Որքան ջուր կխնայեն փականով ցայտաղբյուրները. լրագրողական հետազոտություն

https://eco.am/%d6%81%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d5%b2%d5%a2%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%b6%d5%a5%d6%80/

«Ջուրը կյանք է» երևանյան ցայտաղբյուրից ծարավը հագեցնելուց հետո գոհ ու ժպտադեմ ասում է յուրաքանչյուր անցորդ, կլինի համաքաղաքացի, թե՝ զբոսաշրջիկ։

Հայաստանում մաքուր աղբյուրներից բխող ջուրը համարվում է աշխարհում ամենահամեղ և ամենամաքուր ջրերից մեկը, որն առանց ֆիլտրելու ու առողջությանը վնասելու` կարելի է խմել հենց ծորակից։

Ջուրը ոչ միայն կյանք է, այլև բնության պարգև, որը պետք է խնայողաբար օգտագործել, քանի որ խմելու ջրի պաշարներն աշխարհում անսպառ չեն։ Այս ահազանգը հատկապես պետք է մտահոգի հայաստանցիներիս` այն դեպքում, երբ ունենք որակյալ, քաղցրահամ ու մաքուր խմելու ջուր, համաձայնեք՝ այն յուրաքանչյուրս էլ անխնա ենք սպառում։ Դրանց մեծ մասը՝ մշտահոս ցայտաղբյուրների դեպքում է կորուստ տալիս։

Իհարկե, անժխտելի է այն փաստը, որ ցայտաղբյուրները վաղուց դարձել են մեր երկրի խորհրդանիշներից մեկը և հանդիսանում են հայկական մշակույթի կարևոր մաս։ Աշխարհի որևէ երկրում չես հանդիպի նման հյուրընկալության, որ ամեն քայլափոխի նախ անվճար, ապա առանց առողջությանդ վնաս հասցնելու հագեցնես ծարավդ՝ ցայտաղբյուրներից հոսող քաղցրահամ ու որակյալ ջրով։ Սակայն, հայի բնավորությանը համաձայն, պարծենում ենք ցայտաղբյուրների դրական կողմերով` հաշվի չառնելով հատուցած վնասները։

Ջրախնայող ցայտաղբյուրներ

Ըստ փորձագիտական գնահատականների, կլիմայի տաքացման և տեղումների նվազման հետևանքով, 2030-2040 թվականներին Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25 տոկոսով։ Ընթացքում տեղի կունենա նաև ջրի սպառման ծավալների ավելացում։ Այդ ամենը հաշվի առնելով` 2018 թվականին ՀՀ կառավարության կողմից առաջարկվեց, ջրի սպառումը խնայելու համար մայրաքաղաքի ցայտաղբյուրները դարձնել կարգավորվող՝ փականներով կամ կոճակի սեղմումով։

Ջրաբանների հաշվարկներով՝ միջին ճնշմամբ և թողունակությամբ ցայտաղբյուրն օրական ծախսում է 3-5 խորանարդ մետր ջուր։ Իսկ այս նորամուծության շնորհիվ ծախսը նվազում է գրեթե 10 անգամ։ Ակնհայտ է, որ համակարգի ներդրման դեպքում ջրի տնտեսումն առավել քան շուշափելի է, բայց փաստ է, որ նախագիծն իրագործվեց որպես պիլոտային ծրագիր և ամեն ինչ այդքանով ավարտվեց։

Ինչու է հանրությունը դեմ ջուր խնայող ցայտաղբյուրներին

Հանրապետության տարբեր քաղաքներում, և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում ECO.am մեդիա հարթակի կատարած սոց հարցումների արդյունքում պարզվեց, որ հանրության 65%-ը դեմ է ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելուն, պնդելով, որ մեր երկրի ջրի կորուստները թող կառավարությունն այլ տեղեր փնտրի ու համաքաղաքացիներին չզրկի սառը ջրից։

Միայն 23%-ն է գտնում, որ պետք է խնայել ջրի պաշարները՝ փականով ցայտաղբյուրների միջոցով։

Իսկ 6% կողմ է խնայողությանը, սակայն՝ ցանկանում է սառը ջուր խմել ցայտաղբյուրից։

3%-ը գտնում է, որ չարժե ջուրը խնայելու համար մեր քաղաքի սիմվոլը դարձած հուշարձան-ցայտաղբյուրները «ապականել»՝ փականներով։

Պարզվեց, հանրության 3%-ն անտարբեր է և՛ ջրի խնայողության հարցում, և՛ ընդհանրապես գործող ցայտաղբյուրների գոյության համար` գերադասելով խանութից ֆիլտրած ջուր գնելու մեթոդը։

Ջրի խնայողությունն ու պատկան մարմինները

«ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսի պահպանության տեսանկյունից, փականներով ցայտաղբյուրները, որպես երևույթ, արդյունավետ և ջրախնայողությանն ուղղված միջոցառում է»,ECO.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը։

Նրա դիտարկմամբ, իրականացված պիլոտային ծրագիրը ցանկալի է, որ շարունակական բնույթ կրի և դրա համար «Վեոլիա ջուրը» պետք է միջոցներ ձեռնարկի․ «Մեր սահմանադրական պահանջն է, որ սերունդներին փոխանցենք  մաքուր շրջակա միջավայր, հատկապես՝ մաքուր ջուր։ Ուստի` կուզենայի, որ իրականացված պիլոտային ծրագիրը «Վեոլիա ջուրը» շարունակեր իրականացնել, քանի որ ցայտաղբյուրների վրա տեղադրված փականներն, իրոք, բավական օգուտ կտան՝ խմելու ջուրը խնայողաբար օգտագործելու համար։ Միանշանակ, մենք լավ ջուր ունենք, բայց եթե չշարունակենք խնայողաբար օգտագործել, մի օր անպայման կսպառվի։ Տեսեք, ներկայումս Արարատյան դաշտավայրում մեր ստորերկրյա ավազանը բավականին ցածր մակարդակում է գտնվում, որովհետեւ խմելու քաղցրահամ ջուրը օգտագործվել է տնտեսական նպատակներով, մասնավորապես՝ ձկնաբուծության մեջ»։

Մեր այն դիտարկմանը, թե համաքաղաքացիների մեծամասնությունը չի համակերպվում այդ երևույթի հետ` պնդելով, թե փականներով ցայտաղբյուրներում ջուրը տաքանում է, կորցնում սառնորակ աղբյուրի համը, նախարարության ջրային քաղաքականության վարչության պետն ասաց․ «Կսովորեն, ժամանակի ընթացքում կհասկանան, որ դա ավելի ճիշտ ու արդյունավետ մեթոդ է, և կգիտակցեն, որ հատկապես խմելու ջուրը, անսպառ չէ,- ապա համեմատական կարգով` շեշտեց․ «Դա նույնն է, որ իրենց բնակարաններում ծորակն անընդհատ բաց թողնեն նկատի ունենալով, որ եթե ջուրը բաց չի, ուրեմն` տաք է կամ խողովակներից համ է գալիս։ Բոլոր նորամուծությունների ժամանակ էլ  քաղաքացիների տեսակետներն ու մոտեցումները տարբեր են լինում, ընդամենը սովորելու խնդիր է: Միանշանակ հանրության գիտակցությունը բարձրացնելը առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ իր կողմից արված գործողությունը, թեկուզ աննշան, բայց արդյունքում ավելի մեծ ծավալ է գոյանում։ Եթե քաղաքացին չցանկացավ, այլ կարծիք ունեցավ, ինչ ուզում ես, ինչպես ուզում ես բացատրիր, կվարվի այնպես, ինչպես մինչև հիմա է վարվել»։

Երբ հետաքրքրվեցինք, թե Շրջակա միջավայրի նախարարությունն ի՞նչ է անում, որպեսզի հանրության գիտակցությունը բարձրացնի՝ ջրի խնայողության ուղղությամբ, Լ․ Աբրահմյանը շեշտեց, որ պարբերաբար իրազեկման գործընթաց է իրականացվում․«Նախարարությունը տարբեր տարիներին, տարբեր ծրագրերի շրջանակում պարբերաբար իրազեկման գործընթաց է իրականցնում, նույնիսկ՝ էկոլոգիական դաստիարակության առումով՝ մանկապարտեզներում, դպրոցներում»։

«Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պատասխանատու Մուրադ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում պնդեց, որ պայմանագրով սահմանված ցայտաղբյուրներն իրենց ընկերության գործառույթի մեջ չեն մտնում․ «Մենք հանդիսանում ենք Հայաստանի ջրային համակարգերի վարձակալ։ Վարձակալության պայմանագրում միայն մի տող կա, որով պարտավորվում ենք, մինչև 2017 թվականի հունվարի 1-ը գործող ցայտաղբյուրներին ջուր ապահովել, իսկ սպառած ջրի ծավալները՝ մեր վրայից դուրս է գալիս»։

Այսինքն, մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղադրված ցայտաղբյուրների համար է միայն «Վեոլա ջուրն» անվճար ջուր մատակարարում, իսկ դրանից հետո նոր տեղադրված բոլոր ցայտաղբյուրները ջրաչափերով են, որոնց ծախսերը հոգում են տեղադրող սեփականատերերն ու անհատները։

«2017-ից հետո տեղադրված նոր ցայտաղբյուրները կառուցվում են միայն տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությամբ և պետք է ունենան, այսպես ասած, տեր, որն անձամբ ջրաչափ կդնի և կվճարի սպառած ջրի դիմաց»,- ասում է Մուրադ Սարգսյանն ու անդրադառնալով ցայտաղբյուրներին փականներ տեղադրելու ՀՀ կառավարության առաջարկած ծրագրին` ընդգծում է, որ սա ընդամենը փորձնական ծրագիր էր, որն իրենք հաջողությամբ են իրականացրել։

«Չունենալով պարտավորություններ «Վեոլիա ջուրը» դժվարությամբ գտավ 50 փական, որովհետև այդ մշակույթը դեռ ձևավորված չէր ու շուկայում էլ չկար նման փական։ Ամեն դեպքում, գտանք, տեղադրեցինք Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում»,- պատմում է «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պատասխանատուն և թվարկում տեղադրման ընթացքում հանդիպած դժվարությունները, որոնցից ամենաբարդը հենց հանրային ընկալումն է եղել, ապա նոր՝ փականների համար չնախատեսված ցայտաղբյուրների խողովակները։

«Մեր ցայտաղբյուրները նախատեսված չեն փականներ տեղադրելու համար, պարզապես մի խողովակ է, որը դուրս է գալիս քարի միջից և ջուրը շատրվանում է։ Արդյունքում, ցայտաղբյուրների խողովակների վրա փականներ տեղադրելը շատ բարդ գործ դուրս եկավ։ Շատ դեպքերում խողովակները փթած են ու պետք է փոխվեն, իսկ ողջ տարածքը բետոնապատված է, հետևաբար պետք է ցայտաղբյուրը դեմոնտաժ անենք ու զրոյից կառուցենք՝ փողոցի ջրագծից նոր մետաղական խողովակ բերենք, վրան փական տեղադրենք, որպեսզի ծառայի իր նպատակին։ Ցայտաղբյուրը կառուցելուց հետո էլ պիտի բետոնապատենք տարածքը, իսկ հետո արդեն մտածենք ջրի արտահոսքի մասին։ Ամեն դեպքում, խնդիրը տեսանք  ողջ խորությամբ ու կարողացանք լուծել որոշ չափով։ Այդ ամենն արեցինք զուտ էնտուզիազմով, քանի որ շահագործման տարածքում ընդամենը մի բրիգադ էր աշխատում՝ 5-6 բանվոր, որոնք այդ աշխատանքին զուգահեռ նաև ջրամատակարարման վթար էին նորոգում։ Մենք հաստիքներ չունենք, որ, օրինակ, բանվորների այդ խումբը զբաղվի միայն ցայտաղբյուրների վրա փական տեղադրելով ու նորոգելով, քանի որ մեր ընկերության ֆունկցիան փողոցային ջրագծերը սպասարկելն է, մենք չունենք աշխատուժ, գործիքներ, մատակարարում, տեխնիկա»,- ջանում է իրավիճակը բացատրել մեր զրուցակիցն ու համեմատական անցկացնելով փաստում,  որ դրանք անլուծելի են թվում, երբ բախվում ես հանրային կոշտ ընկալմանն ու արձագանքին։

«Փականներ տեղադրած ցայտաղբյուրների 90 տոկոսն այլևս փականներով չի գործում, քանի որ համաքաղաքացիները հանել են վրայից։  Փականները տեղադրելիս շատերն ասացին հրաշալի է, կխնայենք մեր երկրի ջրի պաշարները, բայց, հավատացնում եմ` կրկնակի անգամ շատ բացասական արձագանքների ենք հանդիպել։ Մասնավորապես` ասում էին, որ մեր ջուրը լավն է, քաղցրահամ է ու մաքուր` մշտապես հոսելու շնորհիվ։ Փաստն այն է, որ հանրության զգալի մասը դեմ է փականներ տեղադրելուն, ընդ որում` բավականին ագրեսիվ տրամադրված։ Նրանց թվում է, թե հատուկ ենք անում, որպեսզի զրկենք ջրից։ Աբսուրդ է, բայց հանրության ագրեսիվ հարձակման էին ենթարկվում մեր աշխատակիցները, որոնց վրա  հորդուբորդ էին գալիս, թե գնացեք ձեր ջրի կորուստները այլ տեղում փնտրեք ու ցայտաղբյուրներին հանգիստ թողեք․․․»,- մեջբերում է Մ․ Սարգսյանն ու ևս մեկ անգամ պնդում, որ ծրագիրն իրականացնելուց առաջ անպայման պետք է հանրային կարծիքի հետ հաշվի նստել, իրազեկել, բացատրել։

Ըստ նրա, ագրեսիվ մեծամասնությունն իր քանակով ազդում է որակյալ փոքրամասնության հոգեբանության վրա․ «2000 ականների սկզբից հարցը միշտ էլ բարձրացվել է, բայց քանի որ մեծ մասը դեմ էր հարցն այդպես էլ մնաց»,- մտաբերեց զրուցակիցը։

Այնուամենայնիվ, նրա դիտարկմամբ կան վայրեր, որ բնակիչները սրտացավ  մոտենալով լուծում են գտել՝ «բաք» տեղադրելով․ «Այնպես են արել, որ ծորակի ջուրը լցվում է  «բաքի» մեջ, իսկ հետո պոմպ են միացնում ու ջրում շենքի տարածքում եղած գազոնները։ Ինչ կարող ես ասել կիրթ հասարակության դեպքում, երբ մտածում են ջուրը  խնայելու մասին»,- ասում է զրուցակիցն ու հավելում, որ ինդիվիդուալ մոտեցում պիտի լինի․ «Օրինակ, քաղաքում կան ցայտաղբյուրներ, որոնց վրա քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ են փականներ տեղադրել։ Կամ, գիտեմ մարդիկ, որոնք ի հիշատակ հարազատի ցայտաղբյուր են կառուցել, ջրաչափ են տեղադրել ու վճարում են սպառած ջրի դիմաց։ Սա գեղեցիկ երևույթ է, որ տեր են կանգնում իրենց տեղադրած ցայտաղբյուրին։ Դրա կողքին էլ կան նույն սկզբունքով տեղադրած ցայտաղբյուրներ, որոնք անտերության են մատնված ու որոշ ժամանակ անց շարքից դուրս են գալիս»,- ցավով արձանագրում է «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պատասխանատու Մուրադ Սարգսյանը։

Բնապահպան Սիլվա Ադամյանը ECO.am-ի հետ զրույցում բերելով արտերկրի օրինակը, թե ինչ լուրջ ու խնայողաբար են վերաբերվում խմելու ջրի խնդրին` ընդգծեց, որ Հայաստանն ունենալով խմելու մաքուր ջրի առատ պաշարներ, խնայողաբար չի օգտագործում այն։ Նրա դիտարկմամբ, անգամ Հայաստանի Հանրապետությունը մաքուր խմելու ջրով ապահովող կազմակերպություններն են բարձրաձայնում, որ խմելու ջրուրը, որը ստանում ենք մաքուր աղբյուրներից, 80%-ը ճանապարհին կորչում է, որովհետև մեր մատակարարման համակարգը շատ վատ վիճակում է։

«Ցայտաղբյուրները, որոնք մաքուր ջուր են պարունակում, ողջ օրվա ընթացքում հոսում են անընդհատ, որպեսզի անցորդները կարողանան հագեցնել ծարավը։  Հայաստանի համար այն շատ ավանդական սովորույթ է։ Սովետական միության օրոք, Երևան քաղաքի դեմքը, պատկերը հենց այդ ցայտաղբյուրներն էին։ Համամիտ եմ, շատ գեղեցիկ է, հրաշալի է, սմիվոլիկ է Հայաստանի համար, բայց, որպես բնապահպան, կարծում եմ` այո, ցայտաղբյուրները պետք է մնան, բայց խնայողաբար է պետք օգտագործել խմելու ջուրը։ Ճիշտ եմ գտնում, որ ցայտաղբյուրներն ունենան փականներ, որպեսզի անընդհատ չհոսի, այլ ցանկության դեպքում փականը սեղմեն կամ բացեն, օգտագործելուց հետո էլ անպայման փակեն»,-շեշտում է բնապահպանն ու դեմ արտահայտվողներին հիշեցնում, որ Հայաստանում ունենք վայրեր, որտեղ կարոտ են մաքուր ջրի գոյությանը․ «Բազմիցս զանգեր ու նամակներ եմ ստանում, թե որպես բնապահպան ահազանգեք՝ Նորքի այսինչ զանգվածում կամ այսինչ գյուղում օրերով ջուր չկա։ Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է մի ամբողջ օր ցայտաղբյուրից ջուր հոսել, իսկ իրենք ջրի կարոտ լինեն։ Դրա համար պետք է խնայողաբար օգտագործել ջուրը, որպեսզի խնդիրն ավելի չբարդանա։ Խնդրի լրջությունը պետք է ընկալենք, այդ մասին ջրաբաններն ու ջրագետներն անընդհատ խոսում են։ Եվ իրողություն է, որ մենք ջրային համակարգի հետ խնդիր ունենք։ Այս առումով պետք է սահմանափակենք ցայտաղբյուրների ջուրը՝ փականների գոյությամբ»։

Անդրադառնալով հանրության ագրեսիվ արձագանքին, Ս․ Ադամյանը շեշտեց, որ այստեղ առաջին հերթին անելիք ունեն պետական մարմինները, որոնք պետք է լուրջ աշխատանք տանեն հասարակության հետ։

«Պետք է լինեն ազդեցիկ գովազդային հոլովակներ, գովազդային պաստառներ։ Շատ հասարակական կազմակերպություններ էլ կան, որ զբաղվում են ջրային խնդիրներով, որոնք կարծում եմ` կարող են հանրության հետ աշխատել, բացատրել, թե ինչու են այդ փականները դրվում»,- առաջարկում է բնապահպանն ու հավելում․ «Հասկանում եմ, որ փակ ցայտաղբյուրի դեպքում ջրի համի կորուստ է լինում, բայց որքանո՞վ է այն համեմատելի ջրի կորուստների հետ։ Օրվա ընթացքում մի քանի լիտր ջուր կարող է կորչել միայն նրա համար, որ անցորդը ջուրը խմի սառնորակ և զգա հայաստանյան ջրի համը։ Համեմատական անցկացնելու դեպքում` կհասկանան, որ պետք չէ նման զոհողությունների գնալ»,- եզրափակեց բնապահպան Սիլվա Ադամյանը։

Ինչպես և ում շնորհիվ ի հայտ եկան ցայտաղբյուրները

Հայաստանը հարուստ է ցայտաղբյուրներով, որոնք Երևանում ի հայտ են եկել 1920-ական թվականներին՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի շնորհիվ։ Մինչ այդ Երևանը եղել է անապատ։ Ասում են, երբ ճարտարապետը, որի անմիջական վերահսկողությամբ է կառուցվել քաղաքը, շինարարության ընթացքին հետևելու համար ամեն օր շրջել է Երևանով ու ցուցումներ տվել բանվորներին, ճանապարհին, ծարավը հագեցնելու համար փողոցում կժերով շրջող մանկահասակ երեխաներից ջուր է գնել։ Ամեն անգամ ջուր գնելիս Թամանյանի հեղինակած հատակագծի վրա ավելացել են կապույտ կետերը, որն էլ խորհրդանշել է կառուցվելիք քաղաքի ապագա ցայտաղբյուրները։ Արդյունքում, այսօր Հայաստանի բոլոր մարզերում ունենք մշտահոս ցայտաղբյուրներ։

Որքան ցայտաղբյուր կա Հայաստանում

Ըստ «Վեոլիա ջուր» ընկերության կատարած գույքագրման, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանում կա 4791 ցայտաղբյուր։ Իսկ մի քանի ծորակ ունեցող ցայտաղբյուրների դեպքում, ընդհանուր առմամբ Հայաստանում կա 5177 ելքով 4791 ցայտաղբյուր, այդ թվում` միայն Երևանում՝ 2507-ը։

Այդ ցայտաղբյուրները տեղադրված են քաղաքի տարբեր վայրերում՝ կենտրոնական մասերում, շենքերի բակային տարածքներում, փողոցներում և այլն։ Նրանց մի մասը՝  տարբեր առիթներով են կառուցված, տարբեր անձանց ու կազմակերպությունների կողմից։

Որքան ջուր են սպառում երևանյան մշտահոս ցայտաղբյուրը

Ներկայումս Երևանի ցայտաղբյուրների գերակշռող մեծամասնությունը կարգավորվող չէ, ինչը հանգեցնում է ջրի անխնա կորստի: Դրանք տարեկան սպառում են մոտավորապես 8,5 միլիոն խորանարդ մետր ջուր։

Մոտավոր հաշվարկներով` Երևան քաղաքում տեղադրված 2000-ից ավելի ցայտաղբյուրներից միջինում ցայտում է 1 խմ ջուր՝ 3 րոպեի ընթացքում, մեկ օրում` մոտավոր 500 խմ: Բոլորը միասին մեկ օրում բաց են թողնում մոտավոր 1000000 խմ ջուր: Տարվա ընթացքում ցայտաղբյուրները 7-8 ամիս են գործում, դրանք միասին տարեկան բաց են թողնում 240 միլիոն խմ ջուր:

Հաշվի առնելով ցայտաղբյուրների միջին ՕԳԳ-ն՝ օրվա ընթացքում, երբ մարդիկ իրականում օգտվում են, կենտրոնում կազմում է մոտ 30%, հետևաբար՝ կորոստը կազմում է մոտավոր 70%: Տարվա կտրվածքով՝ Երևանի ցայտաղբյուրները կորցնում են մոտավոր 170 միլիոն խմ ջուր։

