Ինչպես է Ամանորը դիմավորելու և ինչպիսի տոնածառ է նախընտրում մաեստրո Օրբելյանը

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a7-%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%80%d5%a8-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d6%87-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%ab%d5%bd/

Eco.am մեդիա հարթակի տարեվերջյան զրուցակիցը Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն է։ Մաեստրոյի հետ բացառիկ զրույցում նրան վերադարձրել ենք մանկություն, որտեղից նա մեր ընթերցողների համար կիսվել է ընտանեկան Ամանորյա հուշերով։

Ի դեպ, մաեստրոն նույնպես առողջ ապրելակերպի ջատագով է, որով էլ սկսել ենք մեր զրույցը։

– Մաեստրո, առողջ ապրելակերպ վարո՞ւմ եք, թե ինչպես ասում են դասական երաժշտությունն էլ առողջ ապրելակերպի մի մասնիկ է։

– Իհարկե, դասական երաժշտությունը կարևոր ազդեցություն է ունենում մեր կենսակերպում, մեր առօրյայում։ Մենք՝ երաժիշտներս ցանկացած բարդ իրավիճակում կարող ենք լավագույն լուծում գտնել՝ դասական երաժշտության շնորհիվ։ Այն, որ դասական երաժշտությունը նաև բուժիչ հատկություն ունի, ապացուցված փաստ է։ Սակայն, բացի այն, որ դասական երաժշտությունը իմ կյանքի անբաժան մասն է, ես առավելագույն ուշադրություն եմ դարձնում նաև առողջ ապրելակերպին։ Հնարավորինս փորձում եմ շատ ժամանակ անցկացնել բնության գրկում և, իհարկե, քայլել։

– Ասում են՝ Ամանորը ընտանեկան տոն է, Դուք սովորաբար ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին, որևէ ավանդույթ կա՞, թե՝ ինչպես բոլորը։

– Ավանդույթ է Ամանորը և Սուրբ Ծնունդը դիմավորել ընտանեկան միջավայրում և սա այն բացառիկ տոներից մեկն է, որը խորհրդանշում է նորի սկիզբը։ Այն իր մեջ ունի բարու և գեղեցիկի խորհուրդ։ Նոր տարին ընտանիքի միջավայրում տոնելը մանկուց է գալիս, սակայն աշխատանքի բերումով միշտ չէ, որ հաջողվում է պահել այդ գեղեցիկ ավանդույթը։

– Մանկության հուշերում ինչպիսին եք հիշում Ամանորյա տոները։

– Ամանորը դեռևս մանկության հուշերում ինձ մոտ տպավորված է որպես ընտանեկան ամենաջերմ տոն, սա յուրաքանչյուր ընտանիքի տոնն է։ Հիշում եմ ծնողներիս հետ ջերմ միջավայրում անցկացրած Ամանորի տոները։ Դրանք իսկապես այն լավագույն տարիներն էին, որոնք մշտապես կարոտով եմ մտաբերում։

–  Այս Ամանորն ինչպե՞ս և որտե՞ղ եք պատրաստվում դիմավորել, անցկացնել։

– Ընտանեկան միջավայրում եմ դիմավորելու Նոր տարին, այնուհետև անմիջապես պետք է անցնեմ նոր տարվա նոր ծրագրերի իրագործմանը։ Անելիքներ 2022-ին շատ կան։

–  Տոնական օրերին սիրո՞ւմ եք, որ թարմ եղևնի լինի Ձեր տանը, թե շրջակա միջավայրին ու բնությանը վնաս չպատճառելու համար արհեստական տոնաձառն եք նախընտրում։

– Մշտապես կողմնակից եմ եղել, որ արհեստական եղևնի ունենամ տանը, աշխատավայրում։ Ոչ մի դեպքում ծառը արմատից չպետք է հեռացնենք։ Բնությունն անսխալական է, մենք պարզապես չպետք է վնասենք բնության բնականոն ընթացքին, աճին։

Մաեստրո, կխնդրենք Ձեր Ամանորյա ուղերձն ու շնորհավորանքը հղել մեր ընթերցողներին։

– Ամենից կարևորը խաղաղություն եմ ցանկանում Հայրենիքիս, անսպառ համբերություն մեր հայրենակիցներին և աշխատելու, ստեղծագործելու եռանդ։ Թող մեր բոլոր քաջորդիների հիշատակը վառ մնա, ովքեր հանուն Հայրենիքի զոհաբերեցին իրենց կյանքը։ Խոնարհումս բոլոր հերոսածին մայրերին։ Մենք համառ աշխատանքով, ամենքս մեր բնագավառում ստեղծելով պետք է նպաստենք մեր Հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը։ Մենք շատ երազանքեր ունենք կապված Հայաստան աշխարհի հետ, որոնք անպայման միասին ենք իրագործելու։ Թող 2022 թվականը լինի բարեբեր տարի և ամենուր թևածի արվեստի շունչը։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։