Forbes-ը «Կովկասի բնության հրաշալիքների» ցանկում ներառել է «Խոսրովի անտառ»-ն ու «Դիլիջան» ազգային պարկը

https://eco.am/forbes-%d5%a8-%d5%af%d5%b8%d5%be%d5%af%d5%a1%d5%bd%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d6%80%d5%a1%d5%b7%d5%a1%d5%ac%d5%ab%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%81/

Հեղինակավոր Forbes ամսագիրը հոդված է հրապարակել եվրասիական Կովկասի հինգ հիասքանչ բնական հրաշալիքների մասին, որոնք պետք է այցելել։ Ներկայացված հնգյակում տեղ են գտել նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը։ Ամսագրում նշված է, որ այս եզակի տարածաշրջանը հարուստ հնարավորություններ ունի էկոտուրիզմի և բացօթյա արկածների զարգացման համար։

««Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 300-ական թվականներին Խոսրով 3-րդ թագավորի կողմից հիմնված անտառի տարածքի մի մասի վրա։ Արդի շրջանում գիհու և կաղնու ծառերով հարուստ այս անտառային տարածքը հայտնի է բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, գիշատիչներով՝ գայլ, լուսան, գորշ արջ: Երջանիկ այցելուները կարող են տեսնել նաև ընձառյուծներ»,- առանձնահատուկ անդրադարձ կատարելով նշում է հոդվածագիրը։

Կովկասի բնության հինգ հրաշալիքների թվում Forbes-ն առանձնացրել է նաև «Դիլիջան» ազգային պարկը։

«Հենց Հայաստանի սրտում գտնվող «Դիլիջան» ազգային պարկը հարուստ է հսկայական անտառներով, ինքնատիպ ֆաունայով ու դարավոր կառույցներով»,- գրում է Forbes-ի հոդվածագիրը և հավելում, որ տարածաշրջանն առանձնանում է տիպիկ հայկական թռչուններով, կաթնասուններով, երկկենցաղներով, սակայն զբոսաշրջության համար այս ամենանշանակալի տեսարժան վայրը կապված է տեղի բնակիչների հետ:

«Դիլիջանում են գտնվում բազմաթիվ պատմական կրոնական կառույցներ, այդ թվում, Հաղարծին վանքը, ինչպես նաև Գոշավանքը՝ հսկայական համալիր, որը կառուցվել է, մոտ 800 տարի առաջ։ Բնության հրաշքը վայելելուց զատ այցելուները կարող են զբոսնել Դիլիջան քաղաքում, որն առանձնանում է իր ինքնատիպ ճարտարապետությամբ»,- շեշտադրված է հոդվածում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով