«Մարդը ստեղծված է ջրից»․կայացավ «H2O Emotional Exposition» նորաձևության ինտերակտիվ ցուցադրությունը

https://eco.am/%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%a8-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%bb%d6%80%d5%ab%d6%81%e2%80%a4%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%a1%d5%be-h2o-emotional-expos/

Օրերս Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ, նորաձևության էլեմենտներով համեմված, Հայաստանում առաջին աննախադեպ ինտերակտիվ ցուցադրությունը։ Երկինք, Ծնունդ, Մկրտություն, Oրհնություն, Մեղսագործություն, Ցավ, Կորուստ Դատարկություն… Kivera Naynomis հանրահայտ բրենդի հիմնադիր Արևիկ Սիմոնյանն այս բոլորը մեկտեղել էր իր «H2O Emotional Exposition» նորաձևության ինտերակտիվ ցուցադրությանը։ Իսկ ներկաները, տարբեր տաղավարներում բացահայտեցին մարդու կյանքի ճանապարհը, որը համեմված էր հայկական պատմամշակութային տարրերով եւ նորաձևության էլեմենտներով:

«H2O» ցուցադրությանն առավել խորհրդանշական ու միստիկ էմոցիաներ էր հաղորդում տաղավարներում տեղադրված հատուկ լուսային էֆեկտներն ու հնչող հոգևոր երաժշտությունը։

 

«Մեր նպատակը ոչ թե դիզայների նոր հավաքածու ներկայացնելն էր, այլ ցույց տալ, որ առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, ինչն իմ կարծիքով, ոչ թե հենց այնպես այլ ի վերուստ էր ընտրված։ Ցանկանում ենք առաջ մղել այն գաղափարը, որ հայ ենք, պայքարելու ենք եւ լինելու ենք: Մենք ունենք շատ գեղեցիկ մշակույթ եւ պետք է ցույց տանք այն ամբողջ աշխարհին»,- ասաց Kivera Naynomis հանրահայտ բրենդի հիմնադիրը և վստահեցրեց, որ գեղեցիկը եւ բարին կփրկի աշխարհը: Դրա համար մենք պետք է լինենք բարու, մեր հավատքի եւ եկեղեցու կողքին։

«44 օրյա պատերազմը մեծ հետք է թողել իմ մեջ: Այն անասելի ցավ է բոլորիս համար, բայց այս ցուցադրությամբ ցանկացել եմ ցույց տալ ոչ թե հենց պատերազմն, այլ այն, որ յուրաքանչյուր ցավ, որը կապված է նման կորուստների հետ, մեզնից տանում է ինչ-որ բան: Այս զգացողությունն է, որը փորձել ենք փոխանցել ցուցադրությամբ՝ վերնագրելով «H2O», այսինքն՝ ջուր: Ջուրը կյանքի խորհրդանիշ է, իսկ մեր կյանքն առանց ջրի պատկերացնելն ուղղակի անհնար է։ Չէ որ մենք կնքվում ենք ջրով, երբ լացում ենք, ջուր է հոսում աչքերից, ուրախության արցունքները՝ ևս ջուր է և, իվերջո, մարդը ստեղծված է ջրից», – մանրամասնեց դիզայները:

Ցուցադրության գաղափարի համահեղինակ «Արունիկ» մշակույթի զարգացման ֆոնդի հիմնադիր ԱՐՈՒՍՅԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ էլ անդրադառնալով ցուցադրության գույներին՝ ասաց, որ հիմնականում գերակշռում է կապույտն ու սպիտակը. «Օրինակ, Օրհնության սրահում փորձել ենք ցույց տալ, որ Աստված օրհնել է մեզ իր տարբեր գույներով: Մինչդեռ շատ մարդիկ կան, որ չեն նկատում Աստծուց ուղարկված այդ օրհնությունը»:

Թե ինչով է պայմանավորված, որ ցուցադրության զգեստները ներկայացված էին ոչ թե մոդելների, այլ մանեկենների միջոցով, «Արունիկ» մշակույթի զարգացման ֆոնդի հիմնադիրն այսպես պարզաբանեց. «Մտահղացումն այն էր, որ մարդն, ի վերջո, դատարկվում է եւ լքում է իր մարմինը: Բնականաբար, այս գաղափարը ներկայացնելու համար մեզ մարդ արարած հարկավոր չէր»:

«H2O» ցուցադրության հեղինակները նախատեսում են այն ներկայացնել Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ եվրոպական մի քանի երկրներում:

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։