Շիրակի և Լոռու մարզերում կավելանան ոռոգվող հողատարածքները

https://eco.am/%d5%b7%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%ab-%d6%87-%d5%ac%d5%b8%d5%bc%d5%b8%d6%82-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b6-%d5%b8%d5%bc/

Այսօր տեղի է ունեցել «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերում արտադրողականության բարձրացման, պարենային ապահովության և կենսամակարդակի բարելավման համար» ծրագրի շնորհանդեսը, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից և իրականացվում համատեղ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ ծրագրի նպատակն է աջակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի՝ «2021-2030թթ․ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների» (Nationally Determined Contributions) իրականացմանը, որի շրջանակներում նախատեսվում է Լոռու և Շիրակի մարզերում նվազեցնել գյուղատնտեսական հողերի ոռոգման համար էներգիայի օգտագործումից առաջացած ածխաթթու գազի արտանետումները, աջակցել կայուն գյուղատնտեսությանը և ավելացնել ոռոգվող հողա տարածքները, ինչը կնպաստի փոփոխվող կլիմայի պայմաններում ավելի դիմակայուն գյուղատնտեսությանը և  պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Ծրագիրը կաջակցի նաև Հայաստանի կառավարությանը Շիրակի և Լոռու մարզերում ջրային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավման գործում:

Միջոցառման մասնակինցներին ողջունել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը,  Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման, և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել  է Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող կարճաժամկետ, արագ և արդյունքահեն ծրագրերը՝ հիշեցնելով 2022 թվականին մեկնարկած և արդեն ավարտուն փուլում գտնվող ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Շրջակա միջավայրի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ իրականացվող և Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագիրը։ Ծրագրի իրականացման արդյունքում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զինվել է եղանակի կանխատեսնամ նոր ավտոմատացված կայաններով, այն խթան է հանդիսացել, որ ՀՀ Կառավարությունը  միջոցներ հատկացնի և շուտով ամբողջ հանրապետության տարածքում կունենանք կանխատեսումների արդիականացված համակարգ։

Նախարարն անդրադարձել է նաև այսօր մեկնարկող ծրագրի  կողմից առաջարկվող կարևոր լուծումներին և դրա բնապահպանական արդյունքին, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։

Ծրագրի իրականացման արդյունքում ստացված դրական փորձն ու գիտելիքները  կնպաստեն ոռոգման համակարգերի արդիականացմանը, ներդրումային ծրագրերի ծավալների ավելացմանն ու երկրում խելացի ոռոգման համակարգի ձևավորմանը:

Ծրագրի շահառուներն են ՀՀ ՏԿԵՆ Ջրային պետական կոմիտեն, Լոռու և Շիրակի մարզերի ջրօգտագործողների միությունները և մարզպետարանները: Ենթադրվում է, որ մոտավորապես 6,000 մարդ ուղղակիորեն կշահի ծրագրի արդյունքներից, այդ թվում՝ ֆերմերները և նրանց խմբերը, տեղական մասնավոր կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման և մարզային մարմինները: Ծրագրի անուղղակի շահառուներն են մոտ 30,000 մարդ՝ նպատակային մարզերի ողջ բնակչության մոտ յոթ տոկոսը։

Լոռու և Շիրակի մարզերի թիրախային բնակչության մոտ 65 տոկոսի ապրուստն անմիջապես կախված է գյուղատնտեսությունից: Առանց կլիմայական խելացի գյուղատնտեսական նորարարական պրակտիկաների կիրառման բարձրանում է գյուղական համայնքների աղքատացման վտանգը։ Այս մարզերում ոռոգման բացակայության պատճառով վարելահողերի մոտ 45 տոկոսը մնում է անմշակ, այդ թվում բարձր գյուղատնտեսական ներուժ ունեցող տարածքներում։ Վերոնշյալ պատճառների և ջրի պոմպային ենթակառուցվածքներում ներդրումների բացակայության պատճառով օգտագործվում է նախկինում ոռոգվող վարելահողերի միայն 25 տոկոսը։

Ծրագրի ավարտին Լոռու մարզում գործող թիրախային «Այրում-Ճոճկան» և «Ճոճկան» երկաստիճան պոմպակայանները և Շիրակի մարզում գործող «Բենիամին» պոմպակայանը կարդիականացվեն էներգաարդյունավետ պոմպերով և ցանցին միացված ֆոտովոլտային կայաններով։ Թիրախային խմբերը կունենան  նաև կենտրոնացված աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (Geographic Information System) վրա հիմնված տեղեկատվություն, կկրճատվեն գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի վտանգները, կբարելավվեն Ջրային պետական կոմիտեի և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի մասնագիտական և ինստիտուցիոնալ կարողությունները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով