Eco.am-ն իր ընթերցողների ամառային օրերը հնարավորինս զով դարձնելու համար շարունակում է ներկայացնել երևանյան գողտրիկ հանգստի գոտիները, որոնք իդեալական հնարավորություն են տալիս միաժամանակ վայելել և՛ հանգիստը, և՛ բնությունն ու մաքուր օդը։ Իսկ դրա համար, ամենևին էլ պարտադիր չէ Երևանից դուրս վայրեր փնտրել։
Այսօր կխոսենք Հայաստանի ազգային արժեք համարվող Երևանի բուսաբանական այգու մասին, որը մայրաքաղաքի բնակիչների համար ծառայում է որպես եզակի հանգստի գոտի։ «Քաղաքից դուրս՝ քաղաքի ներսում» սկզբունքով այգում կարել է զբոսնել, պիկնիկ կազմակերպել, սպորտով զբաղվել, ինչու ոչ նաև հարսանեկան ու անհատական ֆոտոսեսիաներ կազմակերպել։
Երբ է հիմնադրվել
Շուրջ 86 տարի առաջ՝ 1935 թվականին, Երևանի Նոր Նորքի և Ավանի վարչական շրջանի հատող հատվածում, անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանը, Ա.Ա. Հախվերդովը և Ն.Վ. Միրզոևան 80 հա տարածքում հիմնադրեցին Երևանի բուսաբանական այգին, որտեղ կա 1100 բուսատեսակ։ Գիտական հավաքածուները և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքները զբաղեցնում են այգու տարածքի շուրջ 60-61 հա: Երևանի բուսաբանական այգի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատության գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։

Այգու «բնակիչները»
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։
Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ՝ մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ։
Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար։ Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։
Հողամասի մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին՝ ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրաճահճային ցենոզներ և այլն։
Նշված բուսատեսակների գիտական հավաքածուների ստեղծումը բուսաբանական այգիներում և դրանց էկոլոգիական հարմարողականության բացահայտումը ունի չափազանց կարևոր գիտական և գործնական նշանակություն։
Բուսաբանական այգու տարածքում հողերի տարբեր ցուցանմուշային մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, հավաքածու-հողամասում աճեցվում են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։ Այստեղ ցուցադրված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող մոտ 70 բուսատեսակներ, որից 38-ը ներառվել է ՀՀ Կարմիր գրքում:
Մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին՝ ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրաճահճային ցենոզներ և այլն։

Ջերմատուն այգու տարածքում
Երևանի բուսաբանական այգում, մինչև 1992 թվականը, գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ։ Ցավոք, այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։
Դենդրարիում
Երևանի բուսաբանական այգու կազմի մեջ մտնում է նաև 4 դենդրարիում։ Դենդրարիումը կամ դենդրոպարկը հողամաս է, որտեղ տեղաբաշխված են բաց գրունտի պայմաններում աճող ծառերի, թփերի և փաթաթվող բույսերի հավաքածուներ, որոնք ստեղծվում են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ հատկանիշներով։ Երևանի բուսաբանական այգու դենդրարիումը ստեղծվել է էկոլոգաաշխարհագրական սկզբունքով։ Այստեղ տեղաբաշխված են Կովկասի, Ղրիմի, Սիբիրի, Արևելյան Ասիայի (Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Հեռավոր Արևելք), Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դենդրոֆլորաների ներկայացուցիչներ։
Վարդերի կոլեկցիոն հողամաս «Rosarium Helveticum »
1980 թվականին Բուսաբանական այգու վարդերի հավաքածուն կազմում էր մոտ 300 սորտ։ 1990-ական թվականներին, Հայաստանում տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հետևանքով, Բուսաբանական այգու էքսպոզիցիոն-ցուցադրական վարդերի հավաքածուն, մյուս կանաչ տնկարկների հետ մեկտեղ, լուրջ վնասներ կրեց։ Միայն 2011 թվականին Հայաստանում գտնվող Շվեյցարական դեսպանության ֆինանսական աջակցությամբ, հնարավոր եղավ ստեղծել վարդերի էքսպոզիցիոն հողամասը՝ 2000 քառակուսի մետր և ի պատիվ Շվյեցարիայի, այն անվանվեց «Rosarium Helveticum»:
2011 թվականից ի վեր, Երևանի Բուսաբանական այգում իրականացվում է վարդերի տարբեր սորտերի ներմուծում և կլիմայավարժեցում Բուսաբանական այգու հողա-կլիմայական պայմաններին` նպատակ ունենալով բացահայտել դրանց հարմարողականությունը։ Ներկայումս վարդանոցում առկա է 27 սորտի վարդ, որոնք ընդգրկված են հետևյալ խմբերում՝ թեյա-հիբրիդային, պոլիանտ կամ բազմածաղիկ վարդեր, ֆլորիբունդա, պուրակային վարդեր, փաթաթվող վարդեր։
Նշված բոլոր սորտերը լավ հարմարվել են Բուսաբանական այգու կտրուկ փոփոխվող կլիմայական պայմաններին և ձմռան ծածկոցի տակ (խորը բուկլիցի դեպքում) նորմալ ձմեռում են։
Հնէաբուսաբանական թանգարան
Բուսաբանական այգու տարածքում է գտնվում նաև հնէաբուսաբանական թանգարանը, որը հիմնադրվել է 2008 թվականին Ֆոլքսվագենի հիմնադրամի գերմանա-հայկական ծրագրի օգնությամբ։ Այստեղ ցուցադրված է բրածո բույսերի կենսաբազմազանությունը Հայաստանում` ներկայացված թխկիների, կաղնիների և բարդիների նմուշներով, ինչպես նաև սոսու ժամանակակից տերևների չափերի ու ձևի մեծ բազմազանությամբ։
Երևանի կիսաանապատային գոտում գտնվող բազմազան բուսական հավաքածուներով հարուստ այգին ծառայում է որպես յուրահատուկ հանգստավայր՝ հանրապետության բնակչության և զբոսաշրջիկների համար։
Ինչ բուսատեսակներով է համալրվել այգին
Վերջին տարիներին համալրվել ու հարստացել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդը (շուրջ 30 տեսակ), ծաղկային բույսերինը 12 նոր գեղազարդ անվանումներով։ Բարեկարգվել և գեղազարդ ձևավորվել է բուսաբանական այգու կենտրոնական մասում գտնվող 2000 մ 2 մակերեսով կոլեկցիոն վարդանոցը, որտեղ ներկայացված է վարդի 20 սորտերի շուրջ 800 թուփ։
Եզակի այգու մուտքն արժե ընդամենը 300 դրամ։






Թողնել մեկնաբանություն