Հայաստանում բնակվող սպիտակ արագիլներն արդեն մի քանի տարի է, կանգնած են գոյատևման խնդրի առաջ։ Տարբեր պատճառներով նրանք աղտոտվում են, այնքան են յուղոտվում ու փոշոտվում, որ սպիտակից, դառնում են սև, իսկ հետո կորցնում իրենց թռչելու հնարավորությունը, որից հետո էլ մնում սոված, հյուծվում են, կամ ստանում տարբեր վնասվածքներ։ Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի (Protection of Endemic and Endangered Species և BirdLinks Armenia) նախաձեռնությամբ, կենդանաբաններն ու կամավոր սրտացավ մարդիկ Վարդավառի տոնին լվացրեցին սևացած արագիլներին։
Նախաձեռնության հեղինակները շեշտում են, որ արագլիներին լվանալու օրն այս անգամ հատուկ են ընտրել Վարդավառին, քանի որ այն Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: Այս դեպքում աղավնիներին փոխարինել էին արագիլները, որոնց նախաձեռնության հեղինակները նախապես արդեն բուժել էին, կերակրել և լողացնելուց հետո նրանց տրվեց ապրելու հնարավորություն։

Արագիլների լողացմանը մասնակցեցին ոչ միայն հայաստանցիներ, այլ նաև Ռուսաստանից Հայաստան տեղափոխված աշխատանքային վերաբնակներ։ 14 արագիլների լվացմանը մասնակցեց մոտ 20 կամավոր։ Իսկ բոլոր արագիլները բաց կթողնվեն 5-10 օր հետո։
«Լողանալուց հետո, թռչուններին ժամանակ է պետք, որ մի փոքր ուշքի գան, լավ սնվեն, կազդուրվեն, իսկ փետուրներն էլ չորանան ու նորից ապահովեն թռչողականությունը։ Protection of Endemic and Endangered Species-ը, BirdLinks Armenia-ն և պարզապես բնասերներները արդեն երեք տարի է զբաղվում են սպիտակ արագիլների աղտոտման հետևանքների դեմ պայքարի խնդիրներով․ գտնում վնասված, վիրավոր, ճենճոտված թռչուններին, խնամում նրանց, բուժում, լողացնում ու բաց թողնում»,- նշում է կենդանաբան Մանուկ Մանուկյանը և շեշտում․ «Բայց արագիլների հետ կատարվող այս աղետը խորը էկոլոգիական խնդիր է, որի պատճառներից են Արարատյան դաշտի ջրագծերի աղտոտվածությունն ու աղբանոցները։ Պատճառները չեն վերացել, պայքարը շարունակվում է»։






Թողնել մեկնաբանություն