Պարն էլ առողջ ապրելակերպի մի տեսակ է, որը հավասարապես նպաստում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան առողջությանը։ Պարը ծնվում է հոգուց ու մարմնի շարժումների միջոցով ստեղծած առողջությունը փոխանցում հանդիսատեսին։ Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մերի Հովհաննիսյանն անկախ իր կամքից ամեն օր է առողջ ապրելակերպ վարում։ Ըստ նրա, առողջ ապրելակերպը օրգանիզմի գրագետ կառավարում է, սակայն մեր օրերում, մեծամասնության մոտ այն ձևական ու ցուցադրական բնույթ է կրում։
– Բալետի արտիստ օրը սկսվում և ավարտվում է առողջ ապրելակերպով՝ պարով։ Թատրոնում, բացի փորձերից, ամեն առավոտ ունենում ենք դասական պարի ժամ՝ մարզում ենք մեր մարմինը։ Պարի ոլորտի մարդիկ իսկապես, անկախ իրենց կամքից առողջ ապրելակերպ են վարում՝ օրվա մեծ մասն անցկացնելով, փորձասենյակում, դահլիճում․․․ Շատերն անգամ նորաձև երևալու համար ասում են, որ իրենք առողջ ապրելակերպ են վարում, որովհետեւ հաճախում են սպորտ դահլիճ։ Ունեմ աշակերտներ, որոնք գալիս են գեղեցիկ կազմվածքի, նիհարելու համար և առաջին օրվանից երևում է, որ իրոք այդ նպատակի համար է, ոչ թե նորաձև երևալու։
– Օրգանիզմի գրագետ կառավարում համարում եք միայն առողջ սնվե՞լը, թե՞ նաև մարզվելը։
– Երկուսը միասին՝ հետևել սննդին և անպայման մարզվել, որովհետև միայն սննդին հետևելը բավարար չէ գեղեցիկ կազմվածք ունենալու համար։
– Կառանձնացնե՞ք Ձեզ համար օրգանիկ մի քանի ուտեստներ, որ սիրում եք ուտել ու նաև պատրաստել։
– Ես սիրում եմ համեղ ուտել, բայց անկեղծ, չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ իմ ուզած ուտելիքը կերել (Ժպտում է)։ Հիմնականում ուտում եմ թրջած հնդկաձավար, հավի կրծքամսից պատրաստված աղցաններ և բանջարեղեն։
– Որդու՝ Արմենի առողջ ապրելակերպի մասին ինչպե՞ս եք հոգում, խմբակների, սպորտի հաճախելո՞վ, թե՞ նաև սննդակարգով։
– Իհարկե, հետևում եմ, որդիս հաճախում է ֆուտբոլի, լողի։ Լինում են օրեր, որ ինքս էլ տանն իր հետ պարապում եմ՝ մարզում։ Արմենի սննդակարգին նույնպես հետևում եմ, բայց նա մեկ-մեկ խախտում է, չի դիմանում, ցավոք, բոլոր երեխաների նման սիրում է այն, ինչ իրեն վնասակար է։

– Օրինակ, շատերը գազավորված ըմպելիքներ են սիրով տալիս իրենց երեխային պատճառաբանելով, որ չեն կարող մերժել, Դո՞ւք ինչպես եք վարվում ու ի՞նչ խորհուրդ կտաք այդ ծնողներին։
– Ինքս էլ սիրում էի գազավորված ընպելիքներ, բայց ինձ զրկեցի այն աստիճանի, որ հիմա էլ չեմ կարողանում խմել։ Իհարկե, եթե որդիս ինձ հետ է լինում, չեմ թողնում գազավորված ընպելիք խմի, նախընտրում եմ բնական, քամած հյութեր։ Խորհուրդ կտայի, որ բոլոր ծնողներն էլ այդպես վարվեին, քանի որ այն համեղ է, օգտակար և վիտամիններով հարուստ։
– Մերի, Ձեր անթերի կազմվածքը բնությունից ու ծնողներից ժառանգությո՞ւն է, թե՞ բալետի արտիստի բարդ կյանքի արդյունք։
– Սկզբում, ծնողներից ժառանգություն, հետո՝ բալետի բարդ, դաժան, ցավոտ, քրտնաջան պարապմունքների արդյունք (Ծիծաղում է)։ Որքան էլ ի ծնե ունենաս գեղեցիկ ու ընդգծված կազմվածք, բալետն այն դարձնում է անթերի։
– Ձեր բնակարանում որքանո՞վ եք ստեղծում ու պահպանում էկոլոգիապես մաքուր միջավայր։
– Փորձում եմ ստեղծել, շատ չեմ սիրում իրերով ծանրացնել բնակարանը։ Ես ալերգիա ունեմ, դրա համար լուրջ եմ մոտենում այդ հարցին և նախընտրում եմ ձեռք բերել որակյալ ու բնական ապրանքներ, իրեր։ Նույն կերպ փորձում եմ վարվել նաև իմ աշխատանքի վայրում՝ թատրոնում, որովհետեւ այնտեղ ավելի շատ եմ լինում, քան՝ տանը։ Հատկապես թատրոնի հանդերձարանում եմ մաքուր օդն ապահովում, քանի որ այնտեղ շատ են ներկայացումների ու փորձերի զգեստները։ Օդափոխություն և մաքրություն, սա է առաջնայինը։
– Հաճա՞խ եք բնության գրկում լինում, թե՞ սիրում եք բնությունը բերել տուն, տնային բույսերի ու ծաղիկների տեսքով։
– Շատ եմ սիրում բնությունը, բայց, ցավոք, բնությունը տուն բերել չեմ կարող՝ ալերգիայի պատճառով։ Իսկ տանն ունեմ միայն կակտուսներ, ծաղիկներից էլ՝ միայն վարդ։ Բայց ինքս շատ հաճախ եմ լինում բնության գրկում, սիրում եմ մաքուր օդը։

– Իսկ տնային կենդանիներ սիրում ե՞ք պահել։
– Շատ եմ սիրում ու երկար ժամանակ նույնիսկ թութակներ ու շուն ունեի։ Անգամ, հյուրախաղերից մեկի ժամանակ էլ Եգիպտոսի կենդանիների խանութից գեղեցիկ ճագար էի գնել։ Հիմա որևէ կենդանի չեմ պահում տանը, որովհետեւ ժամանակ չունեմ, իսկ կենդանին մարդու պես է՝ խնամք է պետք, չեմ կարող առավոտից մինչև երեկո ամեն օր տանը մենակ թողնել խեղճ կենդանուն։ Անպայման նորից կպահեմ շուն, երբ ժամանակս թույլ տա։
– Շրջակա միջավայրն ու բնությունը էկոլոգիապես մաքուր պահպանելու համար Դուք ի՞նչ եք անում ամեն օր։
– Դեռ մանկուց երբեք փողոցում ոչինչ չեմ նետել, ծնողներս են ինձ այդպես դաստիարակել, ես էլ՝ որդուս։ Շրջակա միջավայրի պահպանությունն արտացոլվում է մեր առողջության վրա, եթե մաքուր պահեցինք՝ առողջ կլինենք։ Պիտի ասեմ, որ իմ մոտ չի ստացվում խնայել ջուրը, էլեկտրաէներգիան։ Ես կարող եմ, չլինելով տվյալ սենայակում, երկար ժամանակ վառ թողել սենյակի լույսը։
– Իսկ գնումների ժամանակ ուշադրություն դարձնո՞ւմ եք ժամկետներին։
– Անպայման, եթե ուտելիք եմ գնում, ապա ուշադրություն եմ դարձնում ժամկետին, իսկ եթե հագուստ՝ նայում եմ որակին։ Հագուստի դեպքում բրենդը կապ չունի, կարևորը լինի հարմար, որակյալ և գեղեցիկ։
– Կոսմետիկան ինչպե՞ս եք ընտրում, նախընտրում եք բրենդայի՞ն, թե՝ բիո:
– Ընդհանրապես չեմ նայում բրենդին, կարևոր է, որ լինի որակյալ։ Լինում են կոսմետիկ պարագաներ, որ գնելուց հետո եմ հասկանում, որ իմ մաշկի համար չէ, անպայման փոխարինում եմ։ Բայց, հիմնականում արդեն ունեմ իմ ընտրած կոսմետիկան և չեմ դավաճանում։
– Մերի, Կորոնավիրուսը «տնային կալանքի» ենթարկեց ոչ միայն հանրությանը, այլ մեկ տարով զրկեց արտիստներին՝ հանդիսատեսի հետ հաճելի հանդիպումից։ Հիմա, կարծես թե վերադարձել եք կանոնավոր խաղացանկին, բա՞րդ է մեկ տարվա դադարից հետո վերադառնալ բեմ, թե՞ ընթացքում ինքներդ Ձեզ մարզավիճակում էիք պահում։
– Շատ բարդ շրջան էր, կոնկրետ բալետի արտիստների համար։ Առանց այդ էլ բեմում բալետի արտիստի կյանքը կարճ է։ Մեզ համար անգամ մեկ օրը, նույնիսկ՝ կիրակին է երևում, ուր մնաց մեկ տարի բեմ դուրս չգալը։ Քանի որ այդ շրջանում ամեն տեղ էր փակ, փորձել եմ տանը մարզվել, որպեսզի քաշ չհավաքեմ։ Շատ դժվար էր, ամեն օր պարապմունք, նկարահանումներ վազք, ակտիվ կյանքից հետո միանգամից ամբողջ օրը նստել տանը։ Հիմա, վերադարձել ենք դժվար, քրտնաջան պարապմունքների ու այս մեկ տարվա դադարը մեր մարմնի վրա ենք զգում ՝ վնասվածքներ ձեռք բերելով։ Արդեն երկու ներկայացում եմ պարել՝ «Դիմակահանդես» բալետը, որով էլ մեծ դադարից հետո վերադարձանք բեմ, և «Ժիզել» բալետը, որը հատկապես բարդ էր, որովհետև մաքուր դասական է։ Երկու ներկայացումների ժամանակ էլ դահլիճը լեփ-լեցուն էր, երևաց, որ հանդիսատեսն էլ մեզ է կարոտել։ Այս պահին հերթական փորձերն ենք անում թատրոնում։ Դեռ չգիտեմ հաջորդ ներկայացումը որն է լինելու, բայց որն էլ լինի, շատ սիրով և կարոտած կկատարեմ։
– Մերի, առողջ ապրելակերպ վարելու Ձեր էկո խորհուրդները՝ մեր ընթերցողներին։
– Անպայման հետևեն սննդակարգին և մարզվեն։ Կարևոր չէ մարզվելու համար հաճախեն սպորտ դահլիճ, մարզվել կարելի է թե՛ տանը, թե՛ բակում։ Վերջապես, այդպես մարդ իրեն թեթև է զգում, երիտասարդ և ի վերջո՝ առողջ։






Թողնել մեկնաբանություն