Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն օրերս արձանագրել են արու չափահաս հովազ և հաստատվել որպես նոր առանձնյակ։ Նույն օրվա ընթացքում, ընդամենը երկու ժամվա տարբերությամբ և մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության վրա տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են արու Նեո հովազին։ Երրորդ առանձնյակը՝ Նովան, գտնվում է մյուս հովազներից վեց կիլոմետր հեռավորության վրա՝ կրկին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։
Ոլորտի մասնագետները աննախադեպ են համարում այն փաստը, որ երեք տարբեր հովազներ գրեթե միաժամանակ օգտագործում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նույն տարածքը:
«Մարդկային մի շարք գործոններով պայմանավորված Հովազների պոպուլյացիան ամբողջ աշխարհում զգալիորեն կրճատվել է՝ մեր տարածաշրջանում միջսահմանային լարվածությունների, նոր սահմանների, արգելքների հետևանքով»,- արձանագրում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Ըստ նրա, հովազների նման պահվածքը վկայում է, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը պահպանության արդյունավետ ձևաչափն է․ «Այս կենդանատեսակը գտնվում է անհետացման վտանգի եզրին։ Սկսած 2011 թվականից, ինչ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործունեություն է իրականացնում նշված տարածքում, սա հովազի 6-րդ առանձնյակն է, որը նկարահանվել է մեր տեսախցիկների միջոցով»։
Այս համատեքստում շատ կարևոր է նաև իրականացնել ուսումնասիրություն՝ հասկանալու հովազների հավանական պոպուլյացիան, ինչպես նաև այն բոլոր վտանգները, որոնց կարող է հանդիպել հովազը նոր սահմանների և խոչընդոտների առկայության դեպքում՝ անվտանգ տեղաշարժվելու համար։
FPWC-ը կարողացել է բացահայտել նոր հովազին շնորհիվ ռեյնջերների, ովքեր արդիականացված գիտելիքներ ունեն հովազներին հետևելու և տեսախցիկների տեղադրման համար լավագույն հնարավոր վայրը գտնելու վերաբերյալ:
Ի դեպ, հովազին անվանակոչելու վերաբերյալ, FPWC-ը մրցույթ է հայտարարել։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002-ից: Հիմնադրամը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ է։ Հիմնադրամի գործունեության առանցքային ուղղությունը Հայաստանի բացառիկ կենդանական և բուսական աշխարհի պահպանությունն է՝ նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մոդելների կիրառմամբ:






Թողնել մեկնաբանություն