Իրազեկում՝ Միջազգային փորձ

Եվրոպական շատ երկրներ վաղուց կիրառում են նոր սերնդի ջրախնայող ցայտաղբյուրներ, դրանք կոչվում են ջրի կանգառներ, որոնք ընդամենը կոճակի մեկ սեղմումով ապահովում են երկու գործողություն․ծարավը հագեցնելու դեպքում, ամառ թե ձմեռ, մատակարարում է ֆիլտրված սառը ջուր (խմելու համար նախատեսված սովորական ջերմաստիճանով՝ 15-18), և ամռան շոգից զովանալու համար՝ ջուր է ցողում։ Վերոնշյալ ցայտաղբյուրների մի մասն աշխատում է նաև արևային էներգիայով և հանրությանն անվճար ապահովում է ֆիլտրված սառը խմելու ջուր։ Իսկ ձմռանն էլ՝ պահպանվում է ջրի խմելու համար նախատեսված ջերմաստիճանը և ամենակարևորը, չի սառչում ցայտաղբյուրի խողովակները և ավելորդ անհարմարություններ ու խնդիրներ չի առաջացնում, ինչպես սովորական՝ մշտահոս ցայտաղբյուրների դեպքում։

Մեր երկրի պատկան մարմիններին առաջարկում ենք ուսումնասիրել և կիրառել վերոնշյալ եվրոպական փորձը, որը հնարավորություն կտա միաժամանակ և՛ խնայել ջրի պաշարները, և՛ բավարարել հանրության պահանջները՝ մատակարարելով ֆիլտրված, խմելու համար նախատեսված սառը ջուր, և՛ միաժամանակ այդ ամենը գործարկել անվճար՝ օգտագործելով մեր երկրի հարուստ արևային էներգիան։ Իհարկե, գուցե մեզ նման երկրի համար, որտեղ կան բազում սոցիալական առաջնահերթ խնդիրներ, թանկ հաճույք է եվրոպական փորձը կիրառել մեզ մոտ, բայց հաշվի առնենք, որ նախ այն երկար ժամանակ կծառայի հանրությանը և կխնայի մեր երկրի ջրային պաշարները։

Eco.am-ը, վերոնշյալ հոդվածի պատրաստման ընթացքում, խորությամբ ուսումնասիրելով, չբավարարվեց միայն խնդիրը հոդվածի տեսքով բարձրաձայնելու տարբերակին, այլ անցավ գործնական քայլերի։

Eco.am մեդիա հարթակի խմբագրակազմը կառուցողական առաջարկով դիմեց հայկական արևային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններից մեկին, նախագիծ մշակել՝ արևային նոր սերնդի ցայտաղբյուրների հայկական տարբերակը ստեղծելու ուղղությամբ, որոնք զինված կլինեն նորագույն տեխնոլոգիաներով։

Հայկական արևային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններից մեկի գլխավոր ինժեներ Ներսես Հակոբյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց․ «Ձեր առաջարկած գաղափարը լիովին հնարավոր է իրականություն դարձնել, քանի որ այսօր Հայաստանում նման ցայտաղբյուր ստեղծելու համար բոլոր նախադրյալները կան»։ Ներսես Հակոբյանի հետ փորձեցինք ստանալ նմանատիպ ցայտաղբյուրի եռաչափ մոդելավորումը, որպեսզի հասկանանք մեկ նմանատիպ ցայտաղբյուր ունենալու մոտավոր արժեքը։ Այն կազմեց 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը ցայտաղբյուր լինելուց բացի, հնարավորություն կտա համաքաղաքացիներին լիցքավորել իրենց սմարթֆոնները, իսկ երեկոյան և գիշերային ժամերին, կլուսավորվի տարածքը։

Ժամանակակից սմարթ ցայտաղբյուրները կունենան նաև կենդանիների համար նախատեսված հասանելի հատված։ Այսինքն, ոչ թե, ինչպես այսօր, համաքաղաքացիները ցայտաղբյուրներից կօգտվենք կենդանիներին զուգահեռ, այլ՝ առանձնացված ցայտաղբյուրներով։ Խոստովանենք, որ հաճախ ենք առնչվել նման խնդրի հետ, երբ, օրինակ, շունը կամ կատուն ցատկում են ցայտաղբյուրի վրա՝ ծարավը հագեցնելու, իսկ մենք հակահիգենիկ տեսարանից գերադասում ենք ծարավ մնալ, քան՝ կենդանու հետ խմել նույն ցայտաղբյուրից։ Իհարկե, ոմանք խմում են, հատկապես կենդանասերները՝  հաշվի չառնելով, որ նախ այն կարող է կենդանուց մարդուն փոխանցվող հիվանդության պատճառ դառնալ և հետո՝ համաձայնեք, որ նման տեսարանը ոչ միայն հակահիգենիկ է, այլ նաև տգեղ՝ էսթետիկ առումով։

