Հայ կինը պետք է միշտ մեծարվի․ Անվանի տղամարդիկ շնորհավորում են կանանց տոնը. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%af%d5%ab%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%b4%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%b4%d5%a5%d5%ae%d5%a1%d6%80%d5%be%d5%ab%e2%80%a4-%d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%bf/

Ճիշտ է, հայ տղամարդիկ դատարկ գրպաններով են դիմավորում ապրիլ ամիսը, քանի որ ավարտվում է կանանց միամսյակը, բայց կարելի է հասկանալ նրանց ու ասել, այո՛, այն հայ տղամարդկանց սիրելի ամիսն է։ Այնուամենայնիվ, սիրելի՛ տղամարդիկ, հիշե՛ք, որ այս միամսյակով չի ավարտվում ամեն ինչ, հայուհիները ձեր իսկ ուշադրության, սիրո ու պաշտպանության կարիքն ունեն ողջ տարի։ Չէ՞ որ առանց նրանց չեք կարող ապրել նույնիսկ մեկ օր, մեկ ժամ, որովհետև բացի ձեր գեները շարունակելուց, կնոջ կողքին ձեզ ուժեղ զգալուց ու կյանքի ընկերը լինելուց, կանանց հիշում եք նաև քաղցած ժամանակ։

Դե ինչ, հարգարժան տիարք, մի՛ վրդովվեք ու մի՛ փորձեք հակառակն ապացուցել  և համոզել, քանի որ հատկապես հայ կանանց նման, համեղ ուտելիքներ ոչ մի ազգի կնոջ մոտ չի ստացվում։

Չմոռանաք, որ կինը սիրում է ականջներով, իսկ տղամարդիկ՝ ստամոքսով։ Եվ, սա բոլորովին էլ պայմանավորված չէ ամսվա հենց առաջին օրվա՝ ապրիլմեկյան սուտ ասելու տոնի հետ, քանի որ մենք կարևորում ենք ամսվա գերագույն տոնը՝ Մայրության և գեղեցկության օրը, որն, ըստ քրիստոնեական տոնացույցի, համարվում է ավետման օր, այսինքն՝ Մարիամ Աստվածածինն այդ օրն է իմացել, որ լույս աշխարհ պիտի բերի Աստծո որդուն։ Ապրիլի 7-ին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։

Կանանց տոնի առթիվ, Eco.am-ը հավաքագրել է անվանի տղամարդկանց շնորհավորանքները՝ ուղղված հայ կանանց ու մայրերին։

ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի համար միամսյակ ասվածն անընդունելի է, քանի որ հայ կինը պետք է միշտ մեծարվի․ «Նախ, ցավոք սրտի, մեր ազգին հասցրել են այն աստիճանի, որ ամեն ինչ անում ենք ահավոր կիսատ, դա կլինի Հայրենիք, Ազգ, բանակ, երեխա, կին։ Ինձ համար անհասկանալի է միամսյակ   հասկացությունը։ ՀԱՅ ԿԻՆԸ պետք է միշտ մեծարվի և լինի ուշադրության կենտրոնում։ Ձևականորեն, կենացներով խմում ենք գեղեցկության կենացը, բայց, իրականում՝ անտեսում։ Իսկ իշխանափոխության շնորհիվ ունեցանք նաև հայհոյող կանայք, ինչը շատ ցավալի և ոչ սազական է մեր Ազգին։

Այնուամենայնիվ, ՀԱՅ կնոջը մաղթում եմ դարեդար կանացի երջանկություն, սեր, առողջություն և երբեք չտխրեն ու չարցունքոտվեն նրանց գեղեցիկ՝ հայուհու աչքերը։ Հավերժ փառք՝ բոլոր զոհված կանանց»։

Մայրության և գեղեցկության տոնին իրենց սրտի խոսքն ու շնորհավորանքն են հղել նաև ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, հեռուստահաղորդավար, դերասան Սուրեն Առուստամյանը, Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը, մանկական ուռուցքաբան, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, բաս Հայկ Տիգրանյանը, «Եռամիասնություն հանուն զարգացման» հ/կ նախագահ, հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը և Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, երգիչ, Մանվել Խաչատրյանը։

Շնորհավորանները դիտե՛ք տեսանյութում․

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով