«Աշխարհն առանց թափոնների»․ աշակերտները սովորում են փրկել մոլորակը

https://eco.am/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d6%81-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%e2%80%a4-%d5%a1%d5%b7%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%bf%d5%b6/

«Աշխարհն առանց թափոնների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հերթական դասընթացը։ Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 հիմնական դպրոցում 6-րդ դասարանցիները նոր տերմիններ են սովորել՝ «աղբի տեսակավորում», «շրջանաձև տնտեսություն», «սոցիալական պատասխանատվության բաղադրիչ» և այլն։

Մինչև այս երեխաները շրջակա միջավայրի մասին ունեին իրենց պատկերացումները։ Երբեմն սխալ։ Դասընթացից հետո տեղեկացան, որ պլաստիկը նավթից է ստացվում, թղթի թափոնի մեկ մեքենան 10 ծառ է փրկում, ինչ հետևանքներ ունի գլոբալ տաքացումը։

«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Արմեն Շեխոյանի խոսքով մարդիկ սկսել են ավելի ակտիվ տեսակավորել թափոնները։ Հատկապես թուղթը։ Բայց իրազեկման ակցիաները դադարեցնել պետք չէ, այն միայն դրական արդյունք է տալիս։

«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն էլ ներկայացնում է իր ակնկալիքները․ «Առաջին ակնկալիքը, որ աշակերտները փոխեն իրենց վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ, կարևորեն շրջանաձև տնտեսության դերը։ Աշխարհը գնում է տնտեսությունների զարգացման շրջանաձև տարբերակին։ Մեր դասընթացի կազմակերպման հիմնական մեխն այն է, որ բացատրենք դրա կարևորությունը։ Ով ուզում է դառնան, որտեղ էլ աշխատեն, չպետք է մոռանան սոցիալական պատասխանատվության բաղադրիրչի մասին»։

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության մասնագետների համար նման դասընթացը նորություն չէ։ Բնությունը թափոններից պաշտպանելու այս եղանակն ընդունված է արտասահմանում։ Սոցիալական պատասխանատվության բաղադրիչի մասին պետք է իմանալ մանկուց․ «Երեխաները ոչ միայն հասկանում են, որ շատ իրեր կարող են ունենալ երկրորդ կյանք, այլև հետևողական են լինում, որ ընտանիքի անդամները տեսակավորման հարցում սխալներ չանեն։ Այս արժեշղթան պետք է սերմանել մանկուց»։

Հանրակրթական 50 դպրոցում «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի շրջանակում արդեն տեղադրվել էին թղթի և պլաստիկի թափոնամաններ։ Ավելի շատ թափոն կուտակելու համար կազմակերպիչները խրախուսական միջոց են գտել՝ մրցույթ է հայտարարվել։ Մրցույթում հաղթող կճանաչվի այն դպրոցը, որը մեկ շնչի հաշվով ավելի շատ թափոն կկուտակի։ Արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 15_ին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով