Նոյեմբերի 7-18 -ը Եգիպտոսում տեղի կունենա COP27 կլիմայական համաժողովը։ Հոկտեմբերի 19-ից 21-ը, համաժողովին ընդառաջ Հայաստան են ժամանել Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի Փորձագետների խորհրդատվական խմբի շուրջ 40 երկրի ներկայացուցիչների (CGE regional workshop – Asia-Pacific and EE region)։
Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Աշխատաժողովի նպատակն է զարգացող երկրների մասնագետների կարողությունների ամրապնդումը, որը կօգնի հետևել Փարիզյան համաձայնագրով նախատեսված հաշվետվողականության դրույթների ըմբռնման և կիրառման համար ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացին։
«Մեր երկրի աշխարհագրական դիրքը, դեպի ծով ելքի բացակայությունը, լեռնային լանդշաֆտը, խոցելի էկոհամակարգերը, ինչպես նաև ազգային անվտանգության նկատառումները, հանգեցրել են երկրի համար կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցության հանդեպ ուշադրության մեծացման։ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունը հետաքրքրված է կլիմայի փոփոխության դեմ պայքարի շուրջ խմբված երկրների փորձն ու ռեսուրսը մեր երկրում որևէ ձևով իրացնելու հնարավորությամբ, կլիմայի փոփոխության դեմ դիմադրողականության և հարմարվողականության բարձրացման, ինչպես նաև՝ կլիմայական օրակարգի իրագործմանն ուղղված համալիր միջոցառումներով ու ծրագրերով»,- Հայաստան ժամանած պատվիրակներին ողջունելով ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Կլիմայի փոփոխությունն արդեն իսկ իրականություն է, որի անմիջական ազդեցությունը նույնպես տեսանելի է։ Դա փաստում է նաև վիճակագրությունը․ Հայաստանում բարձրացել է տարեկան միջին ջերմաստիճանը, նվազել է տարեկան տեղումների քանակը։ Մենք նաև տեսնում ենք տարերային աղետների միջադեպերի ավելացում․ այս ռիսկը ուժգնանում է, և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, համագործակցելով այլ կառույցների հետ, կանգնած է ՀՀ Կառավարության կողքին և պատրաստ է ներդնել իր ջանքերը»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Ըստ տեղեկատվության, Հայաստանի Հանրապետությունը 1998 թվականից սկսած կանոնավոր հաշվետվություններ է ներկայացրել Կոնվենցիայի քարտուղարությանը։ Հաշվետվությունները վերաբերել են՝
1․ ջերմոցային գազերի արտանետումների գույքագրմանը,
2․ երկրում իրականացված մաղմման և հարմարվողականության միջոցառումներին,
3․ խոցելի ոլորտների հատկորոշմանը,
4․ կանխատեսումներին,
5․ քաղաքականության մշակմանը։
2021 թվականին Հայաստանի կառավարությունը վերահաստատել է իր Ազգային մակարդակով սահմանված գործողությունները և Ազգային հարմարվողականության ծրագիրը և միջոցառումների ծրագիրը 2021-2025 թթ․ համար։
«Փարիզյան համաձայնագրից բխող ընդլայնված թափանցիկության շրջանակի կառուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն է, այն ներառված է Կառավարության 21-26 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում»,- աշխատաժողովին ընդգծել է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը։






Թողնել մեկնաբանություն