Սիրո հավերժ երգիչ՝ շնորհակալ ենք

https://eco.am/%d5%bd%d5%ab%d6%80%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%aa-%d5%a5%d6%80%d5%a3%d5%ab%d5%b9%d5%9d-%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac-%d5%a5%d5%b6%d6%84/

Սիրո հավերժ քաղաքում՝ Երևանում, որտեղ շատերս սիրահարվել և հիասթափվել ենք, արտասվել և լիաթոք ուրախացել, արդեն մի քանի օր է ինչ թանձրացած վիշտ է: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան, բոլորիս կողմից սիրված Հայկոն՝ Հայկ Հակոբյանը, անժամանակ հեռացավ կյանքից։ Օրեր շարունակ կյանքի ու մահու հետ կռիվ տալով՝ բազում կյանքեր խլած և ցավոք արդեն սովորական դարձած քովիդի համաճարակի դեմ, Հայկոն պայքարի զենքերը վայր դրեց՝ ընտրելով հավերժի ճանապարհը։

Նա այն երաժիշտներից է, որ ողջ գործունեության ընթացքում պաքարեց անորակի դեմ՝ կերտելով իր յուրահատուկ ոճը՝ որակովը: Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն, լինի  մեղեդային, սիրո, նուրբ զգացմունքների մասին արտահայտող երգ, թե երաժշտություն հոգեհարազատ էր բոլորիս։ Մաեստրոյի, (սիրում էր երբ իրեն ընկերներն այդպես էին դիմում) ընտրած ամեն մի հնչյուն խոսուն էր ու ամբողջական՝ ինքն իրենով: Տպավորություն էր, կարծես գործիքները և նոտաները հասկանում էին նրա հոգու պարունակությունը և հեշտությամբ վերարտադրում զգացածը:

Հայկոն մի շարք՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Հոբելյանական հաճախորդ», «Գարեգին Նժդեհ», «Երկրաշարժ» ֆիլմերի և «Հարսանիք թիկունքում» ներկայացման երաժշտության հեղինակն էր: Թեպետ, հեռուստահաղորդումներից մեկում նա մի անգամ նեղսրտել էր, թե ոչ ոք չի խոսում այն մասին, որ ինքը մի շարք ֆիլմերի երաժշտությունների հեղինակն է, բայց իրեն հատուկ համեստությամբ, կրկին շարունակում էր ստեղծագործել և՛ ֆիլմերի, և՛ ընկերների, և՛ իր, և՛ արդեն սերունդների համար, ուշադրություն չդարձնելով մշակութային անտարբերությանը։ Նրա ստեղծագործությունները դեռ շատ սերունդներ կապրեցնեն՝ իրենց կատարումներով։

Սիրո հավերժ երգիչ, քո գործն անմահ է, շնորհակալ ենք քո սիրով լեցուն ստեղծագործությունների համար, դրանց միջոցով մեզ սիրո լեզվով արտահայտվել սովորեցնելու համար:

Խորին ցավակցությունն ենք հայտնում Հայկ Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և բոլորիս:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով