Օրերս Երևանում տեղի ունեցավ Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որին արդեն իսկ մասնակից են դարձել տասնյակ բնապահպանական կազմակերպություններ, հարյուրավո՜ր հյուրեր, որոնց բոլորին միավորել է մեկ գաղափար՝ անել առավելագույնը բնության պահպանության համար։ Այս տարի Փառատոնի շրջանակում ցուցադրվել են 30 ֆիլմեր աշխարհի տարբեր ծայրերից, տեղի ունեցան մի քանի ակտիվ աշխատարաններ և ցուցահանդեսներ։ Մայիսի 24-ից 28-ը բնապահպանության կարևորության թեման թևածում էր Երևան քաղաքի երկնքում։
Մայիսի 24-28-ը Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում Հայաստանի Կինոգործիչների միության շենքում միաժամանակ ընթացան մի քանի միջոցառումներ՝ Երիտասարդական անկյուն, որին ներկայացված էին տասնյակ բնապահպանական կազմակերպություններ և այցելուներին պատմեցին իրենց գործունեության մասին, Ձրի շուկա, որը ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասին է, ինչպես նաև՝ ֆիլմերի ցուցադրություններ։
FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն իր բացման խոսքում ընդգծել է, որ Փառատոնն արդեն «հասունացել է» և կարողանում է գոյություն ունենալ անկախ բազմաթիվ հանգամանքներից, ինչը մեծ աշխատանքի և նվիրվածության արդյունք է։
Հայաստանի Կինոգործիչների միության շենքում է գտնվում նաև «Փխրուն տարածություն» խորագրով խմբային ցուցադրությունը, որը նպատակ ունի կրթելու, ոգեշնչելու և հզորացնելու այցելուներին՝ դարձնելով մեր մոլորակի առողջության պահպանման և վերականգնման ակտիվ մասնակիցները։ Ցուցադրության շրջանակում աշխարհի տարբեր երկրների արվեստագետները միավորվել են՝ օգնելու մոլորակին ու մարդկությանը։ Ցուցադրության մասնակից դոկտոր Ալեքս Ֆրոստը նաև վարպետության դաս է անցկացրել, պատմելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոչ ավանդական լուծումների մասին։
Բացի այդ տեղի է ունեցել «Ծառերը մանրադիտակի տակ» Էկոկրթական աշխատարանը, որը «Էկոս» էկոկրթական, մշակութային ՀԿ-ի նախագահ Նելլի Եղոյանն է անցկացրել։ Աշխատարանի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ծառերի նշանակության, տարբեր արժեքավոր տեսակների, նրանց առանձնահատկությունների հետ, կարողացել են ինքնուրույն բուսական նմուշ պատրաստել և ուսումնասիրել մանրադիտակով։
«Լաթե» բնապահպանական ՀԿ-ի կողմից «Արվեստ հագուստի թափոններից» աշխատարանն է իրականացվել, որը կայուն սպառման և կտորին երկրորդ կյանք տալու մասին է։ Այս յուրահատուկ վարպետության դասը զարգացնում է մարդու երևակայությունը և նպաստում է կայուն ապագայի ձևավորմանը:
Նորաձևության տան հիմնադիր Գալին Վարդանյանի հետ քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ արդյո՞ք նորաձևությունը վնասում է բնությանը, իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ կլիմայի փոփոխման վրա։ Ներկաները բացահայտել են իրենց հագուստի անցած ճանապարհը և ծանոթացել արագ նորաձևության արդյունաբերության բնապահպանական հետևանքների մասին: Թափոններից և աղտոտումից մինչև աշխատանքային անհավասար պայմաններ․ արագ նորաձևությունն էական բացասական ազդեցություն ունի մեր մոլորակի վրա:
Էկոմոտիվ-ի Լուսինե Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում ներկաները խոսել են գյուղատնտեսությունից՝ հենց քաղաքի սրտում։ Դասընթացի ընթացքում ներկայացվել է, թե ինչպես աճեցնել սեփական սնունդը նույնիսկ սահմանափակ քաղաքային տարածքներում և նպաստել ավելի առողջ, ինքնաբավ համայնքներ ստեղծելուն:
Մայիսի 27-ին, «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչ Արփինե Գալֆայանի հետ քննարկվել է կլիմայի փոփոխության հետ կապված հրատապ խնդիրները և երիտասարդության կենսական դերը կայուն ապագայի ձևավորման գործում: Իսկ «Բնության թևավոր սանիտարներ» խորագրով հանդիպումը, որի շրջանակներում ներկայացվել են սպիտակ արագիլի շրջանում առկա աղտոտվածության հիմնախնդիրը, ինչպես ենք մենք ազդեցություն ունենում վերջինիս վրա։ Թեմայի մասին խոսել են NABU հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Լուսինե Աղաջանյանը։ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» համահիմնադիր Իրինա Մկրտչյանը խոսել է բնության և սոցիալական ձեռներեցության մասին։
Թողնել մեկնաբանություն