«Հայաստանը լեռնային երկիր է, որի տարածքի զգալի մասը գտնվում է բնական բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ։ Այս առումով օզոնային շերտի փոփոխություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի բնակչության, բուսական և կենդանական աշխարհի համար»,- Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան` սեպտեմբերի 16-ին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարության Օզոնային շերտի պահպանության ծրագրի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նախարարի փոխանցմամբ, Օզոնի պարբերական չափումները Հայաստանում կատարվում են սկսած 1993 թվականից․ «Այսօր դրանք իրականացվում են Արագած լեռան լանջին, որտեղ գտնվում է տարածաշրջանում միակ օզոնաչափական կայանը։ Ստացված տվյալները փոխանցվում են Գլոբալ մթնոլորտային դիտարկումների ցանց։ 1999 թվականի ապրիլի 28-ին ՀՀ-ն վավերացրել է Վիեննայի կոնվենցիան և Մոնրեալի արձանագրությունը»,- հիշեցրեց նախարարը և անդրադառնալով միջազգային կոնվենցիային անդամակցության շրջանակում Հայաստանի գրանցած արդյունքներին, հավելեց․ «Համաշխարհային համաձայնագրերից քչերն են գրանցել այն հաջողությունը, ինչ՝ Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան։ Կոնվենցիայի Մոնրեալի արձանագրության շրջանակներում կառավարությունների, գիտական համայնքի և արդյունաբերության համատեղ աշխատանքի արդյունքում մինչ այժմ հաջողվել է փոխարինել այդ գազերի 99%-ը. օզոնային շերտն այժմ վերականգնվում է՝ նպաստելով մարդկության և էկոհամակարգերի առողջացմանը»:
Նախարարի դիտարկմամբ, իրականացվող ծրագրերի միջոցով Շրջակա միջավայրի նախարարությունը փորձում է հզորացնել և արդիականացնել երկրի ոլորտային ինստիտուցիոնալ կարողությունները և ամրապնդել գոյություն ունեցող համակարգը, օզոնաքայքայիչ նյութերի և ֆտորացված գազերի փուլային փոխարինման շարունակականությունը և Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ ստանձնած այլ պարտավորությունների իրականացումը:
Իր խոսքում նախարարն անդրադարձել է նաև ոլորտային համագործակցության կարևորությանը. «Օզոնաքայքայիչ նյութերի փոխարինման գործընթացի պատշաճ կատարման և ցանկալի արդյունքների արձանագրման համար բավարար չէ մեկ գերատեսչության աշխատանքն ու նվիրվածությունը, քանի որ ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ հանրային կառավարման մակարդակում հաճախ լինում են իրավիճակներ, երբ անհրաժեշտ է ջանքերի մեկտեղում և նպատակային գործողությունների համադրում»:
Օզոնային շերտի պահպանության ծրագրի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառման շրջանակում առաջին անգամ Հայաստանում է Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղար Սեկի Նակամուրան, ով իր ելույթում կարևորեց ջանքերի համատեղումը և՛ տեղական, և՛ միջազգային մակարդակներում: «Բարձր եմ գնահատում Հայաստանի առաջընթացը՝ օզոնաքայքայիչ նյութերի փոխարինման գործընթացում»,- շեշտեց գործադիր քարտուղարը։
Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննան Սկաուն։ Իսկ օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերը Մոնրեալի արձանագրության և Վիեննայի կոնվենցիայի իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին Նախարարի կողմից կողմից շնորհակալագրեր տրվեցին գործընկեր գերատեսչություններին։
Թողնել մեկնաբանություն