2024 թվականի գարնանը հայաստանյան անտառներ կվերադառնա ևս 10 եղջերու․ WWF-Հայաստան

https://eco.am/2024-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a3%d5%a1%d6%80%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5/

Վերջին 60 տարիներին Հայաստանից իսպառ վերացած Կովկասյան ազնվացեղ եղջերուների թիվը բնության մեջ կհասնի 13-ի:

Eco.am սոցիալական հարթակը Բնության համաշխարհային հիմնադրամի մասնաճյուղ՝ WWF-Հայաստանից տեղեկացավ, որ 2024թ. գարնանը հայաստանյան անտառներ կվերադառնա ևս 10 եղջերու։

Կովկասյան ազնվացեղ եղջերուն՝ Հայաստանի անտառների պատմական բնակիչը, որը ժամանակին անհետացել էր որսագողության և իր բնական ապրելավայրերի ոչնչացման պատճառով, այժմ վերադառնում է: Տարիների ընթացքում շարունակաբար աշխատելով այս նախաձեռնության վրա՝ մենք հիմնել ենք եղջերուների բազմացման կենտրոն և արդեն հասցրել ազատ արձակել կենդանիների առաջին փորձնական խումբը: Մեր առաքելությունն այժմ շարունակվում է. մենք եղջերուների հերթական՝ արդեն 10 առանձնյակից կազմված խումբը կրկին բաց ենք թողնելու բնություն, սակայն դա իրագործելու համար մենք ունենք Ձեր աջակցության կարիքը՝ ապահովելու բնության մեջ նրանց անվտանգությունը GPS տեղորոշման վզկապներով։ Ծրագրի երկրորդ փուլով նախատեսում ենք բարձրացնել բազմացման կենտրոնում կենդանիների սննդի կայունությունը` կառուցելով ձմեռային կերակրի պահոց։

Այս նախաձեռնությունը միայն բնապահպանության մասին չէ. այն համապարփակ ծրագիր է, որը նաև խթանում է տեղական տնտեսությունը և զարգացնում շրջակա միջավայրի պահպանման մշակույթը: Միացե՛ք մեզ՝ պաշտպանելու Հայաստանի բնական ժառանգությունը:

Ծրագրի Կարևորությունը

1․ Էկոլոգիական

Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրն առաջին հերթին բնապահպանական է՝ պայմանավորված էկոհամակարգում եղջերուների կարևոր դերով։ Վերջիններս բնական ինժեներներ են, որոնք իրենց արածման վարքով նպաստում են անտառներում սերմերի տարածմանը, բուսականության մաքրմանը և հողի պարարտացմանը՝ այսպիսով խթանելով ամուր էկոհամակարգերի զարգացումը:

2․ Տնտեսական

Նախագծի նշանակությունը, այնուամենայնիվ, չի սահմանափակվում բնապահպանական բաղադրիչով. այն ունի էական ազդեցություն տեղական տնտեսության վրա։ Եղջերուների վերաբնակեցումը «Դիլիջան» ազգային պարկում խթանել է զբոսաշրջությունը, որի շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում Կովկասյան ազնվացեղ եղջերուների կենտրոնն ընդունել է շուրջ 50 000 այցելու։

3․ Սոցիալական

Վերաբնակեցման ծրագիրն ունի նաև սոցիալական կարևոր նշանակություն։ Ծրագրի իրականացման արդյունում առաջացած տնտեսական օգուտները, մասնավորապես տեղական զբոսաշրջության խթանումը և նոր աշխատատեղերի ստեղծումը կայուն եկամտի հնարավորություններ են տալիս տեղի բնակչությանը։

Իրականացնելով իրազեկման արշավներ դպրոցներում և համագործակցելով տեղական համայնքների հետ՝ ծրագիրը նպատակ ունի վերափոխել բնության հանդեպ վերաբերմունքը և ստեղծել ապագա, որտեղ մարդիկ ապրում են բնության հետ ներդաշնակ:

Նախապատմություն

Կովկասյան ազնվացեղ եղջերուն (Cervus elaphus maral) ժամանակին լայնորեն տարածված էր Հայաստանի Հյուսիսային, Արևելյան և Հարավային անտառներում, սակայն որսագողությունը և իր բնական ապրելավայրերի ոչնչացումը հասցրին նրան անհետացման եզրին։ 1954 թ․ տեսակը փաստացի անհետացած էր, իսկ այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»:

2013 թ․-ից սկսած Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի (Cervus elaphus maral) վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF-Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։ Ծրագրի վերջնական նպատակն է վերականգնել Կովկասյան ազնվացեղ եղջերուների պոպուլյացիան Հայաստանում: Այն իրականացվում է եղջերուների բազմացման կենտրոն (կառուցված «Դիլիջան» ազգային պարկում) բերված կենդանիների բուծմամբ և կենտրոնում ծնված եղջերուներին բնություն բաց թողնելով։

Հայաստանից երկար ժամանակ վերացած լինելուց հետո Կովկասյան ազնվացեղ եղջերուն իր «վերադարձը կատարեց» 2018 թվականին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան բերված 14 առանձնյակով։ 2023 թ․-ի դրությամբ եղջերուների բազմացման կենտրոնում ծնվել է 23 ձագ, իսկ կենտրոնում ներկայումս բնակվում է 37 առանձնյակ։ 3 եղջերուներից բաղկացած առաջին փորձնական խումբը բնություն ազատ արձակվեց 2022 թվականի հոկտեմբերին, որից հետո ամեն տարի նախատեսվում է ևս 5-10 եղջերու բաց թողնել։

Խնդիր

1․ Անվտանգություն

2024 թվականի մարտին մենք բնություն ենք բաց թողնել ևս 10 եղջերու, սակայն միջոցառման իրականացումը պարունակում է մի շարք ռիսկեր։ Եղջերուներին առանց տեղորոշման համակարգի բնություն բաց թողնելը զգալի վտանգ է ներկայացնում նրանց ապահովության համար՝ խոցելի դարձնելով գիշատիչների, որսագողների և այլ սպառնալիքների հանդեպ։ Եղջերուների գտնվելու վայրը վերահսկելու և մշտադիտարկելու, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովելու և բնական միջավայրի սպառնալիքներից պաշտպանելու համար առաջնահերթ է ձեռք բերել GPS տեղորոշման վզկապներ։

2․ Սննդի կայունություն

Հրատապ խնդիր է նաև եղջերուների բազմացման կենտրոնում սննդի ձմեռային պահոցի բացակայությունը, ինչը ձմեռվա ամիսներին հանգեցնում է սննդի նեխման և բացասական ազդեցություն է ունենում կենդանիների առողջության և ընդհանուր բարեկեցության վրա։ Այսպիսով, սննդի փտումից խուսափելու համար խիստ անհրաժեշտություն է սննդի ձմեռային պահոցի կառուցումը:

Լուծում

1․ GPS տեղորոշման վզկապներ

Մինչ եղջերուներին բնություն բաց թողնելը, նախատեսում ենք ձեռք բերել 10 GPS տեղորոշման վզկապ VECTRONIC Aerospace ընկերությունից։ SURVEY GPS վզկապները հնարավորություն կտան իրական ժամանակում վերահսկել բաց թողնված եղջերուների գտնվելու վայրը՝ պաշտպանելու նրանց որսագողերից և գիշատիչներից, իր հերթին հեշտացնելով արագ արձագանքման և պաշտպանիչ միջոցառումների կազմակերպումը:

2․ Սննդի ձմեռային պահոցի կառուցում

Ազնվացեղ եղջերուների համար անվտանգ սննդի աղբյուր ապահովելու և նրանց բազմացման ու վերաբնակեցման ջանքերին աջակցելու համար անհրաժեշտ է կառուցել ձմեռային սննդի պահոց: Մինչ պահոցի կառուցումը կապահովի սննդի անվտանգություն, նվազեցված սննդի թափոնների հետ կապված ծախսերի խնայողությունները կտրամադրվեն ծրագրի այլ կարևոր բաղադրիչներին՝ առավելագույնի հասցնելով դրա ընդհանուր արդյունավետությունը:

Թիմի մասին

Հանդիսանալով հեղինակավոր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) մասնաճյուղ՝ WWF-Հայաստանը 2002 թվականից եղել է շրջակա միջավայրի պահպանության ջանքերի առաջնագծում: Մեր նվիրված թիմը՝ բաղկացած է տեղացի և միջազգային առաջատար մասնագետներից, հաստատակամ է Հայաստանում ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման գործում: Կենտրոնանալով այս խորհրդանշական տեսակի վրա՝ մենք նպատակ ունենք վերականգնել նրա պոպուլյացիան իր պատմական ապրելավայրում: Ձեր աջակցությունը կենսական դեր կխաղա այս կարևորագույն պահպանման գործում՝ ապահովելով կայուն ապագա Հայաստանի բնական ժառանգության համար: Միացե՛ք մեզ այս կարևոր առաքելության մեջ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով