնի տրամագիծը արմատավզիկի մոտ առնվազն 5-10մմ, վերգետնյա մասի բարձրությունն առնվազն 20-40 սմ)։

ԿՏՐՈՆԸ կտրոնավորման համար բույսից առանձնացված վեգետատիվ որևէ մասն է։ Լինում է փայտացած (աշնանը կամ վաղ գարնանը), ոչ լրիվ փայտացած կամ կանաչ (ամռանը տերևով), արմատային (պատրաստում են աշնանը և պահում մինչև գարուն), տերևային (տերևի որևէ մաս)։

Կանաչ կտրոնավորումը հանդիսանում է ամենատարածված մեթոդներից մեկը։Այդ նպատակով հիմնականում օգտագործվում են միամյա և երկամյա կտրոններ։ Ձմեռային կտրոնները հիմնականում մթերվում են հոկտեմբերից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, կամ էլ գարնանը։ Ամառային կտրոննեը մթերվում են վեգետացիոն շրջանի ընթացքում և սահմանափակ կիրառություն ունեն անտառային տնտեսության մեջ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով