Միջազգային էներգետիկ գործակալության տվյալների համաձայն էներգետիկայի հետ կապված ածխաթթու գազի (CO2) համաշխարհային արտանետումները նախորդ տարի հասել են ռեկորդային մակարդակի։ Դրանք աճել են 410 մլն տոննայով կամ 1,1%-ով՝ հասնելով 37,4 մլրդ տոննայի։
Գիտնականների կարծիքով, հիմնականում հանածո վառելիքի այրումից հրաժարվելու միջոցով գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակելու և գալիք տարիներին կլիմայի կտրուկ փոփոխությունը կանխելու նպատակներին հասնելը կպահանջի CO2-ի արտանետումների կտրուկ կրճատում: Բայց, առայժմ, նրանք միայն շարունակում են աճել որոշակի դանդաղ տեմպերով։
Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ընդլայնումը, ինչպիսիք են հողմային, արևային կայանները և էլեկտրական տրանսպորտային միջոցները, օգնել են զսպել աճող արտանետումները, որոնք 2022 թվականին աճել են 490 միլիոն տոննայով կամ 1,3 տոկոսով: Սակայն, COVID-19-ից հետո, հանածո վառելիքի օգտագործման ավելացումն այն երկրներում, որտեղ սաստիկ երաշտները խոչընդոտել են հիդրոէլեկտրակայանների արտադրությանը, և ավիացիոն հատվածի վերականգնումը հանգեցրել են արտանետումների ընդհանուր աճի, ասվում է ՄԷԳ-ի զեկույցում:
Վիճակագրության վրա հատկապես նկատելի ազդեցություն են ունեցել երաշտները։ Ջրի վրա հիմնված էներգիայի աղբյուրները ածխածնի վրա հիմնված աղբյուրներով փոխարինելու միջոցառումները հանգեցրել են արտանետումների 40%-ով ավելացման կամ 170 մլն տոննա CO2-ի:
«Առանց այդ ազդեցության, 2023 թվականին էլեկտրաէներգիայի համաշխարհային հատվածից արտանետումները կնվազեին: Իսկ առանց մաքուր էներգիայի տեխնոլոգիաների, CO2-ի արտանետումների համաշխարհային աճը վերջին հինգ տարիների ընթացքում երեք անգամ ավելի մեծ կլիներ», – ասվում է ՄԷԳ-ում: Կլիմայագետները զգուշացնում են, որ երաշտներն ապագայում էլ ավելի հաճախակի և ուժեղ կլինեն։ Սա խաթարում է վերականգնվող էներգիայի աշխարհի ամենամեծ աղբյուրներից մեկի հուսալիությունը:
Զեկույցի համաձայն՝ էներգիայի հետ կապված արտանետումները նվազել են 4,1%-ով ԱՄՆ-ում և մոտ 9%-ով, ԵՄ-ում՝ վերականգնվող էներգիայի արտադրության աճի և ածուխի և գազի էներգիայի արտադրության նվազման պատճառով:
Չինաստանում էներգիայի արտանետումները աճել են 5,2%-ով և էներգիայի պահանջարկը շարունակում է աճել, քանի որ տնտեսությունը վերականգնվում է: Միևնույն ժամանակ, ըստ ՄԷԳ-ի գնահատականների 2023 թվականին Չինաստանին բաժին է հասել արևային և քամու էներգիայի և էլեկտրական մեքենաների թվաքանակի համաշխարհային աճի մոտ 60%-ը։ 2023 թվականին աշխարհում վաճառված յուրաքանչյուր հինգերորդ նոր մեքենան էլեկտրական է եղել, իսկ նման մեքենաների ընդհանուր վաճառքը հասել է 14 միլիոնի, ինչը 35 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին։






Թողնել մեկնաբանություն