7 պատասխան՝ 10 մլն ծառ տնկելու մեկնարկած ծրագրի մասին

https://eco.am/7-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6%d5%9d-10-%d5%b4%d5%ac%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%bc-%d5%bf%d5%b6%d5%af%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%ae/

Eco.am-ն արդեն տեղեկացրել է, որ մեկնարկել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը: Ծրագրի պաշտոնական կայքը տվել է 7 հարցի պատասխան՝ ներկայացնելով մանրամասներ, թե ինչպես է այն կյանքի կոչվելու: Այն ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողներին:

Ե՞րբ ու որտե՞ղ է անցկացվելու ծառատունկը։

10 մլն ծառ նախաձեռնության շրջանակում ծառատնկման աշխատանքների մեկնարկը տրվելու է 2020 թվականին եւ իրականացվելու է մի քանի փուլով՝ անտառապատման, անտառվերականգնման եւ կանաչապատման նպատակներով։ Անտառապատումն ու անտառվերականգնումը նախատեսված է Հայաստանի ամբողջ տարածքում՝ անտառամերձ լանդշաֆտներում։ Կանաչապատում կատարվելու է հիմնականում հանրային վայրերում։

Քանի՞ հեկտար տարածք է հարկավոր 10 մլն ծառ տնկելու համար։

Կախված տնկարկի (ծառուտի) նպատակային նշանակությունից, ինչպես նաեւ աճման պայմաններից, անհրաժեշտ մակերեսը կարող է տարբեր լինել։ Վերջին տարիներին Հայաստանում հիմնականում կիրառվել է 3000-3300 հատ տնկի/հա խտությունը, սակայն գործնականում առկա են նաեւ ավելի խիտ տնկարկներ։ Կանաչապատման աշխատանքների համար նման չափանիշներ չկան: Նախաձեռնության իրականացման համար հարկավոր կլինի մոտ 3000 հեկտար տարածք:

Ի՞նչ ծառատեսակներ են տնկվելու։

Անտառապատման եւ անտառվերականգնման համար տնկվելու են հիմնականում տեղական ծառատեսակներ, մասնավորապես՝ սոճի եւ կաղնի, ինչպես նաեւ կեչի, հացենի, թխկի, վայրի պտղատուներ եւ այլ ծառատեսակներ։ Կանաչապատման նպատակով կտնկվեն առավելապես գեղազարդ եւ պտղատու ծառատեսակներ։

Քանի՞ մարդ պետք է մասնակցի ծառատունկին։

10 միլիոն տնկի տնկելու համար անհրաժեշտ է առնվազն 300 հազար մասնակցի ներգրավվածություն։ Մասնակցությունը լինելու է կամավոր։ Մասնագիտական կառույցները կհամակարգեն աշխատանքները եւ հանդես կգան որպես խորհրդատուներ:

Որտեղի՞ց են ձեռք բերվելու տնկիները։

Քանի որ ծրագրի իրականացման համար նախատեսվում է առավելապես օգտագործել փակ արմատային համակարգող աճեցված տնկիներ, իսկ Հայաստանում նման տնկիների արտադրության ծավալն առայժմ սահմանափակ է, տնկիներ կներմուծվեն նաեւ արտասահմանյան տնկարաններից (Բելառուս, Իրան, Լեհաստան, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Ուկրաինա, Ֆինլանդիա եւ այլն)։ Ներկրվող տնկիները համապատասխանելու են Հայաստանի տեղական տեսակային կազմին ու աճման պայմաններին։

Ովքե՞ր եւ ինչպե՞ս են իրականացնելու տնկիների հետագա խնամքը։

Հիմնված տնկարկների խնամքը իրականացնելու է հողի սեփականատերը։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող հողերում հիմնված տնկարկների խնամքը կիրականացնեն ՊՈԱԿ-ի մասնաճյուղերը: Այդ նպատակով պետական բյուջեում կնախատեսվեն համապատասխան միջոցներ: Մի շարք մասնավոր կառույցներ կաջակցեն նորարարական լուծումների զարգացմանը, որոնք կնպաստեն տնկված ծառերի կպչողականությանը եւ հետագա հաջող աճին։

Ի՞նչ ազդեցություն կունենա լայնածավալ ծառատունկը շրջակա միջավայրի վրա։

Անտառները ածխածնի երկօքսիդի հիմնական կուտակիչներն են։ Տարբեր հետազոտությունների համաձայն՝ անտառապատումը նպաստում է կլիմայի մեղմմանը տարվա բոլոր եղանակներին՝ կարգավորելով օդի ու հողի ջերմաստիճանը, ջրի մակերեսային հոսքերը եւ մեղմելով քամիների ազդեցությունը։ Տնտեսական տեսանկյունից հատկապես կարեւոր են հողապաշտպան, ջրապաշտպան, ինչպես նաեւ քամու ազդեցությունը կարգավորող տնկարկները։ Տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ տնկարկները կարող են նաեւ լինել ռեկրեացիոն, սանիտարական կամ գեղազարդ նշանակության։ Իսկ վայրի պտղատուներով հարուստ տնկարկները ապահովելու են վայրի կենդանատեսակներին սննդով ու ապաստարանով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով