Էկոակտիվիստի անվան տակ ադրբեջանը շուրջ 5 ամիս Արցախը շրջափակման մեջ պահելով բնապահպանական լուրջ աղետի առաջ է կանգնեցրել ոչ միայն Արցախի այլ նաև Ադրբեջանի շրջակա միջավայրը։ Վերջին օրերին հայ բնապահպաններն ահազանգեցին, որ Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է։
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը խախտելով Արցախի տարածքային ամբողջականությունը զավթել է նաև Արցախի Հիդրոէլեկտրոկայանների մեծ մասը։ Իսկ 2023 թվականի հունվարի 9-ից խափանել է Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրագիծը։ Այդ ընթացքում Ադրբեջանը գրեթե տասն անգամ անջատել է նաև Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Իսկ Արցախի կառավարությունը շրջափակված 120 000 բնակիչների էներգետիկ կարիքները բավարարելու համար վերջին մի քանի ամիսներին դրդված ՀԷԿ-ն աշխատեցնելու համար շատ ջուր է բաց թողել, ինչի արդյուքնում ջրի մակարդակն էապես իջել է։
«Երեք ամսից ավել է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել: Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքներն էր խափանում․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։ Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր և ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից»,- Eco.am սոցիալական հարթակին տեղեկացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Մինչ Ադրբեջանում հրճվում են տարածված լուրից, շտապենք տեղեկացնել, որ Սարսանգի ջրամբարի մակարդակի անկումը շուտով մեծ բնապահպանական աղետի առջև է կանգնեցնելու նաև Ադրբեջանին, քանի որ Թարթառ գետի վրա կառուցված ջրամբարի ստորին հոսանքում ադրբեջանական գյուղերն են ու գյուղատնտեսական տարածքները։ Շուտով, երբ վրա հասնի գյուղատնտեսության համար կարևոր հանդիսացող ոռոգման սեզոնը բախվելով ջրի պակասին կբախվեն նաև բնապահպանական մեծ խնդրին։
Ի դեպ, բնապահպանները նաև նշում են, որ ցամաքած Սարսանգի ջրի մակարդակը վերականգնելու համար տարիներ կպահանջվեն։
ՏԵՂԵԿԱՆՔ
Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի հյուսիսում՝ գտնվում է Ստեփանակերտից մոտ 60 կմ դեպի հյուսիս, Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի միջին հոսանքում: Ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Սարսանգը կառուցվել է ոռոգիչ և էներգետիկ մեծ նշանակություն ունեցող Թարթառ գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: Սարսանգի ջրամբարն ունի ավելի քան 600 խմ ջրատարողություն, որից 500 մլն խմ-ն՝ օգտակար:
Հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 60 %-ը ապահովում է Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ջրէկ-ը։ Այն Արցախի խոշորագույն ջրամբարն է և իր հզորությամբ համարվում է առաջինը։ Ամբարտակն ունի 730 մ բարձրություն և 550 մ լայնություն։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Ձմռանը չի սառցակալում։ Կա ձկնաբուծություն։ Շրջակայքը անտառածածկ է։
Պատվարը հողային է, բարձրությունը՝ 120 մ, երկարությունը՝ 550 մ, ստորին հատվածի լայնությունը՝ մոտ 500 մ։ Այդպիսի պատվարաններ աշխարհում շատ քիչ են։ Պատվարը կառուցվել է ավազակավային միջուկով՝ ճալաքարակոպճային գրունտներից։
Ամբարտակը ծառայել է ոչ միայն էլեկտրաէներգիա ստանալու, այլ նաև դաշտերը ոռոգելու համար։ Ազատագրական պատերազմի ժամանակ Սարսանգի ջրամբարի շրջակայքում կատաղի մարտեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ կասեցվել է ադրբեջանական բանակի 1992 թվականի ամառային հարձակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի կողմից վերականգնվել է Սարսանգի ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը։

![]()
Առաջին նկարում Սարսանգի ջրամբարն է մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իսկ երկրորդ նկարում ջրամբարի ներկայիս պատկերն է։
ECO.AM






Թողնել մեկնաբանություն