Արևի էներգիայով աշխատող այս սմարթ ցայտաղբյուրը կապահովվի սառնորակ և ֆիլտրված մաքուր ջուր՝ տարվա բոլոր եղանակներին։ Ինչպես նաև կունենա գովազդային կամ տեղեկատվական վահանակներ տեղադրելու հնարավորություն։ Հենց այդ վահանակներն էլ կարող են դառնալ սմարթ ցայտաղբյուրների «հովանավորը»՝ այսինքն, նրանց վճարված գումարներով ոչ միայն կտեղադրվի, այլ նաև հետագայում կհոգա սմարթ ցայտաղբյուրի խնամքի համար առաջացած ծախսերը։

 

 

Եզրակացություն

Վերոնշյալ հոդվածի նպատակն է ներկայացնելու այս խնդրի իրական պատկերը։ Այժմ, խնդիրն ավելի խորությամբ ուսումնասիրելով եկանք այն եզրահանգման, որ Հայաստանում ջրախնայող փականներով ցայտաղբյուրների տեղադրմանը հանրությունը բացասական վերաբերմունք ունի, իսկ պատկան մարմինները՝ հակված են խնդրի կարգավորման խնայող տարբերակին։ Պարզապես, պատկան մարմինները հանրությանն իրազեկելու գործում ահռելի աշխատանք ունեն կատարելու։

Կարևոր է, որ այդ իրազեկման միջոցով հանրությանը ներկայացնել, բացատրել, ինչու չէ, նաև համոզել, թե որքան մեծ նշանակություն ունեն ցայտաղբյուրների վրա տեղադրվող փականները, որոնց կիրառման դեպքում որքան ջուր կխնայենք։

Այնուամենայնիվ, հուսով ենք, որ ճիշտ ու գրագետ իրազեկման արշավի շնորհիվ, գիտակից հանրությունը կգա այն համոզման, որ փականով ցայտաղբյուրները անհրաժեշտ են, որոնցով պետք է արագ ապահովել հանրապետության բոլոր ցայտաղբյուրները, որպեսզի մեկ օր շուտ կարողանանք խնայել սպառվող ջրի պաշարները։

Համոզված ենք, որ որոշ ժամանակ անց, ջրի խնայողությունը կդառնան մեր համաքաղաքացիների առօրյայի մի մասը։

Eco.am մեդիա հարթակը, իր ընթերցողներին հրավիրում է բաց քննարկման և առաջարկում մեզ հետ մաս կազմել այս խնդրի լուծման գործում։ Ձեր տեսակետները, հարցի լուծման տարբերակները գրեք՝ կայքում «Թողնել մեկնաբանություն» նախատեսված հատվածում։

Լուսանկարները՝ Eco.am մեդիա հարթակի արխիվից՝ նկարահանված սմարթֆոնով

20 thoughts on “Որքան ջուր կխնայեն փականով ցայտաղբյուրները. լրագրողական հետազոտություն

  1. Ամալյա

    Սմարթ պուլպուլակների գաղափարը շատ լավնա, ասա իրագործեն պատկան մարմինները:

  2. Rita Araqelyan

    Eco.am lav ban eq arajarkum, bayc chenq havatum, vor etqan kxoraran, erkrum enqan xndir ka vor es mekin hasnen.

  3. Artmard

    Ամեն ինչ էլ իրա ժամանակին կարվի, խնդիրները հենց դրա համար են, որ լուծվեն, էտքան անհավատ մի եղեք: Ուզենք չուզենք աշխարհից հետ չպետքա ընկնենք:

  4. Khachik Markosyan

    Nyuty hetaqrqir kardacvec,. Liqy nor ban imacanq, etqan lurja jri harcy uje, vor petqa senc qayleri gnanq.

  5. Արև

    Սրտանց կուզեմ, որ սկսենք ավելի խնամքով ու սիրով վերաբերվենք մեր երկրին ու մեր բնակախն ռեսուրսներին։

  6. Մարգարիտա Մարկոսյան

    Ցայտաղբյուրից ջուր խմելով՝ անցնողները խոնարհվում են եւ իրենց օրհնությունն են տալիս այն մարդուն , ում հիշատակին այն կանգնեցված է: Ցայտաղբյուրները մեզ համար շատ թանկ են, ափսոս շատ, որ նման խնդիրներ ունենք: Առաջարկված լուծումը նորարարական է, բայց որքանով է այն մեր ճարտարապետական լուծումների հետ համահունչ: Ամեն դեպքում շնորհակալություն ձեր խմբագրությանը այսքան մասնագիտորեն ամեն մի նյութին անդրադառնալու համար:

  7. Saqo

    Jurnel anjateq, amen inch harameq. Verjum shnchelu hamarel en ody anjatelu miacnelu.

  8. Նունե

    Eco.am բա չեք վախում, որ մեր անշնորքները կկոտրեն, կվնասեն էտ սմարթ պուլպուլակները, մերոնք վայրենի են:

  9. Arno Davtyan

    Mer qaxqum shat ban petqa poxvi, sksac kangarneric verjacrac zibili arkxeric.

  10. Marina Grigoryan

    Քանի որ անրադարձել եք ցայտաղբյուրների թեմային՝ ամենակարևոր խնդիրը դա ցայտաղբյուրների տեղաբաշխումն է՝ գիտե՞ք, որ նշված ցայտաղբյուրների զգալի մասը բակային ներս ընկած տարածքներում են՝ ժամանակին բնակիչների կողմից տեղադրվել են և անհասկանալի անհաշվիչ աշխատում են՝ ծառայելով միայն բակի բնակչին և պատահական անցորդին (այսօր բակ կա, որտեղ 100 մետրի վրա 3 ցայտաղբյուր կա): Հարցը կանոնակարգման կարիք ունի:

  11. Կարեն Չիլինգարյան

    Շատ սպառողներ անխնա են օգտագործում ջուրը ջրաչափից դուրս։ Շատ կա ջրագողություն։ Գիտենք, ամռան սեզոնում հիմնականում այգիները ջրում են խմելու ջրով։ Հասարակ օրինակ բերեմ. շենքերի բակերի ցայտաղբյուրների ջուրը հերիք չէ ամբողջ օրը գնում են, կողքից էլ մի հատ ծորակ է դրված, ռետինե խողովակը միացրած է գիշեր-ցերեկ

  12. Գոհար

    Լավ գաղափար է, հետաքրքիր լուծում եք գտել։ Մեծ հույսով կսպասենք իրականացմանը։

  13. Սիրան

    Վայ, ինչ լավ թեմա եք բացել, կեղնի մեր գյումրվա պուլպուլակներն էլ տիրություն անեք???

  14. Karlen Zaqaryan

    Et pakanner dnelu November dem a tox ga mi qani or Masisum apri, jur gni cisterneric vor erexen maqur jur dni voch te Artezyan jur not khaskana mer vijaky. Anpayman perq a pakanner dnel

  15. Xi Aida julhakyan

    Vonc asum en eshn inch giti nushn inch a. Et dem ylnoxnery mi or aranc jri kapren vor tenc mec mec prtum en te tox jury ankap gna aranc pakelu.

  16. Նորայր Բաղդասարյան

    Որպես Հայաստանի քաղաքացի, կողմ եմ, որ բոլոր ցայտաղբյուրները խնայող լինեն, վաղվա օրվա մասին էլ մտածեք: Օրինակ ինձ դուր եկավ սմարթ ցայտաղբյուրների տարբերակը, պատրաստ եմ աջակցել, անգամ ինձ շրջապատող մարդկանց կսկսեմ իրազեկել, որ խնայեն ջուրը

  17. Sargis

    Ankexc et arevayin caytaxbyurneri tarberakn dzec indz henc nra hamar vor shnery u katunery pti arandzin Xmenn. Misht zzvel em vor qo hamar jur es xmum u mi achqov el tesnum Es vonc a shuny qo het Havasar xmum, ara shat andur a tenc.

  18. Լուսինե Դանիելյան

    Eco.am լավ տարբերակ եք առաջարկում, բայց ճիշտ կլինի նախագիծ կազմեք դիմեք կառավարությանը, կարծում եմ այդպես ավելի գործնական քայլ կանեք, թե չէ չեմ կարծում, որ մեր պատկան մարմինները կկարդան ձեր օգտակար առաջարկ-հոդվածը, նրանք երկար բաներ չեն սիրում կարդալ

    • Բագրատ Բաղդասարյան

      Լուսինե Դանիելյան, որ երկար բաներ չկարդան էտ նախագիծն էլ չեն կարդա, բայց իսկապես, պետք է համախմբվենք ու մի բան անենք, սենց որ անխնա պուլպուլակներից ջուրը գնա, կամ բռնեն խալի ու բուրս լվան վաղը սկի խմելու ջուր չենք ունենա

  19. Վարդան Պապիկյան

    eco.am ջան, խնդրում եմ Մասիս քաղաքի ու հարակից գյուղերի ջրի մասին բարձրաձայնեք, ախր մեխկ ենք, ասենք արտեզյան ջուր ա գալիս մեր կռանթներից, մեռանք ցիստեռներով ջուր առնելով, էտ պատկան մարմինները թքած ունեն մեր առողջության վրա

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։