«Քաշը դեռևս առողջության միակ ցուցիչը չէ»․ Դավիթ Պիպոյան

https://eco.am/%d6%84%d5%a1%d5%b7%d5%a8-%d5%a4%d5%a5%d5%bc%d6%87%d5%bd-%d5%a1%d5%bc%d5%b8%d5%b2%d5%bb%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%af-%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%ab%d5%b9%d5%a8/

ՀՀ ԳԱԱ էկոկենտրոն սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ազգաբնակչության մոտ 35 տոկոսը չի ստանում բավարար քանակությամբ կալորիա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։

«Այսինքն՝ ազգաբնակչության 1/3-ը բախվում է ոչ բավարար քանակությամբ սնունդ ունենալու խնդրին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թերսնումն ու սխալ սննդային սովորույթը առկա է ոչ միայն այն ընտանիքներում, որոնք ունեն եկամուտի հետ կապված խնդիր, այլև այդ խնդրին բախվում են ապահով ընտանիքները: Համավարակը, առողջ սնվելու տեսանկյունից, շատ բացասական ազդեցություն է թողել կայուն եկամուտներ ունեցող ընտանիքների վրա: Մնալով տանը՝ նրանք սկսել էին պատվիրել արագ պատրաստվող սնունդ, չիպսեր, նման սննդամթերք»,-արձանագրեց  Դ․ Պիպոյանը:

Բանախոսը նկատել է, որ կան մարդիկ, որոնց թվում է, թե միայն ճարպեր և սպիտակուցներ օգտագործելով առողջ ապրելակերպ են վարում և ասում են՝ նիհարում ենք․ «Հիշե՛ք, որ քաշը դեռևս առողջության միակ ցուցիչը չէ: Ի դեպ, Երևանում վերջին տարիներին հացի սպառման ծավալների կրճատման և լավաշի քանակի ավելացման հստակ տենդենց և դինամիկա է նկատվում: Եթե 3-4 տարվա հետազոտություններով ունեինք օրական 350-210 գրամ հաց և լավաշ, ապա վերջին հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ ազգաբնակչության 70 տոկոսն օգտագործում է մոտավորապես 130 գրամ հաց և 65.4 գրամ լավաշ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հացի սպառումը բարձր է Կոտայքում, Գեղարքունիքում»,- տեղեկացրեց Դ․ Պիպոյանը և ցավով արձանագրեց․«Ցավոք, ունենք մարզեր, տարածաշրջաններ, որտեղ բնակչության 35 տոկոսը կալորիաների 75 տոկոս և ավելին ստանում է հացից, ալյուրի  հիմքով մթերքներից և կարտոֆիլից»:

«Առողջ սննդին վերաբերող հարցերը չեն կարող լինել միայն առողջապահության նախարարության տիրույթում», – ասուլիսում պնդեց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանն ու մանրամասնեց․ «Օրինակ, երեխաներին կրթելը պետք է սկսել մանկապարտեզներից ու առողջ սննդի վարքագիծը արմատավորել այդ շրջանից: Աշխատանք պետք է տանել դպրոցներում, համալսարաններում: Ուշադրություն դարձնել գովազդի խնդիրներին, խանութներում ապրանքների մակնշումը և այլն: Այսինքն՝ համալիր մոտեցում է պետք»,-ասաց Մ․ Մնացականյանը:

Նրա դիտարկմամբ Հայաստանում առողջ ապրելակերպի, առողջ սննդակարգի խթանմանն ուղղված լուրջ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա․ «Ոչ վարակիչ հիվանդությունների 50 տոկոսը պայմանավորված են հենց ոչ ճիշտ կենսակերպով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում երեխաների 50 տոկոսն ամեն օր օգտագործում է քաղցրավենիք, իսկ 30 տոկոսը՝ չիպս: Նրանք տեսնում ենք մեծերի սովորությունները, գովազդները: Խնդիրը բազմաբևեռ է»:

Խնդրին համալիր մոտեցմամբ լուծում տալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է ձևավորել աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն գիտնականները, տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի շահագրգիռ մասնագետներ: Նախատեսվում է իրականացնել օրենսդրական, իրազեկման աշխատանքներ:

Իսկ Դավիթ Պիպոյանի կարծիքով՝ ուսումնասական հաստատություններում առողջ սննդի գործընթացը կազմակերպելու համար պետք է նաև ներսում որոշ մոտեցումներ վերանայվեն․ «Իրականությունն այն է, որ և՛ ուսանողը, և՛ աշակերտը ստիպված է ոչ ճիշտ սնվել: Ինչո՞ւ, որովհետև մենք ունենք կարճ դասամիջոց: Հիմա ես ասեմ, հարգելի ուսանող պետք է ուտես բանջարեղեն, լոբազգի, ձուկ, միս, ձու: Այդ ուսանողը չի՞ ասի, կարճ դասամիջոցի ընթացքում ոնց ուտեմ այդքան, դրանից բացի դրանք որտեղի՞ց ձեռք բերեմ: Հետևաբար` այստեղ նույնպես անելիքներ կան ու այդ ձևավորվող աշխատանքային խմբում պետք է բարձրաձայնվեն այս հարցրերը»,-ասաց Դավիթ Պիպոյանն՝ ընդգծելով, որ միայն մեկ բաղադրիչով, միայն իրազեկմամբ հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի:

Հանդիպման ընթացքում, Դ․ Պիպոյանը 5 կարևոր հանգամանք առանձնացրեց․

1․ Օրական 5 չափաբաժին մրգի և բանջարեղենի օգտագործումը կարևոր հանգամանք է։

2․ Շատ կարևոր է կաթնամթերքի օգտագործումը:

3․Քաղցրավենիքների, գազավորված ըմպելիքների սպառման առումով հետազոտությունները ցույց են տվել, որ տվյալները խիստ տատանողական են, քանի որ ամռանը, երբ սկսվում է թարմ մրգերի սեզոնը, մասնավորապես՝ ծիրանի, կեռասի, ապա հուլիսից մինչև սեպտեմբեր սպառումը նվազում է, սեպտեմբեր-հոկտեմբերից մինչև մայիս շատ մեծ է սպառողների այն խումբը, որ ամեն օր օգտագործում է քաղցրավենիք, թխվածքաբլիթ:

4․ԱՀԿ-ն, սննդաբաններն ասում են՝ կարևոր դեր ու նշանակություն ունի մրգերի և բանջարեղենի սպառումը:

5․ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օրական 5 չափաբաժին (80 գրամ) 400 գրամ միրգ ու բանջարեղեն օգտագործել: Ամռանը օգտագործում ենք 400 գրամից շատ ավելի միրգ և բանջարեղեն, իսկ ձմռանը բանջարեղենի սպառումը շատ փոքր թիվ է կազմում:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։