Վերջին շրջանում Երևանում և հանրապետության մի քանի քաղաքներում օդի աղտոտվածությունը և փոշու արտանետումների գերազանցումը՝ իրական նորմերից, կարծես թե դարձել է անլուծելի հարց։ Այն ինչ, կարելի է հարցին լուծում տալ՝ պահպանելով պահանջվող բոլոր նորմերն ու կանոնները։ Ստացվում է, համապատասխան գերատեսչությունները, կանոնավոր հայտարարություններ են անում՝ օդի աղտոտվածությունը կանխելու համար, իսկ կառուցապատողներն էլ՝ ընդունելով ի գիտություն շարունակում են իրենց գործը, անտեսելով բոլոր նորմերը։
Այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փոշու արտանետումները և օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով հանդիպում-քննարկում է կազմակերպել «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և շինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ քննարկմանը կարևորվել է շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի, սահմանային թույլատրելի մակարդակների ու պահանջների ապահովումը, մատնանշվել անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարումը՝
1․ շինհրապարակները պարբերաբար ջրելը,
2․ սորուն նյութերը փակ տարածքներում պահեստավորումը կամ անթափանց թաղանթներով ծածկելը,
3․ շինհրապարակները պարսպապատելը,
4․ շենքերն ու շինությունները համապատասխան բարձրության անթափանց թաղանթով ծածկելը,
5․ հղկման աշխատանքների ընթացքում օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր, տեխնոլոգիաներ և այլն։
Օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար ներկաներին առաջարկվել է ընդերքօգտագործումն ու շինաշխատանքները կազմակերպելիս օգտագործել նաև փոշեճնշող սարքեր, որոնք լայնորեն կիրառվում են միջազգային պրակտիկայում, արագ և արդյունավետ կանխարգելում են մթնոլորտային օդ փոշու արտանետումը։
Հանդիպման ավարտին քննարկվել են շինարարներին հուզող հարցերն ու առաջարկները, հիշեցվել, որ մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարումը շարունակում է մնալ Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։






Թողնել մեկնաբանություն