Կոսմետիկ միջոցները լայնորեն մտել են մեր կյանք․ միլիոնավոր կանայք, առանց կոսմետիկ միջոցների կիրառության կյանք չունեն, բայց որոշ ժամանակ անց բախվելով արեգիայի տարատեսակ դրսևորումների հետ, զարմանում են, թե՝ ինչո՞ւ։
Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է որոշ կոսմետիկ միջոցներ, որոնց կիրառությունը երբեմն առաջացնում է ալերգիաների տարբեր դրսևորումներ։
Մազերի տարատեսակ ներկերի, դեմքի կրեմների, գրիմների, օծանելիքների, եղունգների լաքի, լոսյոնների, շրթներկների բաղադրության մեջ նորանոր քիմիական միացություններ են մտնում։ Արդյունքում, այս կամ այն կոսմետիկական միջոցը հաճախակի օգտագործելով առաջացնում է մաշկի բորբոքում։ Որոշ կոսմետիկ միջոցներ կարող են հենց առաջին օգտագործման ժամանակ բորբոքում առաջացնել, դա նշանակում է, որ Ձեր մաշկը բնածին գերզգայուն է։
Քիչ չեն ձեռքբերովի ալերգիաների դեպքերը՝ մազի ներկելուց հետո։ Առաջին նշանները գլխի մազածածկ մասի քորը և այրոցն է, դրանից հետո կարող է առաջանալ այտուց, որը սովորաբար սկսվում է ականջների հետևից և տարածվում ճակատի, այտերի կողմը և գլխի մազածածկ մասը։ Երբեմն, կոպերն այնքան են այտուցվում, որ աչքերը հնարավոր չի լինում բացվել։ Այտուցված և կարմրած մաշկի մակերեսին առաջանում են բշտիկներ։Մի քանի օրվա ընթացքում այդ երևույթները գրեթե անցնում են, բայց լիակատար վերականգնվում է 10-15 օր հետո, համապատասխան բուժման դեպքում, ուղեկցելով մաշկի թեփոտմամբ, առանց մազերը թափվելու։ Բորբոքման առաջին նշանները զգալուն պես՝ քոր, այրոց, մազերը անմիջապես լվացրեք հետևյալ խառնուրդի լուծույթով՝ 150 գրամ ծովի աղ, 1 լիտր ջուր, 50-60 գրամ թթվածնային աղ։
Ժամանակին դիմեք բժշկական օգնությանը։ Կարող եք ընդունել ալերգիայի դեմ դեղահաբ, իսկ մաշկին քսել համապատասխան կրեմ։
Մազերը գանգրացնելիս կարող է առաջանալ ալերգիկ դերմատիտ՝ գանգուրների դիմացկունության համար օգտագործվող քիմական նյութերիցը։ Այն առաջացնում է քոր, կարմրություն, մաշկի ուժեղ չորություն։
Շրթներկը կարող է առաջացնել բորբոքում՝ շրթնաբորբ, որն արտահայտվում է շրթունքների լորձաթաղանթի չորությամբ, ճաքերի առաջացմամբ, այտուցվածությամբ, այրոցով և թեփոտմամբ։ Երբեմն այդպիսի բորբոքումը կարող է տարածվել շրթունքների շուրջ։
Ի դեպ, դրա համար հակացուցված է ուրիշի անձնական օգտագործման շրթներկն օգտագործելը։
Կոպերի ներկն առավել հաճախ առաջացնում է ալերգիկ մաշկաբորբ, որի դեպքում նույնպես առաջանում է քոր, կարմրություն, այտուց, մաշկի թեփոտում։
Եղունգների լաքը, թեև շատ հազվադեպ, կարող է առաջացնել ոչ միայն եղունգամերձ հյուսվածքների բորբոքում, այլև կարմիր բծեր, այլ տեղերում՝ կոպերի, դեմքի, պարանոցի վրա, նույնիսկ՝ ոտքերին։
Օճառը, ինչպես նաև մյուս մաքրող պատրաստուկները, կարող են պարունակել ալերգիա առաջացնող նյութեր, որոնք օգտագործելիս դեմքի մաշկը չորանում է, թեփոտվում, առաջանում է քոր, հատկապես, եթե մաշկը չոր է ու զգայուն։
Օծանելիքներ, կոսմետիկական ջրեր և մյուս միջոցները, որոնք պարունակում են բերգամոտային յուղ, նույնպես կարող են առաջացնել մաշկաբորբ։ Այս յուղը մաշկը չափազանց զգայուն է դարձնում արևի ճառագայթների նկատմամբ, որի հետևանքով այն բորբոքվում է, հետագայում այդ միջոցների օգտագործման տեղերում առաջացնելով մաշկի պիգմենտավորում։
Լոսյունների, օծանելիքների, կրեմների, օճառների և մյուս կոսմետիկ միջոցների կազմության մեջ մտնող զանազան եթերային յուղերը նույնպես կարող են առաջացնել մաշկի բորբոքում։
Երբեմն ալերգիկ գերզգայունություն են առաջացնում որոշ հակաքրտինքային միջոցներ՝ թևատակերի դեզոդորանտների, դեպիլյատորների՝ մազերը հեռացնող միջոցների, ատամի մածուկների, հոնքերի մատիտների, թարթիչների տուշերի նկատմամբ։
Բոլոր դեպքերում, մաշկի բարձր զգայունության կամ բորբոքումների դեպքում, որոնք առաջանում են ենթադրվող կոսմետիկ միջոցների ազդեցությունից, անհրաժեշտ է դրա օգտագործումը դադարեցնել և դիմել մաշկաբանին։






Թողնել մեկնաբանություն