ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի ներկայացմամբ եզրափակվեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ հոբելյանական փառատոնը։ Այն այս տարի ընթացավ մայիսի 17-ից 21-ը՝ Երևանում, որի ընթացքում ցուցադրվեց 27 մոնոներկայացում, 9-ը՝ միջազգային ծրագրում։ Փառատոնի աշխարհագրությունն այս տարի ևս ընդլայնված էր՝ Հունաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Վրաստան, Ալբանիա, Ուզբեկստան։
Հպարտությամբ անդրադառնալով 20 տարիների ձեռքբերումներին, փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը փաստեց․ «Այս տարիների ընթացքում «Արմմոնո» փառատոնը սիրվեց հանդիսատեսի կողմից, ստեղծվեցին նոր ներկայացումներ, որոնք մեծ հաջողություններ գրանցեցին նաև Հայաստանից դուրս»։
Հոբելյանական 20-րդ «Արմմոնո»-ն նշանավորվեց մի խումբ թատերական գործիչներին «Արմմոնո XX» հուշամեդալով պարգևատրությամբ, որը թողարկվել է 2022 թվականին։ Առաջին հուշամեդալը հանձնվեց փառատոնի հիմնադիր ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանինն:
Փառատոնի ծրագրում ներառված էին բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ՝ «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։ Կայացավ նաև առցանց ներկայացման դիտում. Ցուցադրվեցին Ֆատիմա Ռեժամետովայի «Ես սիրում եմ և սիրված եմ» (Ուզբեկստան) մոնոներկայացումը՝ Լևոն Ուզունյանի ռեժիսուրայով (Վրաստան)։
Փառատոնի օրերին Երևանում էին միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ։ Միջազգային ծրագրում հանդես եկան Ալեքսանդրաս Ռուբինովասը՝ «Իմ հայրը» (Լիտվա), Ելենա Դուդիչը՝ «Ռոմեո և Ջուլիետ կամ․․․» (Ուկրաինա), Մենտոր Զիմբարայան՝ «Համլետի երազները» (Ալբանիա), Մատեուշ Նովակը՝ «Զոհաբերություն» (Լեհաստան), Ալեքսանդր Ալադիշևը՝ «Ծիծաղելի մարդու երազը» (ՌԴ), Դեսպինա Սարաֆիդուն՝ «Մեդեա» (Հունաստան), Իրինա Մեգվինետուխուցեսին՝ «Հրեշտակի տիկնիկը» (Վրաստան) մոնոներկայացումներով:
Օրինակ, դերասան Ալեքսանդր Ալադիշևը խոստովանել է, որ կարդալով «Ծիծաղելի մարդու երազը» պատմվածքը՝ սկսել է այլ կերպ ընկալել Դոստոևսկուն․ «Այն ամենը, ինչ Դոստոևսկին գրել է այդ պատմվածքում, ասես մանիֆեստ լինի այն մասին, թե ինչպես է հնարավոր ապրել այս աշխարհում և լինել երջանիկ: Ինձ համար դա բացահայտում էր»:
Վերադառնալով ներկայացմանը՝ Ալադիշևը նշել է՝ իրենց ուղերձն այն մասին է, որ մարդը կարող է ավելի լավը դառնալ, ինչն ուտոպիա չէ:
«Դա ասես իդեալական աշխարհ լինի, որը փորձում ենք փոխանցել արվեստի միջոցով: Մենք շատ ենք ցանկանում, որ հանդիսատեսը դահլիճից նման ապրումներով դուրս գա, քանի որ մոնոներկայացումը հրաշալի հնարավորություն է տալիս անուղղակիորեն խոսելու ամենակարևոր բաների մասին: Երբ բեմ ես դուրս գալիս, ընկնում ես այլ էներգետիկ աշխարհ, որտեղ ամեն ինչ հնարավոր է: Բեմում կարելի է հասնել կատարելության, լիարժեք երջանկության»,- փաստել է դերասանն ու հավելել՝ ուրախ է, որ «Արմմոնոյի» շրջանակում երկրորդ անգամ հանդես է գալիս Հայաստանում, որտեղ վերադառնալիս ասես թանկագին մարդկանց մոտ գաս:
Իսկ տեղական ծրագրում՝ ՀՀ վաստ. արտիստ Նարինե Գրիգորյանը՝ «Գոմեշը», ՀՀ վաստ. արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Վերհիշիր անունը քո», Արմեն Քուշքյանը՝ «Համլետի երազները», Գոռ Համբարձումյանը՝ «MENախոսություն» մոնոներկայացումներով:
Այս տարի «Արմմոնո» փառատոնը շեշտադրել էր բացառապես հայ հեղինակների գործեր՝ Ե․ Չարենց, Հ․ Մաթևոսյան, Պ․ Զեյթունցյան, Ա․ Պաչյան և այլն, որոնք ցուցադրվել են տարբեր փորձարարական թատերական հարթակներում։
Դերասան Արմեն Քուշքյանը ներկայացրել էր Նինա Մազուրի պիեսի հիման վրա բեմադրված «Համլետի երազները» մոնոներկայացումը, որի ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:
«Համլետի երազները» բեմադրելու առաջարկը Նինա Մազուրինն է եղել: Ընտրել են հենց այդ գործը, քանի որ այն հետաքրքիր շեշտադրումներ ունի․ «Շեքսպիրի Համլետի հարցը հետևյալն էր. «Լինե՞լ, թե՞ չլինել», իսկ Մազուրը այլ տեսանկյունից է մոտենում խնդրին՝ լինե՞լ բոլորի նման, թե՞ չլինել բոլորի պես. ինչպե՞ս կվարվեր Համլետն այդ դեպքում»,- ասում է դերասանը:
Քուշքյանը երբեք չի երազել մարմնավորել Համլետի կերպարը, և Մազուրի պիեսը ներկայացնելիս անդրադառնում է սովորական մարդու, երիտասարդի, որը վերոնշյալ խնդրի առաջ է կանգնել: «Ես չեմ խաղում որպես Շեքսպիրի Համլետ՝ չնայած կրքերը շեքսպիրյան են»,-նշել է Արմեն Քուշքյանը:
Eco.am սոցիալական հարթակն այս տարի ևս հանդիսանում էր Արմմոնո» 20-րդ» միջազգային հոբելյանական թատերական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը։






Թողնել մեկնաբանություն