Օրերս, Science պարբերականում ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանի համահեղինակությամբ լույս է տեսել “Dual domestications and origin of traits in grapevine evolution” (IF 47.728) հողվածը։ Որում անդրադարձ է կատարվում Հայաստանի խաղողի յուրահատուկ գենետիկական բազմազանությունը։
Eco.am սոցիալական հարթակը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից տեղեկացավ, որ 4 տարվա ընթացքում ամբողջ աշխարհից հավաքված 3525 վայրի և մշակովի խաղողների ամբողջական գենոմների ուսումնասիրությունը ցույց տվել մի քանի կարևոր հանգամանք․
1․ Խաղողը տնայնացվել է ոչ թե 8000, այլ 11000 տարի առաջ, միաժամանակ երկու կենտրոններում զուգահեռ՝ Կովկասում և Արևմտյան Ասիայում։ Հետևաբար, հերքվում է մինչ այժմ շրջանառվող վարկածը, որ խաղողն ունի տնայնացման միայն մեկ հիմնական օջախ։
2․ Վայրի խաղողը սկսել է բաժանվել 2 հիմնական էկոտիպերի՝ Syl-W և Syl-E, շուրջ 500000 տարի առաջ՝ Պլեյստոցենի ժամանակաշրջանում, իսկ 56000 տարի առաջ արդեն առաջացել են Syl-E1 և Syl-E2 էկոտիպերը, որոնք էլ տնայնացվել են միաժամանակ երկու առանձին կենտրոններում՝ 11000 տարի առաջ։
3․ Կովկասում ի սկզբանե տնայնացվել է գինու, իսկ Արևմտյան Ասիայում՝ սեղանի խաղողը։
4․ Խաղողի պտղամաշկի սպիտակ գունավորումն ապահովող «white berry alleles» ալելներն առաջացել են ոչ թե տնայնացումից հետո, այլ առկա են եղել վայրի խաղողի բնական պոպուլյացիայում նախքան տնայնացումը։
5․Տնայնացման օջախ հանդիսացող մեր տարածաշրջանից պրակտիկորեն միգրացիա տեղի չի ունեցել, իսկ Արևմտյան Ասիայից՝ 4 հիմնական ուղիներով խաղողը սփռվել է աշխարհով մեկ։
Ինչպես նշվում է, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականները այս փաստն արդեն իսկ դիտարկել էին` հիմնվելով ֆրագմենտային սեքվենավորման իրենց ունեցած տվյալների վրա, որը թույլ է տվել հայտնաբերել բոլորովին նոր ալելային բազմաձևություն, տիպիկ միայն խաղողի հայկական պոպուլյացիային։
Հայաստանի խաղողի յուրահատուկ գենետիկական բազմազանությունը նոր հնարավորություններ է ստեղծում մեր երկրում զարգացնելու «խելացի» և տվյալահեն խաղողագործությունը և գինեգործությունը, նոր հորիզոններ է բացում խաղողի գենոմային, կենսաինֆորմատիկական և ռեզիստենտ սելեկցիայի հետազոտությունների համար։
Թողնել մեկնաբանություն