«ԷկոՎիլ» ընկերությունը Հրազդանում հիմնեց կեչիների գեղեցիկ պուրակ

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8%d5%be%d5%ab%d5%ac-%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b0%d6%80%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0/

Գլոբալ բնապահպանական խնդիրների դեմ պայքարի լավագույն ու արդյունավետ ճանապարհը՝ ծառատունկն է։ «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության նախաձեռնությամբ, օրերս Կոտայքի մարզում՝ Հրազդան քաղաքի Աղբյուրակ զբոսայգում հիմնվեց նորատունկ կեչիների գեղեցիկ պուրակ։

 

Էկովիլցիների հետ երիտասարդ կեչիները տնկելու էին եկել ոչ միայն համաքաղաքացիները, այլ նաև համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Իսկ ծառատունկի մասնակիցները շիվերին ամրացրին անվանական ցուցանակներ, որպեսզի յուրաքանչյուրը պատասխանատվություն ունենա խնամելու իր տնկած ծառը։

Յուրաքանչյուր ծառատունկ խթանում է կանաչ տարածքների ավելացմանը՝ նվազեցնելով օդի աղտոտվածությունը, այդ սկզբունքով էլ առաջնորդվելով Eco.am սոցիալական հարթակը նույնպես նորաստեղծ պուրակում տնկեց իր անվանական ծառը։

Կազմակերպիչները համոզված են, որ մի քանի տարի անց, պուրակը կդառնա հրազդանցիների սիրելի ու ամենագողտրիկ անկյուններից մեկը։ Ըստ նրանց, ԷկոՎիլ»-ը Հրազդան քաղաքում տեղադրելով արևային համակարգեր, կրճատում է ածխաթթու գազի արտանետումներն այնպես, ինչպես ծառերը։ Իսկ այս նախաձեռնությունը կրկնապատկում է ԷկոՎիլ»-ի բնապահպանական գործունեությունը՝ զուգակցելով կանաչ գոտիների իրական և վիրտուալ տարածքները։

«Լիահույս եմ, որ բնակիչները և համայնքապետարանը, ամեն ինչ կանեն, որպեսզի այս ծառատունկը ծառայի իր նպատակին։ Մեկ տարի անց այստեղ կտեսնենք կանաչ ծառեր։ Շնորհակալ եմ «ԷկոՎիլ» ընկերությանը՝ ծառատոնկը կազմակերպելու համար», – անվանական ծառը տնկելուց հետո ասաց Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանը։

«Երեխաների աջակցության հիմնադրամ»-ի տնօրեն Կամո Առաքելյանը նույնպես շնորհակալություն հայտնեց «ԷկոՎիլ» արևային ընկերությանը՝ բնապահպանական նախաձեռնության համար․ «Հրազդան քաղաքի այս գողտրիկ անկյունում ստեղծվեց ևս մի պուրակ, կարծում եմ, որ այն ավելի կգեղեցկացնի մեր համայնքը։ Իսկ համայնքի բնակիչներս պարտավոր ենք այն պահպանել»։

Ինչպես վաստահեցնում են «ԷկոՎիլ» աշխատակիցները՝ բնության պահպանությունը և կանաչ տարածքների կրկնապատկումը կշարունակի մնալ «ԷկոՎիլ»-ի ուշադրության կենտրոնում՝ լինելով կարևոր առաջնահերթություններից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել