Մինչև հոկտեմբերի 31-ը Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) ընթանում է «Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի ընթացքում ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանի շուրջ 400 հազար տարբեր տեսակի հավաքածուների մի մասն են։ Ժամանակավոր ցուցահանդեսի ընթացքում հանրությանն է ներկայացվել 140-ից ավելի տարազի համադրված համալիրներ, առանձին տարրեր, որոնց առաջին անգամ կցվել են բնօրինակ արխիվային լուսանկարներ: Ցուցադրված են նաեւ այնպիսի ցուցանմուշներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում։
Eco.am-ը ներկայացնում է «Դրվագներ ինքնության. տարազ» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում Կարինի մշակույթի ավանդույթներով պատրաստված հարսանեկան զգեստը:
Գոգնոցով վերնազգեստը կարվել է 1905թ. Ախալցխայում ՝ Հայկանուշ Նազարեթյանի (1884-1976 թթ.) հարսանիքի կապակցությամբ: Զգեստը մետաքսից է՝ բոլոր եզրերին ոսկեթելով և նարնջագույն մետաքսաթելով հյուսված քուղերով, աստառը՝ բամբակե կտորից, գոգնոցը՝ մահուդից՝ ոսկեթելով և մետաքսաթելով հյուսված երիզներով, վերադիր ասեղնագործ գծերով ու բուսանախշերով: Ներքևի անկյուններից մեկում ասեղնագործված է «Հ» (Հայկանուշ), մյուսում` «Ն» (Նազարեթյան) անվանատառերը:
Ցուցահանդեսին յուրահատկություն են հաղորդում հատկապես տղամարդկանց եւ երեխաների տարազները, հագուստներն առանձնանում են նաեւ ըստ սոցիալական խավերի եւ ըստ տարածաշրջանների՝ Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, որի խորհրդանիշը Շուշին է՝ իր ավանդական տարազային համալիրով։
Առանձին ցուցափեղկերով ներկայացված են նաև զարդեր, զենքեր եւ գոտիներ, գլխի հարդարանք և այլ ավանդական տարրեր։ Այս ամենը համադրված է լուսանկարներով, որոնցից շատերն առաջին անգամ են ցուցադրվում։
Ի դեպ, ցուցադրված տարազները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, անցկացվում են նաեւ կրթական ծրագրեր, շաբաթական դասախոսություններ, քննարկումներ, ինտերակտիվ միջոցառումներ:






Թողնել մեկնաբանություն