Սիբիրախտի դեպքեր Գեղարքունիքի մարզում

https://eco.am/%d5%bd%d5%ab%d5%a2%d5%ab%d6%80%d5%a1%d5%ad%d5%bf%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%a5%d6%80-%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a1%d6%80%d6%84%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%84%d5%ab-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%b8/

«Գեղարքունիքի մարզի Վանեւան եւ Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը` նրանց ազգականը: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ թեթեւ։

Սիբիրախտի նկատմամբ հետազոտվել է նաեւ Վանեւան բնակավայրից եւ արոտավայրերից վերցված 4 նմուշ հող, որոնց մեջ սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի փոխանցմամբ՝ սիբիրախտը հողային ինֆեկցիա է, եւ չոր հողերում, ինչպես մեր մոտ է՝ ամենաշատն է տարածված:

«Այստեղ տեսեք, ինչն է հետաքրքիր. արոտային շրջանը մեզ մոտ սկսվում է ապրիլի վերջից: Այսինքն, երբ օրերը տաքանում են, անասուններին քշում են արոտ: Հիմնականում նույն գյուղի կենդանիներն արածում են նույն տեղը: Իսկ սիբիրախտը հարյուրամյակներով հողում պահպանվում է, ու ՀՀ ամբողջ տարածքն ազատագրված չէ դրանից: Դրա համար մենք բոլոր անասուններին սրսկում ենք, ներառյալ՝ խոզերին: Սիբիրախտը չի փոխանցվում կենդանուց կենդանուն. հողով, մսով է փոխանցվում: Հարց է, թե ինչու հենց Վարդենիսի տարածաշրջանում՝ դեպի Սոթք տանող ճանապարհի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը:

ՍԱՊԾ նախկին պետը նշեց՝ շատ հնարավոր է, որ դա լինի սիբիրախտի այլ շտամ, որը բավականին ուժեղացված է եւ որից չի պաշտպանում ամբողջ աշխարհում երկար տարիներ կիրառվող պատվաստանյութը:

Խոսելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին՝ Գրիգոր Գրիգորյանն առաջին հերթին կարեւորեց անասնագլխաքանակի պատվաստումը, հատուկ անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացումը:

«Արոտավայրը պետք է փակվի, հականախվի, հողից նմուշներ վերցնեն եւ հասկանան տարածվածությունը: Պետք է որոշել՝ սա բնակա՞ն, թե՞ լաբորատոր հարուցիչ է: Արոտավայրում պետք է զոնավորում կատարվի, որպեսզի կենդանիներն անապահով տարածքում չգնան արածեն, որովհետեւ հնարավոր է, եթե չվարակվեն՝ սիբիրախտի սպորները տարածեն, բերեն բնակավայր»,- եզրափակեց ՍԱՊԾ նախկին պետը:

Հավելենք, որ սիբիրյան խոցը վարակիչ, մանրէային ծագման, զոոնոզ հիվանդություն է:

Վարակի աղբյուրը խոշոր եւ մանր եղջերավոր անասուններն են, ձիերը եւ ուղտերը:

Հիվանդության ընթացքում կենդանիները արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ, որը դառնում է հարուցչի լրացուցիչ պահոց: Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի:

Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը եւ դրանցից կազմված առարկաներն իրենցից երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում:

Մարդը մեծ մասամբ վարակվում է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու հարկադիր մորթի ժամանակ, կենդանու միսը եւ մսամթերքը սննդում կիրառելիս, անկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի եւ այլնի հետ ուղղակի շփման հետեւանքով, հիվանդ կենդանիներին խնամելիս:

Հնարավոր է նաեւ վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման եւ սպորներ պարունակող աէրոզոլներ շնչելու հետեւանքով:

Տարբերում են սիբիրյան խոցի 4 կլինիկական ձեւ՝

Մաշկային՝ ամենահաճախ հանդիպող կլինիկական ձեւն է: Այն զարգանում է խախտված մաշկի միջոցով սիբիրյան խոցի սպորների թափանցելու հետեւանքով:

Ախտանշաններ՝ տենդ, մանր բշտերի եւ խոցերի խումբ, որոնց շրջանում առկա է քորի զգացողություն, մաշկի անցավ խոց՝ սեւ կենտրոնով, այտուց խոցի շուրջը:

Ստամոքսաղիքային՝ զարգանում է, երբ մարդը սննդում օգտագործում է բավարար ջերմային մշակման չենթարկված վարակված կենդանու միս եւ ենթամթերք:

Ախտանշաններ՝ տենդ, պարանոցի եւ պարանոցային ավշային հանգույցների այտուց, ցավ կոկորդում, ցավոտ կլման ակտ, խռպոտություն, սրտխառնոց եւ փսխում, հատկապես՝ արյունային, դիարեա կամ արյունային լուծ, գլխացավ, որովայնի ցավ, ուշագնացություն, որովայնի (ստամոքսի) այտուց:

Ինհալյացիոն՝ զարգանում է, երբ մարդը շնչում է սիբիրյան խոցի սպորներ:

Ախտանշաններ՝ տենդ, կրծքավանդակում տհաճ զգացողություն, հեւոց, գիտակցության խառնվածություն կամ գլխապտույտ, հազ, ցավ կրծքավանդակի ստորին հատվածում, սրտխառնոց, փսխում, գլխացավ, քրտնարտադրություն, հաճախ՝ առատ, ծայրահեղ հոգնածություն, մկանացավեր:

Ներարկումային՝ դիտվում է ներերակային հերոին ընդունողների շրջանում:

Ախտանշաններ՝ նման են մաշկային սիբիրյան խոցին, սակայն կարող են ախտահարվել մաշկի խորը շերտերը եւ մկանները»։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով