«Ադրբեջանի գործողությունները բացահայտ խախտում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և մասնավորապես նրա 2-րդ և 33-րդ հոդվածները, որոնք սահմանում են, որ բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից»,- ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Կորեայի Հանրապետությունում կայացած Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին անդրադարձել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից հրետանու և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Հայաստանի արևելյան և հարավարևելյան շրջանների ուղղությամբ իրականացված լայնածավալ հարձակմանը։
«Ադրբեջանի միակողմանի գործողությունները իրական սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար և արժանի են միջազգային հանրության ուժեղ և ժամանակին արձագանքին»,- իր ելույթում ասել է նախարարի տեղակալը և նշել այն աղետալի հետևանքները, որոնց հանգեցրել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները։
Համաժողովին մասնակցել են փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ 60 երկրից՝ շուրջ 500 մասնակից։ Համաժողովի նպատակն էր քննարկել և լուծումներ փնտրել, թե ինչպես բարձրացնել կլիմայական ներդրումների արդյունավետությունը համաշխարհային տնտեսական աճող ճնշումների և անորոշության պայմաններում:






Թողնել մեկնաբանություն