Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, ինչպես նաև դրան նախորդող ու հաջորդող օրերին աշխարհի գրեթե բոլոր երկրներում հիշատակման ու հարգանքի տուրք է մատուցվում 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված սարսափելի ոճրագործության հետևանքով մեկ ու կես միլիոն նահատակներին։
ՀՀ պետական արարողակարգի համաձայն՝ պաշտոնական այցով Երևան ժամանած պատվիրակությունները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ կամ ծաղկեպսակ խոնարհելով հուշահամալիրում, ապա շրջայց կատարում թանգարանում, գրառում թողնելով նաև պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Այս ամենի կուլմինացիան տեղի է ունենում Հիշողության պուրակում՝ եղևնի տնկելով:
Եղևնիներով պատված տարածքը դարձել է ինչպես հիշողության պահպանման և հարգանքի տուրք մատուցելու յուրահատուկ վայր, այնպես էլ՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մնացած կանաչ գոտու հետ, թթվածին է տրամադրում մայրաքաղաքին, ունի նաև կարևոր բնապահպանական նշանակություն: Իհարկե, յուրաքանչյուր ծառատունկ նպաստում է բնությանն ու նվազեցնում օդի ախտոտվածությունը, սակայն Eco.am-ը ուսումնասիրել է, թե ի՞նչ նպատակ ունի Հիշատակի պուրակը և ի՞նչ է խորհրդանշում պուրակում բացառապես միայն եղևնիների տնկումը։
Երբ է հիմնադրվել եղևնիների պուրակը
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հարևանությամբ գտնվող Հիշողության կամ եղևնիների պուրակը հիմնադրվել է 1997 թվականին` դառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անբաժան մաս:
Ինչ են խորհրդանշում պուրակում տնկված եղևնիները
Եղևնին համարվում է հավերժության ծառ, ուստի պատահական չէ, որ ուղիղ 24 տարի առաջ որոշվեց հիմնել հիշատակի պուրակ, որտեղ ներկայումս աճում է շուրջ 200 ծառ: Չնայած տեղանքի ոչ բարենպաստ պայմաններին, եղևնիները շուրջօրյա խնամքի շնորհիվ աճում են, փարթամանում՝ կրելով յուրահատուկ խորհուրդ:
Հիշողության պուրակում տնկված եղևնին այցելուին կապում է տեղանքի՝ Ծիծեռնակաբերդի բարձունքի հետ: Այդ մարդիկ՝ Հայաստան կատարած իրենց հերթական այցելության ժամանակ առիթը բաց չեն թողնում՝ հուշահամալիր այցելելու և իրենց եղևնին ջրելու համար:
Եղևնիների պուրակը նաև մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների մոտ, նրանք շրջում են տարածքում, ծանոթանում եղևնիների կողքին ամրացված գրություններին: Պուրակն, ունենալով հիշատակման ու հիշողության պահպանման ու փոխանցման առաքելություն, կրում է նաև կրթական-դաստիարակչական խորհուրդ:
Ովքեր են եղևնիներ տնկել Հիշողության պուրակում
Հիշողության պուրակում 200-ից ավելի եղևնի են տնկել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ, հոգևոր առաջնորդներ, խորհրդարանների նախագահներ, խոսնակներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների անդամներ, աշխարհահռչակ գիտնականներ, համաշխարհային հեղինակություն ունեցող մշակութային գործիչներ, բարերարներ՝ ամրագրելով իրենց վերբերմունքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ:
Պուրակում առաջին թվագրված ծառը 1997 թվականին ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլի տնկած եղևնին է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի:
Խորհրդանշական պուրակում առանձնանում են հատկապես Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից հետո հայապահպան և հայանպաստ գործունեություն ծավալած ու այսօր արդեն որպես երախտավորներ հիշվող և մեծարվող միսիոներների, օտարազգի գործիչների ժառանգների տնկած եղևնիները:
Պուրակում որքան ծառ է տնկվել 2020-2021 թվականներին
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի իրավասության տակ գտնվող կանաչապատ տարածքը պատկանում է տնօրենության ու աշխատակազմի մշտական հոգածության ներքո։ Ինչպես Eco.am-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, միայն 2020 թվականին տնկվել է 127 մշտադալար գիհի տեսակի ծառ՝ ապահովելով 100 տոկոս կպչողականություն: Իրականացվել են 200 կանաչ եղևնիների տնկման աշխատանքներ: ՀՑԹԻ տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սմբատ Մանուկյանի փոխանցմամբ, «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու աշխատակիցների աշխատանքը 2021 թվականին ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ձեռք են բերվել մի շարք գյուղատնտեսական գործիքներ և սարքավորումներ, ինչպես նաև առաջին անգամ բանվորական ամառային և ձմեռային արտահագուստ:
Շուրջ 98.8 հա կազմող զբոսայգու տարածքի կանաչապատման, բարեկարգման, խնամքի ու մաքրման աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովվում է «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու սպասարկման բաժնի աշխատակիցների կողմից: Նրանք են իրականացնում նաև հրդեհավտանգ տարածքների ոռոգման և խոտհնձի աշխատանքները՝ բարձրացնելով տարածքի հակահրդեհային ապահովության մակարդակը:






Թողնել մեկնաբանություն