Վարդավառն այս տարի կտոնվի հուլիսի 24-ին

https://eco.am/%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%be%d5%a1%d5%bc%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab-%d5%af%d5%bf%d5%b8%d5%b6%d5%be%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%82%d5%ac%d5%ab%d5%bd%d5%ab-24-%d5%ab%d5%b6/

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այն այս տարի կտոնվի հուլիսի 24-ին։

Վարդավառ բառը ծագել է «վարդ» արմատից է և կապված է Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Այն ծագմամբ հեթանոսական տոն է, որը, ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների, կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի, Ամանոր-Նավասարդի հետ։ Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի  ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո սիրո պատմության հետ:

Քանի որ Աստղիկը ծնվել էր ջրի փրփուրներից, մարդիկ այդ օրը միմյանց վրա ջուր էին ցողում եւ զոհաբերություններ անում դիցուհուն՝ անձրև խնդրելով ամառային շոգերից թոշնած իրենց դաշտերի համար, և սեր՝ իրենց ընտանիքների համար:

Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով: Վարդեր նվիրելով և ջուր լցնելով` Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը՝ մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը։

Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։

Տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության վերաբերյալ կա ևս մի հին ավանդույթ, որը, թերևս սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում: Որոշ հետազոտողներ և աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի և Նոյի տապանից իջնելու հետ, միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը` դիտելով իբրև Ջրհեղեղից ազատվելու արարողություն: Ըստ ավանդության, երբ Նոյը ջրհեղեղի ժամանակ հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում է գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյը պատվիրում է իր որդիներին, ի հիշատակ ջրհեղեղի, իրար վրա ջուր լցնել

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվում` պահպանելով, սակայն, իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի այլակերպության կամ Պայծառակերպության տոնով: Պայծառակերպություն նշանակում է պայծառ կերպարանք, պայծառ տեսք ունենալ, իսկ ժողովրդական լեզվով անվանում էին Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռան վրա՝ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։

Նեոհեթանոսները Վարդավառի տոնը նշում են Գառնիի հեթանոսական տաճարում։ Վարդավառի տոնը հնում նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր, Վարդաջիրն և խնձորին։ Ըստ տարբեր տվյալների անցյալում ծիսական համալիրում բավականին մեծ տեղ է հատկացվել վարդին, որը դերը հետագայում նվազել է։ Վարդավառի խորհուրդը եղել է ջրի պաշտամունքը, երբ մեծարվել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող բնական տարերքները։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են նվիրատվություններ, գինու հեղում՝ ի պատիվ ջրի տարերքի։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին։ Տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը ուտում էին Խաղողօրհնեքի տոնին։

Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին՝ տարերքներին։ Վարդավառին սովորաբար մեհյաններին նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, աղավնիներ թռցրել, կազմակերպել ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարել են անասունների ճակատները ևս։ Շատ գավառներում Վարդավառին կրկընվել են Տյառնընդառաջի, այլուր՝ մի շարք արարողություններ, օրինակ՝ վիճակ հանելու սովորությունը։ Որոշ տեղերում Վարդավառը տոնել են հաստատուն օր (հուլիսի 22-ից հետո առաջին կիրակի օրը), այլուր՝ Զատկից 98 օր հետո։ Ներկայումս Վարդավառը կորցրել է երբեմնի նշանակությունը. գյուղերում կազմակերպվում են խնջույքներ, զբոսանքներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով