Սարսանգի ջրամբարի բնապահպանական ճգնաժամը դրսևորվում է բուսատեսակների ու կենդանատեսակների կորստով

https://eco.am/%d5%bd%d5%a1%d6%80%d5%bd%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ab-%d5%bb%d6%80%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b3%d5%a3%d5%b6/

Արցախի Հանրապետության 158 -օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 129 օր է, Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը: Այդ միջոցով Ադրբեջանն իրականացնում է էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն՝ տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին, ինչպես նաև հանգեցնելով տեղի միկրոկլիմայի կտրուկ փոփոխության, ստորերկրյա ջրային պաշարների նվազման, բազմաթիվ բուսատեսակների ու կենդանատեսակների կորստի ռիսկի:

Eco.am սոցիալական հարթակը Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեից տեղեկացավ, որ Արցախի բնակիչների էներգետիկ նվազագույն կարիքների բավարարման համար նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը, որի հզորության շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին:

Այդ պատճառով այսօր լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած Արցախի Հանրապետության միակ խոշոր ջրամբարը՝ իր ու շրջակա միջավայրի կենսաբազմազանությամբ: Մասնավորապես, մեծ չափով կրճատվել են ջրամբարի հայելու մակերեսը և դրանից գոլորշացումն ու ինֆիլտրացիան, ինչը տեղի միկրոկլիմայի փոփոխության հիմնական պատճառն է` իր բոլոր բացասական հետևանքներով շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության համար:

Քանի որ ջրամբարի ելքի բաղադրիչներից է նաև ստորերկրյա ջրերի սնուցումը և դրանց ելքերը բնական աղբյուրների տեսքով, ապա Թարթառ գետի հովտում, ջրամբարի հայելու նիշից ցածր գտնվող բնակավայրերը և գյուղատնտեսական նշանակության հողահանդակները արագորեն զրկվում են ջրային պաշարներից: Այդ նիշից ցած գործող բոլոր ջրաղբյուրների ելքերը նվազել են, որոշներն էլ ցամաքել են, իսկ ստորերկրյա ջրերի մակարդակը` իջել:

Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է նաև ջրային ֆաունայի և ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի: Վտանգվել են նաև ջրամբարի ափերին բնակվող՝ Արցախի Հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքի ցանկերում ընդգրկված մի շարք տեսակներ:

Ջրամբարի մակարդակի նման իջեցումը հանգեցրել է`

1․ ափամերձ տարածքի ուտելի և համեմունքային մոտ 125 տեսակ,

2․ դեղաբույսերի մոտ 35 տեսակ,

3․ մեղրատու մոտ 156 տեսակ բույսերի կորստի լրջագույն ռիսկերի։

Նշված բուսատեսակները այդ տարածքի շրջակա միջավայրի ու բնակչության կենսապահովման անբաժանելի մասն են:

Արցախի ջրերում տարածված 17 տեսակ ձկներից 12-ը կամ 70,8%-ը գտնվում է Սարսանգի ջրամբարում, որից օգտվում են ափամերձ տարածքների բնակիչները: Ջրի ծավալի այդպիսի կրճատումը կտրուկ բարձրացրել է ձկների խտությունը և, որպես հետևանք, ինչպես նվազեցրել կեր հայթայթելու հնարավորությունները, այնպես էլ մեծացրել ինքնաթունավորման ռիսկերը, ինչը կարճ ժամկետում հանգեցնելու է ձկների մեծամասշտաբ անկման:

Այստեղ է գտնվում նաև Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմի ցուցակի չափորոշիչներով «Կրիտիկական վիճակում» գտնվող՝

1․ փոքրասիական տրիտոնը,

2․ ափամերձ տարածքում բնակվող սիրիական սխտորագորտը,

3․ սողուններից միջերկրածովային կրիան, անդրկովկասյան սահնօձը:

Սարսանգի ջրամբարի հիմնական բնակիչներից են

1․ԲՊՄՄ Կարմիր ցուցակներում գրանցված կաթնասուններից ջրասամույրը,

2․ թռչուններից՝ փոքր ձկնկուլը և մեծ ձկնկուլը, որոնք ձվադրում են ափամերձ խիտ բուսուտներում։

Ջրամբարի չորացումը հանգեցրել է այս տեսակների բնադրագաղութների ի սպառ վերացման: Սարսանգի ջրամբարի տարածքը հանդիսանում է մի շարք քոչող ու չվող թռչունների միգրացիայի խաչմերուկ, և ջրի ծավալի նման կտրուկ ու աննախադեպ անկումը հանգեցրել է նաև այդ թռչնատեսակների որոշակի կորստի և միգրացիոն ուղիների փոփոխության:

Ընդհանուր տեղեկություններ

Սարսանգի ջրամբարի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է ջրային հաշվեկշռի բաղադրիչների մեծություններով, որն էլ իր հերթին կախված է տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններից, ինչպես նաև ջրամբարից բաց թողնվող ջրի ծավալներից։

Բացի հունվարի 9-ից Հայաստան-Արցախ էլեկտրամատակարարման շարունակական խափանումից, ինչպես մինչ այդ, այդպես էլ Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանը պարբերաբար, իսկ մարտի 22-ից արդեն վերջնականապես խափանել է նաև Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով գազի մատակարարումը: Դա ևս հանգեցրել է հումանիտար և տնտեսական լրջագույն խնդիրների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ներքին սպառման ու արտադրության անխուսափելի աճի և էլեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնվածության:

Հանրապետության Էլեկտրաէներգիայի մատակարարման նպատակով վերջին ամիսներին Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի արդյունքում վերջին մի քանի ամսվա ընթացքում, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա կլիմայի չորությամբ, ինչի պատճառով մակարդակն իջել է շուրջ 33 մետրով: Մայիսի սկզբի դրությամբ՝ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 միլիոն մ3 (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 միլիոն մ3: Թեև վերջին օրերին արձանագրված մեծածավալ տեղումների արդյունքում մի քանի միլիոն մ3-ով վերականգնվել են ջրամբարի պաշարները, սակայն դա խիստ ժամանակավոր բնույթ է կրում, և սեղմ ժամկետում, տեղումների նվազմամբ պայմանավորված, ջրի մակարդակը սկսելու է կրկին իջնել:

Եթե կարճ ժամկետում չվերականգնվի Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագծով էլեկտրամատակարարումը, Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն արագորեն սպառվելու են՝ հանգեցնելով վերոնշյալ ու այլ հիմնախնդիրների սրման և ամբողջական հումանիտար ու բնապահպանական աղետի:

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն իրականացնում է Սարսանգի ջրամբարի բնապահպանական իրավիճակի մշտադիտարկում, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելի համակողմանիորեն գնահատել շարունակվող բնապահպանական աղետի հետևանքները:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով