«Ցրտահարությունը մաշկի և ստորադիր հյուսվածքների վնասումն է միջավայրի ցածր ջերմաստիճանի պայմաններում»,- ասում է այրվածքաբան Սոն Բրուտյանը և հավելում․ «Առավել հաճախ ցրտահարվում են մարմնի ծայրամասային, առավել վատ սնուցվող հատվածները` քթի ծայր, ականջախեցիներ, թշեր, կզակ, վերին և ստորին վերջույթների մատեր»։
Ըստ այրվածքաբանի, ցրտահարության զարգացմանը կարող են նպաստել հետևյալ գործոնները՝
1․ սեղմող, թաց հագուստ,
2․ քամի,
3․ծայրամասային արյունաշրջանառության վրա ազդող ընդհանուր հիվանդություններ` ՇԴ, աթերոսկլեռոզ, ինչպես նաև` ալկոհոլի քրոնիկ չարաշահում, ծխելու անամնեզ, նախկինում ունեցած ցրտահարություններ, բարձր լեռնային (թթվածնի ցածր խտությամբ) շրջաններում լինելը։
Ռիսկի խմբում են նաև մանկահասակ և տարեց պացիենտները։
Որոնք են ցրտահարության նշանները
1․ Սառը, խիստ գունատ մաշկ։
2․ Տվյալ հատվածում ծակծկոցների, թմրածության զգացում։
3․ Հյուսվածքների, կարմրավունից մինչև մուգ կապտավուն երանգ։
4․ Լարված և փայլուն մաշկ։
5․ Բշտերի առկայություն։
«Կարևոր է տարբերել ցրտահարությունը, որը հյուսվածքների` միջավայրի ցածր ջերմաստիճանային պայմաններում առաջացող տեղային վնասում է, և ընդհանուր սառեցումը, որը մարմնի և օրգանիզմի վրա միջավայրի ընդհանուր ազդեցությունը նկարագրող ախտաբանական վիճակ է և կարող է ընդհուպ մահվան պատճառ դառնալ»,- ասում է բժիշկն ու հավելում, որ ցրտահարությունը անտեսելու դեպքում հյուսվածքները, որոնք արդեն իսկ հայտնվել էին թերսնուցվող վիճակում, կարող են մեռուկանալ` արյունամատակարարման շարունակական վատացման և վնասման խորացման հետևանքով։
Մասնագետը նաև հորդորում է․ «Չի կարելի ձյունով շփել ցրտահարված հատվածները, ալկոհոլ օգագործել, կտրուկ տաքացնել օրինակ` տաք ջրի մեջ ընկղմելով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թողնել մեկնաբանություն