Բնությունն այլևս ի վիճակի չէ ինքնակարգավորվելու․ նշվեց Կենսաբազմազանության միջազգային օրը

https://eco.am/%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%ac%d6%87%d5%bd-%d5%ab-%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d5%af%d5%ab-%d5%b9%d5%a7-%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d6%80/

Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էր, որն այս տարի ընթացավ «Կառուցել ընդհանուր ապագա ողջ կյանքի համար» կարգախոսով:

«Կենսաբազմազանությունը գործոն է, որի վրա հիմնվում է կայուն զարգացումը, և որն ապահովում է հասարակության պաշտպանությունը՝ անկանխատեսելի ցնցումների հետևանքներից»,- այս մասին 2005 թվականի իր ուղերձում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

«Կենսաբազմազանությունը» որպես գիտական տերմին լայնորեն սկսել են օգտագործել 1972 թվականի ՄԱԿ-ի Ստոկհոլմի գիտաժողովից հետո։ Այս սահմանումը դարձավ պաշտոնական, քանի որ տեղ գտավ ՄԱԿ-ի՝ կենսաբազմազանության մասին կոնվենցիայում, որը ստորագրեցին 190 երկրներ, այդ թվում և Հայաստանը։ Սակայն, որպես միջազգային օրը հռչակվեց 1995 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ բանաձևով՝ հիմք ընդունելով կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովի հանձնարարականը, որը տեղի է ունեցել 1992 թվականին։

Բանաձևով օրը նշանակվել է 2000 թվակականի դեկտեմբերի 29-ին, երբ ուժի մեջ է մտել հռչակագիրը, բայց, հետագայում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կենսաբազմազանության միջազգային օրը տեղափոխեց մայիսի 22-ին՝ կոնվենցիայի ստորագրման օրը։ Հռչակագրի խորհրդաժողովի մասնակիցների կողմից օրվա տեղափոխությունը համաշխարհային հանրության մտահոգությունն էր՝ կապված Երկրի վրա կենսաբազմազանության մշտական կրճատման հետ և նպատակ ուներ իրադարձության նկատմամբ ավելի շատ ուշադրություն հրավիրել։

Ինչպես նշում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը», կենսատեսակների անհետացումը Երկրի վրա կյանքի զարգացման բնականոն գործընթաց է, սակայն 17-րդ դարից ի վեր մարդու տնտեսական գործունեությունը դարձել է տեսակների անհետացման արագացման հիմնական գործոնը։ Իսկական աղետ է ամբողջ էկոհամակարգերի ոչնչացումն ու դեգրադացումը։

1․ Հատվել է մոլորակի անտառների 45%-ը,

2․ոչնչացվել են կորալային խութերի՝ կենսաբազմազանության ամենահարուստ շտեմարանների մինչև 10%-ը,

3․բնությունն այլևս ի վիճակի չէ ինքնակարգավորվելու։

4․ բույսերի և կենդանիների հարյուրավոր տեսակներ արդեն կորստի են մատնվել էկոհամակարգերի ոչնչացման պատճառով։

5․Կենսաբազմազանության ոչնչացումը սպառնում է նաև մեր մշակութային ինքնությանը։

6․Կենսաբազմազանության պահպանումն ու վերականգնումը ոչ միայն բարոյական խնդիր է, այլև մեր գոյատևման գրավականը:

1988 թվականին առաջին անգամ լայնորեն հայտնի դարձան կենսաբազմազանության «թեժ կետերը»՝ տեսակային բազմազանությամբ և տվյալ տեղին հատուկ (էնդեմիկ) բույսերով հարուստ այն տարածքները, որոնք միաժամանակ հույժ կարիք ունեն պաշտպանվելու մարդածին ազդեցությունից:

Հայաստանն ընդգրկված է կենսաբազմազանության «թեժ կետերի» երկու տասնյակի մեջ, որոնց ընտրել է Consolation International կազմակերպությունը։ Ողջ աշխարհի համար շատ կարևոր է կենսաբազմազանության պահպանումը Հայաստանում։

2022 թվականի մայիսի 22-ի թեման է՝ «Կառուցել ընդհանուր ապագա ողջ կյանքի համար»: Սա գլոբալ ընդհանուր նպատակ է։ Նշանակում է, որ մինչև 2050 թվականը կստեղծվի մի աշխարհ, որտեղ կենսաբազմազանությունը կգնահատվի, կպահպանվի և կվերականգնվի բոլոր մակարդակներում։ Բնական ռեսուրսները կօգտագործվեն խելամտորեն՝ պահպանելով էկոհամակարգի բոլոր բարիքները։ Այս հայեցակարգն իրականացնելու համար անհրաժեշտ է եռանդուն գործունեություն։ Սակայն կենսաբազմազանության պահպանումը միայն քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կորպորացիաների մտահոգությունը չէ։

Մեզնից յուրաքանչյուրը կարող է նպաստել դրան.

1․ կարգի բերել շրջակայքը,

2․մասնակցել բնության վերականգնմանը՝ կամավորական շարժում,

3 չվնասել բնությանը՝ հավաքել տպավորություններ և ոչ թե նմուշներ,

4․ սպառել պատասխանատվությամբ՝ գնել ապրանքներ կանաչ տեխնոլոգիաներ օգտագործող պատասխանատու արտադրողներից,

5 խնայողություն անել՝ գնել էներգախնայող սարքեր, առավելագույն չափով օգտագործել ցերեկային լույսը,

6․ կիսվել՝ դեն նետելու փոխարեն նվիրել այն, ինչը հարկավոր չէ ձեզ,

7․ փոխել սեփական սովորությունները՝ տեսակավորել աղբը,

8․միանալ Կենսաբազմազանության օրվա տոնակատարությանը` մաքրելով այգին կամ ծառատունկ անելով:

Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, Կենսաբազմազանության միջազգային օրվա անցկացումը հետապնդում է մի շարք նպատակներ`

1կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, 2․կենսաբազմազանության պահպանության ոլորտում համայնքային եւ ազգային մակարդակներում նվաճումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում,

3նորարարական որոշումների ընդունում, որոնք կմեղմացնեն կորուստների վտանգը:

Սա այն օրերից մեկն է, երբ ևս մեկ անգամ պետք է վերանայել մեր վերաբերմունքը բնության և կենսաբազմազանության հանդեպ։ Թեև շատերը չեն գիտակցում բնության դերը մեր կյանքում, սակայն դա շարժիչ գործոն է, և կա անհրաժեշտություն վերագնահատել և պաշտպանել այն հարստությունը, որը մենք ունենք։

Կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներն են

1անտառահատումները,

2գյուղատնտեսությունը,

3․կենսառեսուրսների գերօգտագործումը,

4․ քաղաքաշինությունը,

5․ հանքարդյունաբերությունը,

6  միջավայրի աղտոտումը:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով