Ողնաշարը չի ընդունում թեք դիրքեր․ համակարգչի առաջ ուղիղ նստեք․ խորհուրդ է տալիս կինեզիթերապևտը

https://eco.am/%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a1%d5%b7%d5%a1%d6%80%d5%a8-%d5%b9%d5%ab-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a9%d5%a5%d6%84-%d5%a4%d5%ab%d6%80%d6%84%d5%a5%d6%80%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d5%b4/

Վերջին մեկ տարվա ընթացքում, հեռավար աշխատանքի շնորհիվ, օրվա մեծ մասն անցկացնում ենք համակարգչի առջև։ Նստակյաց կյանք վարելով, երբեմն ուշադրություն չենք դարձնում, որ դրանով վտանգում ենք մեր առողջությունը։

Կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանն Eco.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային փաստում է, որ նստակյաց կյանքի արդյունքում հիմնականում վնասվում է ողնաշարը․ «Ողնաշարին շարժ է պետք, այլապես այն «ժանգոտվում» է՝ բնությունն է այդպիսին։ Եթե երկար ժամանակ այն չի շարժվում արդեն առողջական խնդիրներ են առաջանում։ Ընդհուպ, բանը հասնում է մինչև վիրահատության։ Երբ ողնաշարն ակտիվ շարժվում է, ապա ավտոմատ ապահովվում է արյան ճիշտ շրջանառություն և մկանները չեն ենթարկվում ատրոֆիայի»,- ասում է կինեզիթերապևտն ու թվարկում նստակյաց կյանք վարելու հետևանքով ձեռք բերվող հիվանդությունները․ «Հիմնականում ավելանում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը։ Նստած ժամանակ ողնաշարի՝ հիմնականում գոտկային հատվածում ծանրաբեռնվածությունը 15 անգամ ավելի շատ է, քան այլ դիրքերում։

1․ Նստակյաց ապրելակերպը հիմնականում բերում է ճարպակալման, իսկ արդեն  ավելորդ քաշն ազդում է ողնաշարի վրա։

2․ Առաջանում է պարանոցային օստեոխոնդրոզ, որը հիմնականում ի հայտ է գալիս  համակարգչային աշխատողների մոտ։ Արդյունքում, վերին վերջույթներում ունենում են ցավ և թմրածություն, ցավ՝ պարանոցային հատվածներում, գլխացավեր, զարկերակային արյան ճնշման տատանումներ, տեսողության խախտում։ Կամ, երբ մարդը ոչ մի ֆիզիկական վարժություն չկատարելով, ունենում է ավելորդ քրտնարտադրություն։

3․ Առաջանում են նաև կեցվածքի հետ կապված խնդիրներ, երբ պարանոցը գալիս է դեպի առաջ։

4․ Նստակյաց դիրքը վտանգավոր է կրծքային հատվածի համար․ առաջանում է կիֆոզ՝ կուզ։ Այդ հատվածում կարող են առաջանալ նաև միջկողային նևրալգիաներ, տպավորություն ստեղծվի, թե սրտային կամ թոքային խնդիր է, բայց հիմնականում ցավը գալիս է ողնաշարի կրծքային հատվածից։

5․ Ամենաշատը ծանրաբեռնվում է գոտկասրբանային հատվածը, ստորին վերջույթի հետ կապված առաջանում են խնդիրներ, ցավեր։ Գոտկային հատվածում զգում են թմրածություն, ոտքերի թուլություն, իսկ ճողվածքների դեպքում կարող է  լինել ոտքի անջատում՝ մկանների թուլություն, երբ ոտքը չի ենթարկվում»,- պարզաբանում է բժիշկը։

Ըստ մասնագետի, կա նստակյաց ապրելակերպի երկու տեսակ, երբ աշխատանքի բերումով մարդը ստիպված է օրն անցկացնում նստած, և երբ մարդիկ ալարում են շարժվել, տեղից վեր կենալ։ Երկուսի դեպքում էլ, Ա․ Նալբանդյանը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր ժամը մեկ շարժվել․ «Հարկ է յուրաքանչյուր ժամը մեկ վեր կենան, քայլեն, կատարեն թեթև վարժություններ, կամ ՝ գոտկատեղի պտույտներ, որպեսզի գոտկատեղի ռոտացիան շարժվի։ Կամ, գոնե նստած դիրքում ողնաշարը ոտքերի հետ կազմի 90 աստիճան, քանի որ ողնաշարը չի ընդունում թեք դիրքեր՝ կիսապառկած, կիսանտած, թեքված աջ կամ ձախ, հետ կամ առաջ։ Շատ հարմար է ու օգտակար, երբ նստած ժամանակ գոտկային հատվածի հետևի մասում, փոսիկի հատվածում, դնում են փոքրիկ բարձիկ, որպեսզի հենվեն և բնական ֆիզիոլոգիական տեսքով ծանրաբեռնվածությունն ավելի քիչ ընկնի ողնաշարի գոտկային հատվածի վրա»,- խորհուրդ է տալիս բժիշկը։

Զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ օրվա 12 ժամն անցկացնում ենք նստած․ «Օրն ունի 24 ժամ, որից 8 ժամը քնում ենք, արթնանալուց հետո նստած սնվում ենք, հետո ավտոմեքենայով, երթուղայինով կամ տաքսիով գնում ենք աշխատանքի ու աշխատավայրում էլ ենք նստում։ Երեկոյան՝ ընկերների հետ գնում ենք հանդիպման սրճարանո, որտեղ կրկին նստում ենք։ Այսինքն՝ քնում ենք 8 ժամ, նստում՝ 12 ժամ, պետք է փոխել կյանքի ռեժիմը»,- ասում է բժիշկն ու պնդում, որ դրա համար կան շատ այլընտրանքային  միջոցներ։ Կարելի է հնարավորինս շատ քայլել, զբոսնել, ֆիզիկական վարժություններ կատարել, գնալ սպորտի, ֆիթնեսի, լողի։

Երբեմն, մարդիկ բժշկին դիմելու փոխարեն ականջալուր են լինում բարեկամի կամ հարևանի տնայնաբուժության մեթոդներին։ Կինեզիթերապևտն այդ հանգամանքից չի նեղսրտում, պարզապես փաստում է․ «Ոչ ավանդական բժշկության դեպքում էլ առողջությանը կարելի է մոտենալ գրագետ և ոչ գրագետ։ Ճիշտ է, հնուց եկել են ոչ ավանդական բժշկության մեթոդներ, որոնք շատ դեպքերում օգնում են և կարող են ծառայել որպես կանխարգելիչ մեթոդ։ Բայց, դեպքեր են լինում, որ ցավերի դեպքում, երբ հիվանդը գնում է այդ «մասնագետների» մոտ, վերջիններս օրինակ, տրորում են, ջարդում, քաշքշում, ինչ-որ փայտերով ծեծում են, կամ էլ՝ խմելու ինչ-որ թուրմեր են տալիս։ Երբեմն, գառան դմակ են դնում՝ ցավող հատվածը տաք պահելու համար։

Կամ, երբեմն գալիս են  խորհրդատվության, բժիշկը տեսնելով նրանց խնդիրները նշանակում է անում։ Հետո, պարզվում է, որ նույն նշանակումը նա խորհուրդ է տվել եղբորը, հարևանին, որը նրանց մոտ, օրինակ, առաջացնում է ալերգիկ ռեակցիաներ՝ օգնելու փոխարեն վնասում է»։

Այնուամենայնիվ, ըստ մասնագետի, հիմնականում նստակյաց ապրելակերպ են վարում IT ոլորտի աշխատողներն են։ Ճիշտ է, հիմա կան արդիական աթոռներ, որոնք մարմնի ֆիզիոլոգիական դիրքն են ընդունում, բայց բժիշկն ասում է, որ դա էլ փրկություն չէ։ Թիրախում են վարորդները, բժիշկները, ատամնաբույժները, ռադիոլոգ-սոնոգրաֆիստները։ Մասնագիտությունների ցուցակում են նաև սպորտսմեններն ու երաժիշտները։

«Շատ դեպքերում, երբ ծնողները երեխաների հետ գալիս են մեզ մոտ խորհրդատվության, խորհուրդ ենք տալիս օրինակ, իքս սպորտաձևով չզբաղվեն, մարզիչները մեզնից նեղանում են։ Բայց, երբ նկատում ես սկոլիոզ, ինչպե՞ս չզգուշացնես այդ մասին, որ լավ կլինի օրինակ մեծ կամ փոքր թենիս չպարապես, կամ էլ  պարապես գրագետ և ուշադիր։

Կամ, օրինակ, սկոլիոզ ունեցողներին երաժշտական գործիքներից կիթառը, ջութակը, անգամ դաշնամուրը երբեմն արգելվում է»,- զգուշացնում է մասնագետը։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով