150 մետրանոց տոլմա՝ նոր ռեկորդ կսահմանվի 11-րդ գաստրո փառատոնի ընթացքում

https://eco.am/150-%d5%b4%d5%a5%d5%bf%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%81-%d5%bf%d5%b8%d5%ac%d5%b4%d5%a1%d5%9d-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%bc%d5%a5%d5%af%d5%b8%d6%80%d5%a4-%d5%af%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%be%d5%ab/

Հունիսի 19-ին, «Զվարթնոց» տաճարի տարածքում տեղի կունենա Հայաստանում արդեն ավանդական դարձած գաստրոփառատոնը։ 11-րդ անգամ ընթացող գաստրո փառատոնը կնշանավորվի նոր ռեկորդով։ Ընթացքում կպատրաստվի աշխարհի ամենաերկար` 150 մետրանոց տոլման։

Լրագորղների հետ հանդիպմանը կազմակերպիչներն ասացին, որ ռեկորդը կարձանագրվի հայկական «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում: Գաստրոփառատոնի ընթացքում 30 տաղավարների ներկայացուցիչները կմրցեն ամենահամեղ, կրեատիվ և օրիգինալ տոլմայի պատրաստման համար։

Այս տարի կազմակերպիչները որոշել են մի փոքր փոխել կանոնները և փառատոնի հյուրերին հնարավորություն են տվել քվեարկելու «Լավագույն տաղավար» անվանակարգում հաղթողի ընտրության ժամանակ: Իսկ ընդհանրապես մասնակից թիմերը կպայքարեն «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթելու համար: Գրան պրին կստանա առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը։

«Փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել 2011 թվականին և արձանագրենք, որ տարեցտարի նոր թափ է հավաքում, դառնում ավելի հայտնի, ավելի գրավիչ։ Այս տարի նույնպես հյուրերի մեծ հոսք ենք ակնկալում»,- ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը և տեղեկացրեց, որ տարիների լավագույն բաղադրատոմսերը հավաքվել են և ներառվել տարբեր ռեստորանների ճաշացանկերում:

 

Փառատոնի համակարգող Անի Նազարյանը տեղեկացրեց, որ փառատոնն այս տարի նաև մշակութային լայն ծրագիր ունի․ «Օրինակ, հյուրերին ցույց կտանք, թե ինչպես են թխվում լավաշն ու փախլավան, ինչպես է կավից սպասք պատրաստվում, մասնագետները խոհարարի վարպետության դասեր կանցկացնեն: Այնուհետև տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն հայտնի հայ երգիչներ և երաժշտական խմբեր՝ Էրիկ Կարապետյանը, Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը և այլք»։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ կարևորելով նման միջոցառումները ասաց, որ զբոսաշրջության ոլորտի կայացման համար դրանք լավագույն խթանն են հանդիսանում․ «Զբոսաշրջության ոլորտի ակտիվացումը հատկապես արդիական է հետպատերազմյան և հետքովիդային շրջանում: Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում այս անկայուն իրավիճակում մենք մտադիր ենք զբոսաշրջիկներին ցույց տալ, որ Հայաստանում անվտանգ է, և որ մեր երկիրը պատրաստ է հյուրերի համար հարմարավետ և բազմազան հանգիստ ապահովել։ Իսկ նման փառատոները հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին ճիշտ ներկայացնել երկրի ողջ ներուժը, մշակույթը՝ իր առանձնահատկություններով, ինչպես նաև կոլորիտային և համեղ խոհանոցը»,- տեղեկացրեց Մ․ Ապրեսյանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով